Անդրեյ Պյատախինը՝ իր մի քիչ հայ լինելու եւ այգիների պակասի մասին - Mediamax.am

exclusive
26478 դիտում

Անդրեյ Պյատախինը՝ իր մի քիչ հայ լինելու եւ այգիների պակասի մասին


Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է այստեղ ապրելու եւ աշխատելու առանձնահատկությունների մասին։

 

***

 

Երբ ընտանիքիս հետ շուրջ հինգ տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան, ինձ համար շատ կարեւոր էր հասկանալ, թե այս երկիրը ինչպես է շնչում, մտածում, ինչպիսի պատմություն, մշակույթ, ավանդույթներ ունի։ Այսօր արդեն կարող եմ հստակ ասել, որ ես մի քիչ հայ եմ։ Դա նկատել են նաեւ ընկերներս։ Նրանք ասում են, որ սկսել եմ հայերի նման շատ կատակել եւ ռեստորանում բոլորի փոխարեն վճարել։

 

Մեծ հարգանքով եմ վերաբերում այստեղի ավանդույթներին եւ դրանք դարձել են իմ կյանքի մի մասը, ինչի համար անասելի ուրախ եմ։

 

Շաբաթը երկու անգամ մեկական ժամ եմ տրամադրում հայերենի ուսուցմանը, սակայն տխրում եմ, որ դեռ չեմ կարողանում վարժ խոսել ձեր գեղեցիկ լեզվով։ Երբ խանութում, շուկայում կամ մեկ այլ վայրում փորձում եմ հայերեն խոսել, մարդիկ հիմնականում ասում են․ «Մի տանջվի՛ր, ռուսերեն ասա, մենք հասկանում ենք»։

Անդրեյ Պյատախինը Անդրեյ Պյատախինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայերը շատ ջերմ ու բարյացակամ են եւ զարմանալի վերաբերմունք ունեն հյուրերի նկատմամբ։ Նրանք կարող են վիճել, բայց եթե այդ պահին հյուր գա, մթնոլորտն անմիջապես փոխվում է։ 

 

***

 

Հայաստանի եւ Ռուսաստանի հասարակությունները բավական նման են, բայց Ռուսաստանում տարեց մարդկանց եւ երեխաների հանդեպ վերաբերմունքն այնքան ջերմ չէ, ինչքան այստեղ է։ Հանրային վայրերում անհնար է չնկատել, թե մարդիկ ինչպիսի հարգանքով եւ սիրով են շփվում տարեցների եւ երեխաների հետ։

 

Հայերը շատ են կարեւորում բարեկամների հետ մշտական կապի մեջ լինելը։ Ազգակցական կապերն ամուր պահելու ավանդույթը շատ վառ արտահայտվում է հարսանիքներում, որոնց հնարավոր է 400-700 մարդ մասնակցի։ Կարծում եմ, որ նորապսակները հրավիրվածներից շատերին չեն ճանաչում։ Ռուսները հիմնականում այդքան բազմամարդ հարսանիքներ չեն կազմակերպում։ Հնարավոր է՝ դա վատ է, քանի որ հարազատության միջեւ կապը կորում է։ Օրինակ, հեռավոր զարմիկներիս հետ շուրջ 20 տարի չեմ շփվել, իսկ Հայաստանում նման բան անհնար կլիներ։

 

***

 

Նկատել եմ, որ այստեղ նախընտրում են ազատ ժամանակն անցկացնել սրճարաններում կամ ռեստորաններում։ Հայերը շատ են սիրում ուտել։ Դա, երեւի նրանից է, որ հայկական կերակուրները, մրգերն ու բանջարեղենը շատ համեղ են։

 

Շատ էի զարմացել, երբ տեսա, որ Հայաստանի որոշ մարզասրահներում վաճառում են ալկոհոլային խմիչքներ։ Կան մարդիկ, որ իբր գնում են մարզվելու, բայց իրականում մոտենում են բարին, խմում եւ ծխում են։

 

***

 

Հայերի հետ աշխատելու առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հայ ներքուստ գործարար է։ Դա շատ վառ է արտահայտված: Ռուսները կամ վրացիները այդպիսին չեն։ Նկատել եմ նաեւ, որ եթե ինչ-որ բան արվում է երկրի համար, ապա հայերի մոտ աշխատելու մոտիվացիան ավելի է մեծանում։

Անդրեյ Պյատախինը Անդրեյ Պյատախինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուսաստանի համեմատ՝ այստեղ բարձրաստիճան պաշտոնյաները բավական հասանելի են։ Իմ երկրում որեւէ պաշտոնյայի հետ հանդիպելու համար շատ երկար բյուրոկրատական գործընթաց է պահանջվում։ Իսկ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հասանելիությունը բավական բարձր է, ինչը շատ ողջունելի է։  

 

***

 

Շատ եմ սիրում շրջագայել Հայաստանով եւ կցանկանայի ավելի լավ ճանապարհներ տեսնել, քանի որ դրանց վատ որակը մի քանի անգամ երկարացնում է տեղափոխման ժամանակը եւ ազդում է մարդկանց նյարդերի վրա։ Ակնհայտ է, որ զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ այցելել Հայաստան, բայց շատ հաճախ դժվար է լինում ինչ-որ տեղ հասնել ճանապարհների ոչ բարվոք լինելու պատճառով։ Կարծում եմ, դրանց բարելավումը լրիվ իրագործելի խնդիր է։

 

Երեւանում եւ Հայաստանի մյուս մեծ քաղաքներում զբոսայգիների ստեղծումը եւս շատ կարեւոր է, քանի որ մարդիկ հատկապես շոգ եղանակին այգիներում զբոսնելու մեծ ցանկություն ունեն, իսկ դրանք քիչ են։

 

Ինձ եւ ընտանիքիս չի բավարարում նաեւ այն, որ երկրում մշակութային իրադարձությունները բավական քիչ են։ Ցանկալի կլիներ, որ միջազգային մակարդակի միջոցառումները շատ լինեին։

 

***

 

Հայաստանը շատ գեղեցիկ, ջերմ երկիր է եւ աշխարհին առաջարկելու շատ բան ունի: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շուտով լրանում է պայմանագրիս ժամկետը, բայց շատ եմ ցանկանում շարունակել մնալ այստեղ, քանի որ շատ եմ սիրում այս երկիրը։

 

Կարդացեք նաեւ.

 

Ուլֆ Հարբորգը՝ Հայաստանի հոգու եւ խելագար վարորդների մասին

Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին