Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին - Mediamax.am

exclusive
5006 դիտում

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին


Թիմոթի Սթրայթը
Թիմոթի Սթրայթը

Լուսանկարը` Թ. Սթրայթի արխիվից

Թիմոթի Սթրայթը Տաթեւում 2014 թվականին
Թիմոթի Սթրայթը Տաթեւում 2014 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի «ամենաերջանիկ երկրների» ցանկն այս տարի գլխավորել է Նորվեգիան։ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթը Մեդիամաքսի հետ զրույցում բացահայտել է Նորվեգիայի երջանկության գաղտնիքը եւ խոսել է այն մասին, թե ինչ է պետք անել, որ հայերն իրենց եւս երջանիկ զգան:

 

Թիմոթի Սթրայթը շուրջ 17 տարի ապրում եւ աշխատում է Հայաստանում։ 2013 թվականին նա ստեղծել է «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը, որը տարբեր նախագծեր է իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքներում։ Նա կարծում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի զարգանալու եւ ամենաերջանիկ երկրների շարքում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար։

 

***

 

Նորվեգացիները ժողովրդավարության շատ ուժեղ ավանդույթներ ունեն, նրանք հարգում են մարդու իրավունքները՝ ընդունելով մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։

 

Երկրի տնտեսական կայունությունը եւ անվտանգությունը մեծապես նպաստում է, որ  նորվեգացիները վստահ լինեն իրենց վաղվա օրվա համար։ Կառավարությունը մեծ հաշվով կարողանում է լուծել իր քաղաքացիների պահանջները՝ պայմաններ ստեղծելով ապահով, բարեկեցիկ եւ երջանիկ կյանքի համար։

 

Նորվեգիայում ապրող մարդիկ հավատում են իրենց լավ ապագային։ Նրանք հստակ գիտեն՝ ի՞նչ են ուզում եւ ինչպե՞ս կարող են դրան հասնել։ Սա շատ պարզ է։ Հոգատարությունը, մարդու հիմնարար ազատությունները, առողջությունը եւ լավ կառավարումը երջանիկ լինելու գրավականներն են։

 

***

 

Հայերն իրենց երջանիկ կզգան, եթե…

 

Երբ մարդը ապահոված չէ սննդով եւ զրկված է ապրելու համար անհրաժեշտ մի շարք պայմաններից, նա այլեւս չի հավատում իր ապագային, հուսալքվում է եւ հաճախ հեռանում է իր երկրից։

 

Կարծում եմ, հայերը իրենց երջանիկ կզգան, եթե վստահ լինեն, որ սեղանին ամեն օր ուտելիք, գլխի վերեւում տանիք ունեն, կարող են իրենց երեխաների համար լավ կրթություն ապահովել, եւ տարին մեկ անգամ կարող են գնալ հանգստի։

 

Ավելի քան 17 տարի Հայաստանում ապրելով եւ աշխատելով՝ հասկացել եմ, որ այստեղ տնտեսական զարգացման մեծ ներուժ կա, ուղղակի պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն։

 

Հայաստանը զարմանալի եւ շատ հյուրընկալ երկիր է, եւ աշխարհին առաջարկելու շատ բան ունի։ Սա երկիր է, որն ունի հարուստ պատմություն, հիանալի բնություն, բարձր լեռներ, համեղ ուտեստներ։ Շատերը չգիտեն, թե Հայաստանում ինչպիսի տարատեսակ թռչուններ կան։

Թիմոթի Սթրայթը Տաթեւում 2014 թվականին Թիմոթի Սթրայթը Տաթեւում 2014 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջերս Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Երեւան եկած իմ ծանոթներից շատերն ասում էին, որ չնայած հայերն այդքան էլ հարուստ չեն, բայց ուրախ եւ երջանիկ են։ Նրանք ուղղակի հիացած էին Հայաստանով։

 

Հայերն իրենց շատ ուրախ եւ բավարարված են զգում, երբ կարողանում են դիմացինին լավ հյուրասիրել։ Բայց երբ հարցնում ես՝ «ինչպես ես»՝ ասում են «ոչինչ» կամ «լավ չեմ»։

 

Այստեղ ապրող մարդկանց մեծ մասը չի հավատում իր վաղվա օրվան, ինչը հուսահատության է բերում։ Բայց Հայաստանը պետք է կարողանա գտնել զարգացման իր սեփական ճանապարհը։ Ինքս մեծ հարգանք եւ կապվածություն եմ զգում այս երկրի հանդեպ, եւ ինձ այլ վայրում այլեւս չեմ պատկերացնում։

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին