Ուլֆ Հարբորգը՝ Հայաստանի հոգու եւ խելագար վարորդների մասին - Mediamax.am

exclusive
11612 դիտում

Ուլֆ Հարբորգը՝ Հայաստանի հոգու եւ խելագար վարորդների մասին


Ուլֆ Հարբորգը տիկնոջ՝ Սիրանուշի հետ
Ուլֆ Հարբորգը տիկնոջ՝ Սիրանուշի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Շուրջ 15 տարի Հայաստանում բնակություն հաստատած շվեդ Ուլֆ Հարբորգը այլեւս չի պատկերացնում իր կյանքն առանց Հայաստանի։ 76-ամյա Հարբորգը առաջին անգամ Երեւան էր եկել 2003 թվականին՝ օդային երթեւեկության կարգավար աշխատելու համար։ Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է Հայաստանում ապրելու առավելությունների եւ բարդությունների մասին։

 

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, որն առավել գեղեցկացնում են այստեղ ապրող մարդիկ։ Սա երկիր է, որը հոգի ունի։ Ի տարբերություն իմ ծննդավայր Շվեդիայի՝ Հայաստանում մարդկանց բարությունը, մեծահոգությունն ու ընկերասիրությունն անհնար է չզգալ։

 

Հիշում եմ՝ մի օր խանութից դուրս գալիս տոպրակից գինին պատահաբար ընկավ եւ կոտրվեց։ Երկու երիտասարդ ոչ միայն ինքնակամ օգնեցին այդ իրավիճակից դուրս գալ, այլեւ գինի գնեցին ինձ համար։ Շվեդիայում նման բան չես տեսնի։

 

Հայաստանը աշխարհի ամենաապահով երկիրներից մեկն է, այն շատ խաղաղ եւ հանգիստ է։ Երեկոյան ժամերին փողոցներում ավազակախմբեր կամ հարբած մարդկանց չես հանդիպի։ Հարուստ մշակույթը, լավ կլիման, հրաշալի մարդիկ թույլ չեն տալիս ինձ գնալ այս երկրից։

 

***

 

Հայաստանը զարգանալու մեծ ճանապարհ ունի անցնելու։ Մարդկանց ապրելակերպի բարելավման համար կատարվող դրական փոփոխությունները շատ դանդաղ են ընթանում։ Կարծում եմ, խնդիրը նրանում է, որ կառավարությունը չի կարողանում հրաժարվել խորհրդային համակարգի որոշ բարքերից։ Այստեղ ինքնուրույն գործելու եւ որոշումներ կայացնելու մշակույթ չկա։ Ամեն ինչ պետք է «շեֆը» որոշի։ «Ծանոթ-բարեկամ»-ի գործոնը գրեթե ամենուր է։ Դա զգացել եմ նաեւ սեփական փորձով։

 

Որոշ ժամանակ առաջ ծրագիր էի իրականացնում երիտասարդ օդային երթեւեկության կարգավարների համար։ Անձամբ ընտրել էի թիմիս անդամներին, սակայն խումբը, առանց իմ գիտության, սկսվեց համալրվել այս կամ այն պաշտոնյայի ազգականներով։ Ինչեւէ, ես միշտ փորձում եմ դրական աչքով նայել ամեն ինչին։

 

Այստեղ միջին խավի ներկայացուցիչները քիչ են։ Մարդիկ կամ շատ հարուստ են, կամ՝ շատ աղքատ։ Աշխատավարձերը ցածր են։ Տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարություն չկա։ Անհասկանալի է, թե ինչու են այստեղ տղա երեխաներին ավելի շատ իրավունքներ վերապահված, քան աղջիկներին։

 

Այնինչ, Հայաստանում կանայք շատ ուժեղ են եւ հենց նրանք են հանդիսանում այս երկրի շարժիչ ուժը։

 

***

 

Այստեղ մեքենա վարելու մշակույթ չկա։ Վարորդները հիմնականում մի քիչ խելագար են։ Արդեն գիտեմ՝ փողոց անցնելիս պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեմ ոչ թե լուսացույցի ազդանշանին, այլ նրան, թե ինչ մեքենա է մոտենում։ Երբ առաջին գծում տեսնում եմ շքեղ, «գոլդ» համարանիշներով մեքենաներ, ապա զգուշանում եմ, քանի որ դրանք շատ արագ եւ անկանոն են երթեւեկում։

 

***

 

Նկատել եմ, որ հատկապես երիտասարդության շրջանում շատերը ցանկանում են հեռանալ Հայաստանից։ Ես նրանց հիմնականում խորհուրդ եմ տալիս՝ արտասահմանում սովորել, բայց անպայման վերադառնալ, քանի որ նրանք են այս երկրի ապագան։ Մեծ հույսեր եմ կապում երիտասարդների հետ, որոնք սկսել են ավելի ազատ մտածել։

 

***

 

Չնայած որոշ դժվարությունների՝ կարող եմ հստակ ասել, որ ես այլ երկրում այլեւս չեմ կարող ապրել։ Ես սիրում եմ Հայաստանը։

 

Կարդացեք նաեւ.

 

Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին

 

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին

 

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին