ՄԱԿ-ն աջակցում է «Նաիրիտ»-ում քիմիական իրավիճակի գնահատմանը - Mediamax.am

6211 դիտում

ՄԱԿ-ն աջակցում է «Նաիրիտ»-ում քիմիական իրավիճակի գնահատմանը


Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան է ժամանել միջազգային երեք փորձագետներից կազմված խումբը՝ գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։

Նախօրեին փորձագիտական խմբին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

 

Փորձագետները Հայաստանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խնդրանքով: Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/OCHA) օժանդակությամբ:

 

Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել սեպտեմբերի 10-ին, հանդիպել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի, «Նաիրիտ»-ի ղեկավարության հետ եւ այցելել գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետեւանքով այրված պահեստարաններին ու գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերի կառավարման հետ կապված իրավիճակին:

 

Փորձագիտական խումբը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է առաքելության նպատակները եւ գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ փոխանցել տեղում իրավիճակի վերաբերյալ տպավորությունները:

 

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առաքելությունը կգնահատի «Նաիրիտ» գործարանում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը եւ կանխարգելման ու ազդեցության մեղմացման վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը։

 

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը կարողացել էր արագորեն տեղայնացնել կրակը «Նաիրիտ»-ում, սակայն հրդեհի լիարժեք մարման համար ավելի երկար ժամանակ էր պահանջվել։ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը մոնիտորինգ էր անցկացրել՝ հաղորդելով, որ օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում վտանգավորության սահմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին