2018 թվականի ամռանը Հայաստանում, վերջապես, կներդրվի էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ (ԷՏՏՀՄԱՀ): Սա նշանակում է, որ պետական եւ տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, մարզական-սպորտային կազմակերպությունների եւ ժամանցային կենտրոնների տոմսերի վաճառքը կազմակերպվելու եւ վերահսկվելու է մեկ համակարգի միջոցով:
Համակարգի ստեղծման եւ ներդրման նպատակով՝ 2017թ. սեպտեմբերին մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել: Ստացվել էր միայն մեկ հայտ. կոնսորցիումով ներկայացել էին հայկական «Էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգ» եւ ռուսական «ԻնֆոՏեխ» ընկերությունները: Վերջինն այս ոլորտում 17 տարվա փորձ ունի եւ Ռուսաստանի մշակութային ու սպորտային կազմակերպությունների 60 տոկոսը նրա միջոցով են իրականացնում տոմսերի վաճառքը: «ԻնֆոՏեխ»-ը ծառայություններ է մատուցում նաեւ Բելառուսում, Ղազախստանում եւ Ուկրաինայում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Օպերատորը տոմսերի վաճառքով չի զբաղվելու: Մշակութային, սպորտային կազմակերպությունները պայմանագիր են կնքելու օպերատորի հետ: Վերջինն էլ իր հերթին պայմանագիր է ունենալու գործակալների հետ, որոնք զբաղվելու են տոմսերի վաճառքով:
«Տոմսի վաճառքից գոյացած գումարը նստում է այս համակարգի հաշվեհամարին, հետո նա հանում է իր եւ գործակալի ծառայության տոկոսները, մնացած գումարը փոխանցում է կազմակերպչին: Իսկ եթե կազմակերպիչն է վաճառում տոմսերը, գանձվում է միայն ծառայության մատուցման գումարը: Գործակալները կարող են տոմսեր վաճառել օնլայն հարթակում: Գործակալներ կարող են դառնալ նաեւ անհատները, մշակութային հաստատությունները: Օրինակ՝ եթե Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես գա որպես գործակալ, կարող է վաճառել, ասենք, Հ. Պարոնյանի թատրոնի տոմս՝ վաճառքից ստանալով որոշակի տոկոս: Ի դեպ, գործակալն ինքն է որոշում՝ որ միջոցառման տոմսերը վաճառել»,- ասում է մրցութային հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Տոմսի վաճառքից քանի տոկոսը կպահանջի օպերատորն իր եւ գործակալի ծառայության համար, պարզ կլինի մրցութային փուլերի ավարտին: Արսեն Սողոմոնյանն ասում է, որ տոմսերի գնի բարձրացում չի լինի: Տոմսի վաճառքից պահվող տոկոսները բեռ չեն դառնա նաեւ կազմակերպությունների համար. նրանցից շատերը այսօր էլ օգտվում են գործակալի ծառայությունից:
«Հավասար մրցակցային դաշտ կստեղծվի. ով լավ աշխատի, ավելի շատ տոմս կվաճառի եւ ավելի շատ գումար կստանա: Այստեղ պետությունն էլ կշահի, որովհետեւ գործակալները կմրցակցեն, կգովազդեն միջոցառումները, որ հնարավորինս շատ այցելուներ գրավեն, տոմսերը վաճառեն»,- ասում է մրցութային հանձնաժողովի քարտուղարը:
Յուրաքանչյուր միջոցառման համար կազմակերպիչն առանձին էջ է բացելու, նշելու է տոմսերի արժեքը: Համակարգը երկու նպատակ ունի՝ հեշտացնել ու հարմարավետ դարձնել տոմսերի ձեռքբերման ընթացքը եւ բացառել ստվերային երեւույթները:
Մշակույթի նախարարությունը եւ պետեկամուտների կոմիտեն ամբողջությամբ վերահսկելու են տոմսերի շրջանառությունը: Ցանկացած պահի նրանք կարող են մուտք գործել համակարգ եւ տեսնել՝ որ միջոցառման քանի տոմս է վաճառվել եւ ինչ գնով:
Համակարգը կօգնի նաեւ զբոսաշրջիկներին նախապես պլանավորել իրենց այցն ու տոմսեր գնել նախքան Հայաստան ժամանելը: Էլեկտրոնային տոմսերի դեպքում այցելուին շտրիխ կոդ է տրվելու: Այն առկա է լինելու նաեւ թղթե տոմսերի վրա: Հանդիսատեսին դահլիճ թողնելու համար հսկիչն օգտագործելու է կոդը կարդացող սարքը:
«Այդ սարքերը, համակարգիչները եւ տպիչներ տրամադրելու է համակարգը ներդնող կազմակերպությունը: Այն նաեւ համակարգից օգտվելու դասընթացներ է անցկացնելու»,- նշում է Արսեն Սողոմոնյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ներդրման համար պետությունը գումար չի ծախսելու: Մրցույթում շահած կազմակերպությունը վարձատրվելու է համակարգի միջոցով տոմսերի վաճառքից: Եթե համակարգն արդարացնի իրեն, պայմանագիրը կերկարացվի:
Այն ներդրվելու է երեք փուլով. նախ՝ Երեւանի մշակութային, մարզական եւ ժամանցային 10 կազմակերպություններում, հետո՝ ամբողջ Երեւանում, ապա՝ բոլոր մարզերում: Պետական եւ տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող այսպիսի կազմակերպությունները Հայաստանում մոտ 100-ն են: Համակարգին կարող են միանալ նաեւ մասնավոր կազմակերպությունները:
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ներդրման ոդիսականը տեւում է 6 տարի: Դեռ 2011 թվականին մշակույթի նախարարությունը մշակել եւ նախատեսել էր ներդնել մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի միասնական համակարգ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել էր, որ համակարգը կսկսի գործել 2012-ին: Իրականությունն այն է, որ համակարգը խոստանում են գործարկել 2018թ. ամռանը:
Նշենք, որ այսօր տարբեր մշակութային միջոցառումների տոմսեր կարելի է գնել մասնավոր էլեկտրոնային հարթակների միջոցով՝ Toms.am, Tomser.am, Tomsarkgh.am եւ այլն:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: