Վեհափառը խոսել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակի մասին - Mediamax.am

2116 դիտում

Վեհափառը խոսել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակի մասին



Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մայր Աթոռում հանդիպում անցկացնող Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի անդամներին:

Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցները քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության եւ հիվանդաց օծման խորհուրդների վրա:

 

Ամենայն Հայոց Հայրապետին հանձնախմբի աշխատանքների մասին տեղեկություններ են փոխանցել Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի) եւ Կահիրեի Ղպտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբա Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի):

 

Վեհափառ Հայրապետը ողջունել է հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է մշտապես հյուրընկալելու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին:

 

Անդրադառնալով Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին ու քննարկումներին, Վեհափառը կարեւոր է նկատել նման երկխոսությունները, որոնք վեր են հանում Եկեղեցիների միջեւ ինչպես ընդհանրությունները, այնպես եւ աստվածաբանական եւ եկեղեցաբանական ընկալումներում առկա տարբերությունները:

 

Վեհափառ Հայրապետը նաեւ իր մտահոգությունն արտահայտեց աշխարհիկացման գործընթացների հետեւանքով հասարակական կյանքում արձանագրվող հոգեւոր-բարոյական արժեքների նահանջի եւ խեղաթյուրման վերաբերյալ, ինչը հիմնական պատճառն ու շարժառիթն է դառնում այսօր աշխարհում տեղ գտնող ողբերգությունների եւ կորստաբեր երեւույթների:

 

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ծանր վիճակին` Նորին Սրբությունը կարեւորել է Եկեղեցիների միասնական հետեւողական ջանքերն ի պաշտպանություն քրիստոնեական համայնքների իրավունքների եւ տարածաշրջանում քրիստոնեական ներկայության` աղոթք վերառաքելով նահատակների համար, որոնք ծայրահեղականների եւ ահաբեկչական միավորումների բռնարարքների զոհ են դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին