Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր բացվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կենտրոնը ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում:
«Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները եւ փորձը՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունը` ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի այս բաղադրիչով օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերներն այս համատեղ փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ եւ պատրաստվում են այն առաջարկել նաեւ այլ երկրներում՝ որպես Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետության եւ ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու եւ իրականացնելու նպատակով արդեն գործում է ընդգրկուն աշխատանքային խումբ:
«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը եւ կատարած աշխատանքը լավ օրինակ կծառայեն, թե ինչպես են համագործակցում պետությունը եւ ՄԱԿ-ը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի Հայաստանում առկա խնդիրների լուծմանը:
Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության, վերլուծությունների իրականացման եւ բարձրակարգ մասնագետների ներգրավման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը եւ արագացնելու «Օրակարգ 2030»-ի իրականացման գործընթացը:
Կենտրոնն արդեն իսկ համագործակցում է Stanford Change Labs-ի, UN Global Pulse-ի, The Behavioral Insights Team-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: