2017-ի Մեդիամաքսի լավագույն 10 հարցազրույցները - Mediamax.am

exclusive
24834 դիտում

2017-ի Մեդիամաքսի լավագույն 10 հարցազրույցները


Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր

Լուսանկարը` Nicolas Aznavour

Գալինա Տիմչենկո
Գալինա Տիմչենկո

Լուսանկարը` REUTERS

Կարապետ Անդրանիկյանը
Կարապետ Անդրանիկյանը

Լուսանկարը` Lina P.A.Nguyen

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Հրայր Բադալյան

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Միշել Մայոր
Միշել Մայոր

Լուսանկարը` starmus.com

Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյան

Լուսանկարը` Photolure

Յոսի Մելման
Յոսի Մելման

Լուսանկարը` Բեռլինի կինոփառատոն

Էդվարդ Ջերեջյան
Էդվարդ Ջերեջյան

Լուսանկարը` Էդգար Բարսեղյան


2017 թվականին Մեդիամաքսը տարբեր հարցազրույցներ է հրապարակել՝ քաղաքական գործիչների, արվեստագետների, գիտնականների եւ լրագրողների հետ: Տարեվերջին ընտրել ենք դրանցից 10-ը՝ առանձնացնելով որոշ հատվածներ:

 

Կարեն Կարապետյան. «Չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»

- Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որեւէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

 

Արմեն Օրուջյան. FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է

- FAST-ի նպատակները ամբողջական են։ Մենք ցանկանում ենք ստեղծել ամբողջական էկոհամակարգ, որն առաջ կմղի տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջընթացը։ Դա անելու համար անհրաժեշտ է թիրախավորել բոլոր կարեւոր միջոցները՝ մտավոր, ֆինանսական, ցանցային՝ ստեղծելով «ցունամի», որն իրար հետեւից ալիքներ է բերում:

 

Կարապետ Անդրանիկյան. Համատեղե՛ք ինտելեկտն ու էմոցիաները

- Ես կփոխեի բարձրագույն կրթության ամբողջ համակարգը: Տեխնոլոգիաներն արագ զարգանում են, եւ Հայաստանը պետք է փորձի բարեփոխումներ կատարել բուհական ոլորտում, պարզել՝ բոլոր համալսարանները կամ նույնիսկ դրանցից շատերն արդյոք պե՞տք է, որ զբաղվեն հետազոտական աշխատանքներով: Հետազոտությամբ զբաղվելը մեծ գումարներ է պահանջում, այնպես որ, գուցե հարկավոր է դասակարգել համալսարանները ըստ այն ուղղությունների, որոնք կարեւոր են տարածաշրջանի համար:

 

Գալինա Տիմչենկո. Աուդիոյի վերածնունդը թրենդ կդառնա

- Ի՞նչ է անում լրագրողը՝ պատմություն է պատմում: Յուրաքանչյուր տաղանդավոր մարդ, որը պատմություն է պատմում, կարող է լրագրող դառնալ, սակայն նաեւ պետք է տիրապետի մի շարք կարեւոր հմտությունների: Լրագրողի դիպլոմը այդ հմտությունների ձեռքբերումն ամենեւին չի երաշխավորում:

 

Լարիսա Հովհաննիսյան. Կարեւոր է յուրաքանչյուր երեխան

- Շատ հաճախ կրթական համակարգի խնդիրները պայմանավորված են ոչ թե նրանով, որ ոլորտի պատասխանատուները չեն ցանկանում որեւէ լավ բան անել, այլ պարզապես շատերը հեռու են այն իրականությունից, որն առկա է դպրոցներում, հատկապես՝ մարզերում: Հավանաբար, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ չեն դասավանդել դպրոցներում եւ անձամբ չեն առնչվել այդ խնդիրներին: Անհնար է կազմել արդյունավետ ծրագիր կրթական ոլորտի համար, եթե չես շփվում աշակերտի հետ, ով տեսնում է հորը տարվա մեջ լավագույն դեպքում մի քանի շաբաթ, դպրոց է գալիս կիսասոված, չունի նորմալ կոշիկ եւ չգիտի, ինչպես օգնել մորը կերակրել եղբորն ու քույրերին:

 

Յոսի Մելման. Ադրբեջանի թիվ մեկ հանրային թշնամին դարձա

- Ես դարձա Ադրբեջանի թիվ 1 հանրային թշնամին: Ադրբեջանական լրատվամիջոցներում մի քանի սարսափելի, կեղտոտ հոդվածներ հրապարակվեցին, որոնցում ինձ անվանում էին «հայկական լոբբիի գործակալ», «թուլամորթ լրագրող», «կաշառված լրագրող» եւ այլն:

 

Էդվարդ Ջերեջյան. «Կապիտալիզացրե՛ք հայկական ինքնությունը»

- Անկախ միջազգային իրադրությունից, Հայաստանը պետք է ձգտի հայտնվել այնպիսի իրավիճակում, որն իրեն թույլ կտա առաջ մղել իր ազգային շահերը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք առանցքներով: Դա պետք է դառնա հայկական քաղաքականության կոնստանտը՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը. քաղաքականության մեջ աշխարհագրությունը շատ դեպքերում ճակատագրական նշանակություն է ունենում:

 

Միշել Մայոր. Հետհայացք ապագային կամ կյանք Երկրից դուրս

- Այո, ես ընդունում եմ, որ կյանքը կանոնավոր երեւույթ է, որն առաջանում է տիեզերքի զարգացման ընթացքում, դրա համար էլ բազմաթիվ մոլորակների վրա պետք է լինի: Այդ տեսանկյունից իմ հետազոտությունները հենց դրա համար էլ կատարվում են, որովհետեւ մենք գտնում ենք, որ կյանք կարող է լինել նաեւ այլ մոլորակների վրա, երկիրը միակը չէ:

 

Վիտալի Բալասանյան. Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարան էր

- Բանակում հիմա զգոնությունը շատ բարձր է: Ամեն բան իր տեղում է, բայց կամ մի «բայց». ամեն ինչ պետք է անենք պատերազմը հեռու պահելու համար: Դա մեզ համար չէ, որ ասում եմ. դատելով Հայաստանի եւ Արցախի նախագահների ելույթներից եւ փոխգործակցության պլանի առկայությունիցˋ նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու:  Տա Աստված, որ չգա այդ օրը, այլապես, վստահ եմ, Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունենալու:

Շառլ Ազնավուր. «Մոտեցեք ճիշտ դռներին եւ բացեք դրանք»

- Ես շատ հետաքրքրասեր եմ եւ ինձ համար երբեք սահմաններ չեմ դրել, ինձ հետաքրքիր է եղել այլ մշակույթներ բացահայտել, գրավել աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդկանց սրտերը եւ ես ամեն ինչ եմ արել դրա համար։ Սա նաեւ ֆիզիկական մեծ աշխատանք է։ Երբ երիտասարդ էի, մեկ օրվա մեջ երեք համերգ էի ունենում` ցերեկը, երեկոյան եւ գիշերը։ Վերջին չվերթով թռչում էի մեկ այլ քաղաք եւ հաջորդ օրը շարունակում նույն ոգով։ Քչերը կարող են նման ռիթմի դիմանալ, երեւի դա է պատճառը, որ 92 տարեկանում դեռ շարունակում եմ ելույթներ ունենալ ամբողջ աշխարհում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին