Երեւանը կրոնական խմբերի պաշտպանությանը նվիրված համաժողով կհյուրընկալի - Mediamax.am

9186 դիտում

Երեւանը կրոնական խմբերի պաշտպանությանը նվիրված համաժողով կհյուրընկալի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 22-ին Երեւանում կկայանա «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն եւ կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը:

Այս մասին այսօր տեղեկացրել է Էդվարդ Նալբանդյանը՝ Պալերմոյում մասնակցելով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։

 

«Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածքի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է:

 

Անդրադառնալով վերջին տարիներին փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի փորձին՝ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

 

«Սա մի շարք խնդիրների առջեւ կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։

Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում եւ մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները եւ գրավիչ գործարար միջավայրը»,- ասել է նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը նաեւ փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին