254 թեկնածու հավակնում է ստանալ «Ավրորա» մրցանակը 2017-ին - Mediamax.am

10415 դիտում

254 թեկնածու հավակնում է ստանալ «Ավրորա» մրցանակը 2017-ին


Լուսանկարը` 100LIVES


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է։

2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ:

 

Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։

 

«Ավրորա» մրցանակը երկրորդ տարում գրանցել է առաջադրումների թվի աճ` մոտ երեք անգամ. 2015 թվականին ստացվել էր 186 հայտ՝ 6 լեզուներով, 27 երկրներից եւ ընդգրկել 113 չկրկնվող թեկնածություններ։

 

«Շատ ուրախ ենք, որ ստացել ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերից: Ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Ավրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկությունը կարող է եւ պետք է մեծարի նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելու գնով փրկում են ուրիշներին, նորովի է զորանում։ Միայն նման մարդկանց գոյության շնորհիվ է, որ հայությունը` նաեւ իմ ընտանիքը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր երախտագիտությունը հայտնելու համար է, որ մենք ցանկանում ենք այս մրցանակը կիսել նրանց հետ, ովքեր վտանգին հանդիման՝ դրսեւորում են մարդասիրություն», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

 

Առաջադրված թեկնածությունները կվերստուգվեն գիտակ եւ փորձառու մասնագետների խմբի կողմից, որոնք իրենց հերթին կներկայացնեն թեկնածուների վերջնացուցակը՝ ընտրված ըստ ցուցաբերված խիզախության, նվիրումի եւ ազդեցության։

 

Այնուհետեւ լավագույն 20 թեկնածուների անունները կփոխանցվեն Ընտրող հանձնաժողովին, որը նախագահում է դերասան եւ բարերար Ջորջ Քլունին եւ որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին։

 

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017թ. փետրվարին, ինչին կհաջորդի ապրիլյան միջոցառումների շարքը՝ մարդասիրության ոլորտի գործիչները քննարկումներ կծավալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների շուրջ, Երեւանում կփառաբանվեն մարդասիրությունն ու մրցանակի հավակնորդները եւ հանդիսավոր արարողությամբ կհայտարարվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին