«ԷկոԼաբը» շարունակում է աջակցել համայնքների զարգացմանը - Mediamax.am

4281 դիտում

«ԷկոԼաբը» շարունակում է աջակցել համայնքների զարգացմանը


Լուսանկարը` http://ecolab-program.net


Երեւան: Մեդիամաքս: «ԷկոԼաբ» հիմնադրամն այսօր ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները։

2011թ. Հայաստանում գործունեություն ծավալող հիմնադրամը երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրեր է իրականացում՝ կրթելով առաջադեմ եւ սոցիալապես պատասխանատու երիտասարդների, որոնք ցանկանում են իրենց ժամանակն ու ջանքերը ներդնել իրենց համայնքների խնդիրների լուծման համար:

 

Հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ իրականացվող ծրագրերի արդյունքում երիտասարդները ձեռք են բերում մի շարք հմտություններ, որոնք կարողանում են գործնականում կիրառել։

 

Ամեն տարի հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերի 18-24 տարեկան երիտասարդների համար մրցույթ է հայտարարում։ Ընտրվում է 25-30 երիտասարդ, որոնց փոքր դրամաշնորհներ են տրամադրվում համայնքային տարբեր ծրագրերի իրականացման համար։

 

«ֆինանսական եւ սոցիալական դժվար պայմանների, աշխատանք չգտնելու, ավելի քիչ մշակութային կյանք ունենալու պատճառով մարզերում բնակվող երիտասարդներից շատերի մոտ նկատվում է արտագաղթելու մեծ ցանկություն։ Սակայն նրանք պետք է հավատան իրենց ուժերին եւ իրենց ներդրումը ունենան համայնքների զարգացման հարցում»,- ասել է Յանա Մկրտչյանը։

 

Նրա խոսքով՝ դիմորդների թիվն ամեն տարի ավելանում է։

 

«Այս տարվա արդյունքները բավական դրական են։ Ունենք հաջողված պատմություններ, ինչը ոգեւորում է։ Ունենք մասնակիցներ, որոնց ծրագրերը վերածվել են սոցիալական ձեռնարկատիրությունների»,- ասել է նա։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից։ Այն նախնական ֆինանսավորվել է գերմանական «Ռոբերտ Բոշ Շտիֆտունգ» եւ հայկական «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամների կողմից, սակայն տարիների ընթացքում աջակիցները շատացել են։

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել է, որ Հայաստանի արդիականացումը եւ կայուն զարգացումը շատ կարեւոր է, եւ այդ տեսանկյունից հիմնադրամի կատարած աշխատանքը գնահատելի է։

 

«Հնարավորությունների տեսանկյունից՝ շատ մեծ տարբերություն կա երեւանաբնակ եւ մարզերում ապրողների միջեւ։ Նկատելի է, որ որքան հեռվանում ես Երեւանից, այնքան մարտահրավերներն ավելի շատ են։ Սակայն Հայաստանը զարգանալու մեծ ներուժ ունի»,- նկատել է դեսպանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին