«Սահմանափակումները մեզ մղելու են դեպի նորարար լուծումներ» - Mediamax.am

7971 դիտում

«Սահմանափակումները մեզ մղելու են դեպի նորարար լուծումներ»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները մարտահրավեր են նաեւ ՀՀ կրթական համակարգի համար։

Այս մասին վարչապետն ասել է այսօր՝ Երեւանի Հայ-Ռուսական համալսարանի եւ Թել Ավիվի Բորիս Մինց ինստիտուտի՝ Անցումային շրջանում գտնվող տնտեսությունների զարգացման հիմնահարցերին նվիրված համատեղ ֆորումի բացմանը:

 

«Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի եւ ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ՝ այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն եւ թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն եւ բիզնես, կենսաբանություն եւ ՏՏ տեխնոլոգիաներ եւ այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլեւ case study-ների միջոցով։

Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքների, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։

 

Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն եւ նորարար։ Պետք է մշտապես մտածել թերությունները կամ բացերն առավելություններ դարձնելու վրա։ Պետք է գիտակցել, որ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են դեպի նորարար լուծումներ»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ հենց այդ նպատակով կառավարությունը մշակել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Թվային օրակարգը եւ այլ քաղաքականություններ։

 

«Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու համար։ Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առեւտրի հատուկ ռեժիմ կունենա ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ՝ սա կարող է հետաքրքրական հնարավորություններ ստեղծել ներդրողների համար»,- ասել է Կարեն կարապետյանը։

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2018-ից սկսած ամեն տարի կազմակերպվելու է մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում:

 

«Մեր առավելությունը մեր փոքրությունն է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու եւ մեր ներդրողների համար արդյունավետ լուծումներ առաջարկելու հնարավորություն»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին