Դինոզավրեր, ջազ, սոուլ, բլյուզ, «Բոթլ Շոկ» եւ դաջվածքի արվեստ - Mediamax.am

exclusive
4626 դիտում

Դինոզավրեր, ջազ, սոուլ, բլյուզ, «Բոթլ Շոկ» եւ դաջվածքի արվեստ



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

Նոյեմբերը գրեթե պարտադրում է հանգիստ եւ տաքուկ միջավայրում գիրք ընթերցել, լավ ֆիլմեր դիտել, աղջիկներին` մտածել ձյան եւ ամանորյա զարդարանքի մասին: Սակայն այս ամենը չի բացառում ավանդական զբոսանքները տերեւաթափի տակ եւ հետաքրքիր վայրերի այցելությունը:

 

4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

 

Ժամը 17:00-ին 6+ տարեկան երեխաների համար «Զանգակ» հրատարակչությունը եւ «Մայրական խնամք» խանութների ցանցը դինոզավրերի մասին բացահայտումների օր են կազմակերպել: Գրքի հերոս Տիրանոզավրի օրագրի շնորհիվ բոլոր դինոզավրասերները հետաքրքիր փաստեր կբացահայտեն, այնուհետեւ՝ հարցուպատասխանի միջոցով կստուգեն իրենց գիտելիքները եւ վերջում կպատրաստեն սեփական դինոզավրին:

 

Մուտքն ազատ է, Հասցե՝ Հանրապետության 51, 53:

 

***

 

Ժամը 15:00-ին դասական երաժշտության բարեգործական համերգ է կայանալու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում: Բեմում լինելու են Եվա եւ Դիանա Մելքոնյանները (դաշնամուր):

 

Չնայած պատանի տարիքին՝ մոսկվաբնակ Մելքոնյան քույրերն արդեն մեծ համերգային փորձ ունեն, միջազգային եւ տեղային մրցույթների դափնեկիրներ են:

 

Համերգին կհնչեն Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի, Չայկովսկու, Խաչատրյանի, Պիացոլայի ստեղծագործությունները:

 

Համերգի հասույթը կուղղվի «Բարի մամա» բարեգործական կազմակերպության վերականգնողական կենտրոնի՝ «Բարի տնակի» շինարարությանը։

 

***

 

Ժամը 19:00-ին մեկ այլ դասական համերգ տեղի կունենա ոչ դասական The Club ակումբում: «Նաիրյան» վոկալ անսամբլի կատարմամբ հնչելու է Կոմիտաս:

 

Անսամբլը հիմնվել է 2015թ-ին` կոմիտասյան երաժշտության հանրայնացմանը նպաստելու առաքելությամբ:

 

Մուտքի արժեքը՝ 2500 դրամ, որի մեջ ներառված է գինու հյուրասիրություն:

 

***

 

Շաբաթ եւ կիրակի օրերին երաժշտության հետ կարող եք առնչվել ոչ միայն համերգային դահլիճներում, այլեւ Երեւանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ վերջերս ստեղծվել է յուրահատուկ «Երաժշտական պատ»:

 

Այստեղ տարբեր տարիքի հնացման կոնյակի սպիրտներով յուրահատուկ շշերը փոխարինում են ավանդական նոտաներին՝ ներկայացնելով մի հատված Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից: Երեւանի կոնյակի գործարանի շենքում գործող թանգարանը այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:

 

***

 

Հաջորդ միջոցառումը կրկին արվեստին է վերաբերում, այս անգամ՝ համարձակ, շատերի համար անընդունելի եւ հանդուգն: Խոսքը GaregginTattoo and Art Studio դաջվածքի սրահի բացման մասին է, որն այլ դաջվածքի սրահներից տարբերվում է նաեւ ցուցասրահի առկայությամբ: Այստեղ ներկայացվում են սրահի հիմնադիր Գարեգինի եւ այլ երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքները:

 

Միջոցառման սկիզբը՝ 18:00-ին: Սրահի հասցեն է՝ Կոմիտաս 54/160

 

***

 

Դաջվածքներից հեռու մնացող մարդիկ կարող են շաբաթօրյա երեկոն թատրոնին նվիրել եւ ներկա գտնվել Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի պրեմիերային «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն Ընդդեմ Չափի» պրոբլեմատիկ պիեսի ներկայացմանը` ըստ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների:

 

Ներկայացման սկիզբը` 19:00-ին: Տոմսերի արժեքը` 1000-3000 դրամ:

 

***

 

Ժամը 21:00-ին Yans ակումբում ելույթ կունենան HayWay բենդը եւ Արփին: Hay Way (Հայի ճանապարհ) բենդը ստեղծվել է 2009-ին եւ կատարում է ջազ, ջազ-ռոք, սոուլ, բլյուզ քավրներ, ինչպես նաեւ հեղինակային ստեղծագործություններ:

 

 

Մուտքի արժեքը` 2000 դրամ:

 

***

 

Քաղաքից դուրս գնալու հրապուրիչ տարբերակ է Armenia Wine Company-ի եւ Art Studio-ի կողմից կազմակերպած համատեղ ճանապարհորդությունը դեպի գինու գործարան: Շրջայցից հետո տեղի կունենա գինու հյուրասիրություն եւ կավագործության դաս:

 

Ավտոբուսը շարժվելու է ժամը 11-ին` Բաղրամյան 30 հասցեից:

 

Մասնակցության արժեքը` 5500 դրամ: Գրանցվելու համար հարկավոր է զանգահարել +374 44 80 11 11 հեռախոսահամարին։

 

5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի օրը տիկնիկային թատրոնին կարոտած երեխաներին սպասում են «Դում-դում իմաստունը եւ անգետները»: Թագավորի հրամանով Վեզիր-վազրիկն ու Աքոս-մաքոսը պետք է գտնեն անգիտաց անգետին՝ ամրոցների հիմքում թաղելու եւ դեպի վեր աշտարակներ կառուցելու նպատակով: Բայց պարզվում է, որ անգիտաց անգետը հենց ինքը Դում-դում իմաստունն է:

 

Ներկայացումը կցուցադրվի ժամը 11:00-ին, 16:00-ին եւ 18:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Ժամը 19:00-ին Էօն հակասրճարանում թեյի երկրպագուները կմասնակցեն չինական թեյախմության արարողությանը, որը կանցնակցնի թեյի վարպետ Հրանտ Դանդուրովը: Չինաստանից բերված տարբեր թեյերի համտեսումը կուղեկցվի հետաքրքիր պատմություններով:

 

Մուտքը արժեքը՝ 2000 դրամ:

 

***

 

Շատերի սիրված InVino-ում 19:30 դիտելու են 1976թ-ին աշխարհը ցնցած  «Փարիզյան Դատաստան» գինու մրցույթի մասին պատմող «Բոթլ Շոկ» ֆիլմը: Անգլերեն լեզվով ցուցադրվող ֆիլմի ընթացքում, իհարկե, կհամտեսվեն տարբեր գինիներ:

 

Սկիզբը՝ 19:30-ին:

 

***

 

Կիրակին հագեցած է նաեւ ակումբային լավ համերգներով:

 

Ilik ակումբում (Մաշտոց 25) աշնանը ջազային հրաժեշտ կտան դաշնակահար Վահագն Հայրապետյանը եւ կիթառահար Նիկո Տեր-Հովհաննիսյանը:

 

Հրաժեշտի սկիզբը՝ 20:00-ին: Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

 

***

 

Ժամը 21:30-ին Կամի ակումբում Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի  հաջողված տանդեմը կներկայացի հայկական երգեր՝ նոր գործիքավորմամբ եւ հնչեղությամբ:

 

 

Տոմսերի արժեքը՝ 8 000, 10 000, 12 000 դրամ:

 

***

 

21:00-ին  Stop ակումբում կկայանա Sunday Blues-ի երեկոն, որի ընթացքում պետք է խմել, պարել, ուրախանալ՝ մոռանալով, որ վաղը երկուշաբթի է:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին