Օդապարիկներ, «Գրքի գիշեր», կիսամարաթոն, Adana, «Հարբած պոեզիա» - Mediamax.am

exclusive
6556 դիտում

Օդապարիկներ, «Գրքի գիշեր», կիսամարաթոն, Adana, «Հարբած պոեզիա»


Լուսանկարը` Adana project

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Ումկան (Աննա Գերասիմովան)


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

Գալիք տոնական ուիքենդը հագեցած է բազմազան ու հետաքրքիր  միջոցառումներով:  Փորձել ենք դժվար ընտրություն կատարել եւ առանձնացնել առավել տպավորիչ իրադարձությունները:

 

14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

 

Հոկտեմբերի 14-17-ը կկայանա «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային օդագնացության փառատոնը, որի ժամանակ աշխարհի տարբեր երկրների օդապարիկները սավառնելու են Երեւանի երկնքում: Այս գեղեցիկ միջոցառման գլխավոր նպատակն է մեր երկրում տուրիզմի, փոքր ավիացիայի եւ օդագնացության զարգացումը: Փառատոնի կազմակերպիչներն են Երեւանի քաղաքապետարանը եւ Սքայբոլ ընկերությունը:

 

Մեկնարկը տրվելու է ժամը 17:00-ին` Հանրապետության հրապարակից:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Էրեբունի-Երեւան 2799-ը նաեւ ռոքային է լինելու՝ միանգամից երկու բացօթյա համերգների շնորհիվ:

Լուսանկարը` Adana project

Ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Adana Project-ի մենահամերգը: Խումբը կազմավորվել է 2015 թ-ին, հանդես է գալիս Armenian Folk-Symphonic Metal ոճում եւ կատարում է հայկական ֆոլք երգերի քավր-տարբերակներ:

 

 

Ժամը 19:30-ին Ազատության Հրապարակում պրոգրեսիվ ռոքի սիրահարները կարող են վայելել DOGMA խմբի համերգը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Dogma-ն ստեղծվել է 2008 թ-ին եւ գրեթե անմիջապես գտել է իր ունկնդրին, ընդ որում նաեւ` Հայաստանից դուրս: Շատերը կհիշեն, որ  2010-ին խմբի մենակատար Զառան` Jethro Tull-ի խմբի հիմնադիր եւ ֆլեյտահար Իեն Անդերսենի հրավերով մասնակցեց վերջինիս երեւանյան համերգին: Նրանք ներկայացրեցին երկու երգ Jethro Tull-ի եւ երգու երգ Dogma-ի երգացանկից: Խոսելով խմբի մասին, Անդերսենն ասել էր, որ Dogma-n «Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է»:

 

 

Ազատության Հրապարակի համերգին հատուկ հյուրերի կարգավիճակով հանդես կգան նաեւ NEMRA եւ MIK AELIAN բենդերը:

 

***

 

Ժամը 19:00-ին հետաքրքիր եւ ոչ ստանդարտ ծրագրով համերգ է սպասվում Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն ժամանակակից կոմպոզիտորների` Դեն Եսսիանի (Հայկական տրիլոգիա), Գիյա Կանչելիիի (Ex contrario) եւ Անդրեյ Պուշկարյովի (Ֆանտազիա`Ուտյոսովի երգերի հիման վրա) ստեղծագործությունները:

 

Մենակատարներ՝ Պավել Վերնիկով (ջութակ), Սվետլանա Մակարովան (ջութակ), Տիգրան Պետրոսյանը (վոկալ):

 

***

 

Եթե Երեւանի տոնը չեք պատկերացնում առանց Հախվերդյանի, ժամը 19:30-ին գնացեք Մաշտոցի 37 հասցեում գտնվող Pub 37՝ լսելու մեր քաղաքին նվիրված հին ու բարի երգերը` հենց Ռուբեն Հախվերդյանի կատարմամբ:

 

 

Տոմսի արժեքը 5000 դրամ է:

 

***

 

Երաժշտական ցանկը կեզրափակենք soul ոճում հանդես եկող երգիչ, կիթառահար Քվենտին Մուրի համերգով, որը կկայանա Mezzo ակումբում ժամը 21:00-ին: Համերգին կմասնակցի նաեւ Yellow Stones խումբը:

 

 

Տոմսերի արժեքն է` 3000, 5000, 7000, 10 000 դրամ:

 

***

 

Էրեբունի-Երեւան տոնական միջոցառումների շրջանակներում տեղի կունենա «Գրքի գիշեր 2017»-ը:

 

Ժամը 18:00-ից սկսած «Բուկինիստ» գրախանութում կարելի է «գրքախառնվել», ձեռք բերել գրքեր 30% զեղչով, լուսանկարվել, թեյել, խաղալ «Այլ Կերպ» եւ այլն: Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Ժամը 20:00-ին «Վան Գոգ» արտ-սրճարանում համերգով հանդես կգա Հայ-ռուսական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած ռուս բանաստեղծ, թարգմանիչ եւ ռոք-երաժիշտ Աննա Գերասիմովան, ով առավել հայտնի է Ումկա (Умка) բեմական անվամբ:

 

 

***

 

Չնայած նրան, որ շաբաթ օրը նշելու ենք Երեւանի օրը, չէինք կարող շրջանցել Աշտարակում կայանալիք ավանդական միջոցառումը` Խաղողի դոշաբ եւ գինու հյութի ստացումը՝ տրորման եղանակով: Ստացված հյութի մի մասը լցվում է կարասներով եւ սկսում է խմորվել, իսկ մյուս մասից դոշաբ են ստանում, որը  կօգտագործվի սուջուխ պատրաստելու համար:

 

Էկո-տուրիզմի սիրահարները կարող են մասնակցել այս ավանդույթին՝ զանգահարելով 055 31 41 90 հեռախոսահամարով: Սկիզբը ժամը 14:00-ին է:

 

15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի ժամը 09:00-ին բարձր տրամադրության ներքո կմեկնարկի արդեն ավանդական դարձած Yerevan Half Marathon-ը: Մարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ 5, 10, 21.1 կմ վազքատարածություններում:

Լուսանկարը` Pan Photo

Փոքրիկ վազորդները կփորձեն իրենց ուժերը 1 կմ վազքատարածությունում: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան հուշամեդալներ:

 

Մարաթոնին վերաբերող այլ տեղեկություններ եւ գրանցման ձեւը կարող եք գտնել պաշտոնական կայքում:

 

***

 

«Քաղաքից դուրս» ձեւաչափում աչքի է ընկնում գնացքով Գյումրի մեկնելու առաջարկը:

 

Մեկօրյա ուղեւորության ընթացքում կհասցնեք անցնել Գյումրիի տեսարժան վայրերով, ինչպիսիք են՝ Յոթ վերք եկեղեցին, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, Վարպետաց թողոցը, Սլաբոդկա թաղամասը եւ այլն:

 

Երեւանից գնացքը մեկնելու է 07:45-ին: Վերադարձը՝ 18:05:

 

Մասնակցության արժեքը կազմում է 7000 դրամ: Մանրամասների համար այցելեք այստեղ:

 

***

 

Կիրակի օրը Աշտարակում կրկին հետաքրքիր միջոցառում կա, այս անգամ՝ 2-8 տարեկան երեխաների համար:

 

«Այրուձի» հեծյալ ակումբում փոքրիկները արշավի կմասնակցեն, կհավաքեն ստեղծագործելու պարագաներ, եւ դրանք օգտագործելով կփորձեն ստանալ ձի:

 

Սկիզբը ժամը 15:00-ին է, մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

***

 

Ժամը 17:00-ին կմեկնարկի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Նոր Արվեստանոց համայնքը հետաքրքիր աշխատարանը: Այն նվիրված է ապակենկարչությանը. գունավոր ապակիներից կպատրաստվեն կենդանիների պատկերներով մագնիսներ, բռոշներ, հագուստի զարդեր: Մուտքն ազատ է, մանրամասները՝ այս հղումով:

 

***

 

Ժամը 17:00-ին «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում սպասվում է «Հարբած պոեզիա»-ի երեկո:

 

Մասնակիցները խմելու են գինի եւ բանաստեղծություններ են գրելու: Մեկ բաժակ գինի՝ մեկ բանաստեղծություն: Եվ այդպես շարունակ՝ մինչեւ հայկական պոեզիայի նոր դեմքերին բացահայտելը: Ժյուրիի անդամները եւս գինի են խմելու՝յուրաքանչյուր ստեղծագործությունը քննարկելիս:

 

Պոետիկ երեկոյին մասնակցելու համար կարող եք զանգահարել 010 500 152 հեռախոսահամարին կամ գրել Բյուրոկրատի ֆեյսբության էջին:

 

***

 

Եթե գինովցած ստեղծագործելու տրամադրված չեք, բայց ցանկանում եք լավ երեկո անցկացնել, գնացեք Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, որտեղ ժամը 19:00-ին տեղի կունենա դաշնակահարուհի,  ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, վոկալիստ Տաթեւիկ Մովսեսյանի համերգը:

 

 

Ծրագրում՝ Փըրսել, Բախ, Շուբերտ, Բրամս, Պորպորա: Տոմսի արճեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Ժամը 20:00-ին «Ilik» արտ-կաֆեում ձեզ արդեն հայտնի բանաստեղծ, թարգմանիչ եւ ռոք-երաժիշտ Ումկան կարդալու է լիտվացի բանաստեղծների իր թարգմանությունները:

Լուսանկարը` Ումկան (Աննա Գերասիմովան)

***

 

Կիրակին կարող եք ավարտել նաեւ ֆոլկ-ֆյուժն ոճում՝ թառահար Միքայել Ոսկանյանի եւ նրա բենդի ընկերակցությամբ:

 

 

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը ձեւավորվել է 2011 թվականին: Նրանց ստեղծագործություններում միքսված են ջազը, ռոքը, ֆանկը եւ հայկական ֆոլկը,  ժամանակակից կերպով մատուցվում է թառը:

 

Համերգը տեղի կունենա CLUB 12-ում, ժամը 21:30-ին:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին