Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին - Mediamax.am

exclusive
9507 դիտում

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին


Դեյվիդ Բիքեթը`ընտանիքի հետ
Դեյվիդ Բիքեթը`ընտանիքի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Անձնվիրություն եւ հավատարմություն։ Այս բառերն է ամերիկացի գործարար Դեյվիդ Բիքեթը ասոցացնում Հայաստանի հետ։ Նա Երեւանում գործող Green bean սրճարանային ցանցի հիմնադիրն է։ Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է Հայաստանում ապրելու եւ աշխատելու առավելությունների եւ բարդությունների մասին։

 

***

 

Հայաստանը զարմանալի, գեղեցիկ, առանձնահատուկ եւ անվտանգ երկիր է, որը ես սկսեցի ճանաչել եւ սիրել իմ հայուհի կնոջ՝ Իրինայի շնորհիվ։ Մենք ամուսնացել ենք ԱՄՆ-ում, որոշ ժամանակ ապրել ենք այնտեղ, սակայն հանգամանքների բերումով՝  որոշեցինք բնակություն հաստատել Հայաստանում։ Դա որոշում էր, որի համար ոչ մի վայրկյան չենք փոշմանել, քանի որ չէինք կարող Հայաստանից ավելի լավ եւ ապահով վայր ընտրել մեր երեխաների համար:

 

Այս երկիրը աշխարհում այն քիչ վայրերից մեկն է, որտեղ կարող ես անհոգ մեծացնել երեխաներիդ եւ չանհանգստանալ, որ նրանց կառեւանգեն։ Այստեղ ես շատ հանգիստ եմ նրանց անվտանգության, կրթության եւ ժամանցի համար։

 

Հայաստանը բացառիկ երկիր է, ինչը այս երկրի հանդեպ իմ սերը ավելի է ուժեղացնում եւ կցանկանայի, որ այն փոխանցվեր նաեւ իմ երեխաներին։

 

Այստեղ ինտեգրվելու գործընթացը ինձ համար բավական արագ է եղել։ Հայերը  շատ ընկերասեր, հյուրընկալ եւ բարեհամբույր մարդիկ են։ Վեց տարի է ապրում եմ այստեղ եւ մինչ օրս չեմ դադարում զարմանալ հայերի ընկերություն անելու մշակույթի վրա, հատկապես, երբ  տեսնում եմ, որ բոլորովին անծանոթ մարդիկ, մի քանի օր մեկ հարկի տակ ապրելով,  շատ լավ եւ հարազատ ընկերներ են դառնում։  Ես ինքս հիմա շատ հայ ընկերներ ունեմ։

 

Զարմանում են նաեւ հայերի հոգատարության աստիճանի վրա։ Հայ ընտանիքներում նկատել եմ աննախադեպ մեծ հոգատարություն եւ ջերմություն միմյանց հանդեպ։ Այստեղ բոլորը միշտ պատրաստ են միմյանց օգնել եւ աջակցել։ Ուզում եմ նշել, որ չնայած այստեղ զոքանչների մասին այդքան շատ կատակներ են անում, իմ զոքանչը միշտ ամեն հարցում պատրաստակամ է մեզ օգնել։

 

***

 

Հայաստանում բնակություն հաստատելուն համընթաց որոշեցինք մեր սեփական բիզնեսը ստեղծել՝ Երեւանում բացելով առաջին non-smoking սրճարանների ցանցը։ Սկզբում բավական բարդ էր, քանի որ գործադիր իշխանության ներկայացուցիչները  պարբերաբար տարբեր անհիմն այցելություններ էին իրականացնում՝ փորձելով վերահսկել մեր յուրաքանչյուր քայլը։

 

Հիմա ավելի բարենպաստ մթնոլորտ է ձեւավորվել, ինչի արդյունքում՝ սրճարանների ու ռեստորանների թիվը անհամեմատ ավելացել է։ Շուկան մեծացել է։ Որոշ առումներով կարող ենք հստակ ասել, որ շարունակական դրական փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր, օրինակ, սննդի պետական տեսչության եւ հարկային ծառայության աշխատակիցները նախապես են պայմանավորվում այցելությունների համար։

 

Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ Հայաստանում դրական փոփոխությունների մի մասնիկը լինել՝ օգնելով նվազեցնել առկա կոռուպցիոն ռիսկերը։ Ես եւ իմ թիմակիցները փորձում ենք ակտիվություն ցուցաբերել դաշտում եղած անարդարությունները վերացնելու համար։

 

Անչափ կարեւոր է՝ Հայաստանի իշխանությունը հասկանա, որ պետք է լավ եւ արդյունավետ ծառայի ոչ թե հանուն իր շահի, այլ՝ երկրի բնակիչների։ Կառավարությունը պետք է ավելի քիչ պաշտպանի օլիգարխների շահերը եւ լավ բիզնես միջավայր ստեղծի երկրի զարգացման համար։

 

Հայաստանը հարեւան Վրաստանի եւ Բալթյան երկրների օրինակով պետք է փորձի արդյունավետ հարկային եւ մաքսային քաղաքականություն ձեւավորել։ Այդ երկրները հասկացել են, որ պետք չէ բարձր հարկեր սահմանել ներմուծվող այն ապրանքերի վրա, որոնք տեղական շուկայում չեն արտադրվում։ Իրո՛ք։ Ինչու՞ ես պետք է այդքան բարձր մաքսատուրք վճարեմ սուրճ ներկրելու համար, եթե այն այստեղ չի աճում։

 

Տարիների ընթացում, ուսումնասիրելով տեղական շուկան, ցավոք, հասկացել եմ, որ բիզնեսս ընդլայնելու առումով Հայաստանում ընտրության հնարավորությունները այդքան էլ շատ չեն։ Սակայն, կարծում եմ, որ Հայաստանը զարգանալու մեծ ներուժ ունի, հարկային եւ մաքսային քաղաքականության բարելավվումը եւ ճիշտ կիրառումը կարող է գրավիչ մթնոլորտ ձեւավորել Հայաստանում։ Դա, անշուշտ, կգրավի նաեւ օտարերկրյա ներդրողներին։

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին