«Թող Կովկասի սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը» - Mediamax.am

5533 դիտում

«Թող Կովկասի սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Այսօր մենք՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության եւ անվտանգության։

 

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետեւողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը եւ միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։

 

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության  վրա։

 

Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջեւ մենք՝ մեր ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

 

Աղոթում ենք խաղաղության պահպանման եւ հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար եւ առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական եւ հասարակական գործիչներին։

 

Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների եւ ընչազուրկների համար, վկայել հոգեւոր եւ բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ եւ արդար ուղիներ։ Խիստ կարեւոր է հրաժարվել ռազմատենչ եւ թշնամական հռետորաբանությունից։

 

Կոչ ենք ուղղում համապատասխան անձանց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին եւ հայտնվել են գերության մեջ։

 

Իբրեւ հոգեւոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար` խիստ կարեւոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

 

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության եւ փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության եւ ավանդական բարոյականության ոգով։

 

Մենք, որպես հոգեւոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջեւ պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգեւոր առաջնորդներիս, անխոնջ եւ հետեւողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության եւ բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

 

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության եւ բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման եւ չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց եւ սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ եւ խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին