Հանձնվել են 2017թ. պետական մրցանակները - Mediamax.am

4231 դիտում

Հանձնվել են 2017թ. պետական մրցանակները


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում:

 

Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում պետական մրցանակների են արժանացել Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության եւ հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադեւոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) եւ Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

 

Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լեւոն Ազնաուրյանը (հետմահու) եւ Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

 

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը եւ մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

 

«Մենք գիտենք, որ առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ: Գիտենք նաեւ, որ ունենք հին ու հարուստ գրականություն, արվեստ ու գիտություն: Բայց մեզ համար կենսական կարեւոր է այսօրը՝ ներկան՝ այսօրվա հայաստանցին ու նրա գործերը: Նաեւ շատ կարեւոր է Հայաստանում առկա ստեղծագործական մթնոլորտը: Այդ միջավայրն է օգնում կամ խանգարում նոր հաջողված գործերի, ինչու ոչ՝ նոր գլուխգործոցների ի հայտ գալուն: Հետեւաբար ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ դրականորեն ազդելու մեր ընդհանուր միջավայրի վրա»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահն իր ափսոսանքն է հայտնել, որ որոշ անվանակարգերում այս տարի չեն եղել մրցանակակիրներ:

 

«Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի մշակույթի, գիտության եւ կրթության նախարարներին, որպեսզի նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին