Ֆրանս-գերմանական մրցանակը կխրախուսի խտրականության դեմ պայքարը - Mediamax.am

8399 դիտում

Ֆրանս-գերմանական մրցանակը կխրախուսի խտրականության դեմ պայքարը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանություններն այսօր նոր նախագիծ են մեկնարկել՝ ուղղված Հայաստանում խտրականության կամ տարբերակված մոտեցման դեմ պայքարին։

Հայաստանում առաքելությունն ավարտող՝ Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասել է, որ «Ֆրանս-գերմանական մրցանակ՝ հանուն հավասար հնարավորությունների» նախագծի թեման ընտրվել է համատեղ եւ նպատակ ունի հանրության մեջ առավել ընդգրկուն ներկայության հնարավորություն ընձեռել մրցանակակրին։

 

€1000 պարգեւը կտրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցողների, որբերի եւ հասարակության այլ խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում։

 

«Մենք ցանկանում ենք արժանին մատուցել Հայաստանում մարդու իրավունքների պաշպանության գործում մեծ ներդրում ունեցած անձանց»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

 

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նշել է, թե «որեւէ հասարակություն կատարյալ չէ՝ լինի դա գերմանական, ֆրանսիական կամ հայկական»։

 

«Այս մրցանակաբաշխությամբ ցանկանում ենք նաեւ մեր երախտիքի խոսքը հայտնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են այս ոլորտում»,- ասել է Գերմանիայի դեսպանը։

 

Մրցույթին կարող են մասնակցել անհատ անձիք, հիմնադրամներ, շահույթ չհետապնդող կառույցներ։ Խտրականության դեմ պայքարի մասին վկայող բոլոր նյութերը գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն կամ հայերեն լեզուներով պետք է մինչեւ հոկտեմբերի 31-ը ուղարկել info@eriw.auswaertiges-amt.de եւ frederique.reinbold@diplomatie.gouv.fr հասցեներով։

 

Նոյեմբերին երկու դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին կընտրի լավագույն աշխատանքը։

 

Նախագծի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 11-ին։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին