«ՏաԹեւեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին - Mediamax.am

8287 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների։

Սեպտեմբերի 8-ին ճոպանուղին սպասարկեց այս տարվա հարյուր հազարերորդ (100.000-րդ) ուղեւորին՝ նա երեւանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, ով Տաթեւ էր այցելել ընտանիքի հետ։

 

«Տաթեւի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան հանձնեց 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաեւ նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹեւեր» հյուրատան, «Տաթեւի տուր» երթուղու եւ «Տաթեւատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։

 

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹեւեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղեւորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹեւեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլեւ ճոպանուղու կառուցման ժամկետները՝ 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը։

 

2010թ․ հոկտեմբերից օրս ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600 հազար ուղեւորի։

 

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթեւի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային եւ հոգեւոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ եւ տեղական համայնքների զարգացմամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին