Սեպտեմբերի 16/17`Հեսսե, The twins, Այվազովսկի, Violin Revolution - Mediamax.am

exclusive
5238 դիտում

Սեպտեմբերի 16/17`Հեսսե, The twins, Այվազովսկի, Violin Revolution


Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

Լուսանկարը` Բյուրոկրատ

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

Լուսանկարը` Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովա

Լուսանկարը` Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովա

Լուսանկարը` ԷՕՆ


Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում կայանալու է «Տաշիր» խմբի սեփականատեր, Ռուսաստանի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանի որդու պսակադրության արարողությունը: Քանի որ դուք, ամենայն հավանականությամբ, այդ արարողության հյուրերի թվում չեք, շաբաթ եւ կիրակի օրերի համար առաջարկում ենք այլ օրակարգ:)

 

***

 

Շաբաթ օրը գրքասերները կարող են ներկա գտնվել Հերման Հեսսեի «Սիդհարթա» եւ «Դեմիան» ստեղծագործությունների հայերեն թարգմանության շնորհանդեսին, ծանոթանալ գրքերի թարգմանիչ, դիվանագետ Աշոտ Ալեքսանյանի հետ եւ իմանալ թարգմանության հետ կապված բոլոր հետաքրքրող մանրամասները:

Լուսանկարը` Բյուրոկրատ

Շնորհանդեսը կկայանա Բյուրոկրատ գրախանութում, սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

«Սիդհարթա»-ն՝ այլաբանական վեպ է, գրված պարզ, քնարական ոճով: Այն պատմում է երիտասարդ բրախման Սիդհարթայի հոգեւոր ինքնաճանաչման ճանապարհի մասին: «Դեմիան» վեպը կառուցված է գլխավոր հերոսի՝ Էմիլ Սինքլերի կյանքի ողու, հասունացման, կայացման տարիների նկարագրության վրա, որտեղ իր առանցքային դերն ունի Սինքլերի ավագ ընկեր և հոգեւոր ուսուցիչ Մաքս Դեմիանը: Ի դեպ, 1919 թվականին այս ստեղծագործությունը լույս էր տեսել «Էմիլ Սինքլեր» կեղծանվան տակ:

 

***

 

Ժամը 11:00-ից 18:00-ը Անգլիական այգու տարածքում կանցկացվի գրքի շնորհանդեսից կտրականապես տարբերվող միջոցառում՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը:

 

Փառատոնի ընթացքում կենդանի երաժշտության ներքո կկատարվեն ավանդական երգեր ու պարեր, կցուցադրվեն եւ վաճառքի կհանվեն Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ֆերմերների կողմից աճեցված, թարմ եւ վերամշակված մրգերի եւ բանջարեղենու տեսականիներ:

 

Տեղի կունենան նաեւ մրցույթներ, խաղեր փոքրիկների համար: Այնպես որ,եթե ցանկանում եք ընտանեկան, ուրախ օր անցկացնել, Անգլիական այգում կայանալիք միջոցառումը կարող է լավագույն տարբերակներից հանդիսանալ:

 

***

 

Ժամը 15:00-ին «Զանգակ» գրատունը կամփոփի Ամառային ընթերցանություն 2017-ը: Այս տարի ծրագրին Հայաստանի 10 քաղաքներից մասնակցել են ավելի քան 400 երեխաներ, որոնցից 28-ը ճանաչվել են լավագույն, իսկ 36-ը` ակտիվ ընթերցողներ:

Լուսանկարը` Զանգակ

Ծրագրի շրջանակներում 30-ից ավելի գրքեր ներկայացնող գրատնակները տեղադրվում են գրախանութներում, իսկ այնուհետև լավագույն ընթերցողների շնորհիվ այդ նույն գրատնակները 6 ամսով հայտնվում են ծրագրի լավագույն ընթերցողների դպրոցներում` բոլոր աշակերտներին հնարավորություն տալով ծանոթանալու մանկապատանեկան գրականության լավագույն նմուշների, դասական և ժամանակակից հեղինակների:  Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

 

***

 

Շարլ Ազնավուրի հրապարակում ժամը 18:00-ին կսկսվի եւս մեկ բացօթյա միջոցառում՝ Yerevan Music Night-ը: Կազմակերպիչներն են  Kami երաժշտական ակումբը եւ Երեւանի Գինու օրերը: Kami-ն այդ օրը նշելու է իր 10-ամյակը, ինչի առթիվ ելույթ են ունենալու Աղվան Պապոյանը, Արտակ Ներսիսյանը, Գոռ Սուջյանը, Լեւոն Մալխասյանը՝ իր ջազ-եռյակի հետ:

 

***

 

Եթե ավելի կամերային միջավայրում հետաքրքիր երաժշտություն ունկնդրելու ցանկություն ունեք, ժամը 19:00-ին գնացեք Տերյան 3Ա հասցեում գտնվող ԷՕՆ հակասրճարանը, որտեղ այդ օրը ելույթ են ունենալու Violin Revolution խմբի աղջիկները: Խմբի հինգ մասնակիցներն էլ հաճախել են նույն երաժշտական դպրոցը եւ ընկերացել են ջութակի անսամբլի փորձերի ժամանակ:

Լուսանկարը` ԷՕՆ

Աղջիկներին միավորել է սերը դեպի ռոք երաժշտությունը, եւ հատկապես՝ System of a Down խումբը: Տոմսի արժեքն է 1500 դրամ. այն իր մեջ ներառում է նաեւ թեյ, սուրճ, քաղցրավենիք:

 

***

Լուսանկարը` Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովա

Իսկ եթե շաբաթ օրվա երեկոն ցանկանում եք անցկացնել առանց երաժշտության, կարող եք ժամը 19:00 այցելել The LOFT (Մոսկովյան 3), որտեղ կկայանա լուսանկարիչ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի «The twins» ցուցահանդեսը՝ PhotoTripinYerevan նախագծի շրջանակում:

Լուսանկարը` Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովա

9 տարվա ընթացքում հեղինակը լուսանկարել է ավելի քան 300 զույգերի՝ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում:

 

***

 

Շաբաթ եւ կիրակի ցերեկը կարող եք մի քանի ցուցահանդեսներ այցելել:

 

Ծիրանի մշակույթային հանգույցը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպել է հայտնի նկարիչ, նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքների ցուցահանդեսը: Նկարիչը ծագումով Ուկրաինայից է, սակայն երկար տարիներ բնակվում է Պրահայում, որտեղ ունի իր մշտական պատկերասրահը:

 

Օնիշենկոն  հանդիսանում է սեւ կտավի վրա նկարելու տեխնիկայի հեղինակը: Ապագա նկարների համար կտավները նկարիչն ինքն է պատրաստում եւ գաղտնի է պահում պատրաստման եղանակը:  Ի նկատի ունեցեք, որ կիրակի ցուցահանդեսը կգործի մինչեւ ժամը 16:00-ը: Մուտքն ազատ է:

 

***

 

ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում ՀԲԸՄ-ի երեւանյան գրասենյակում ներկայացված են 20-րդ դարի նշանակալից արվեստագետներից մեկի, բրազիլաբնակ լուսանկարիչ, մոդերնիստ Գասպար Գասպարյանի աշխատանքները, ով մեծ ազդեցություն է թողել բրազիլական լուսանկարչության զարգացման գործում:

 

Գասպար Գասպարյանը (1899-1966), Սան Պաոլոյի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկն է. լույսի, ձեւի, օպտիկական աղճատումների հետ փորձարկումներ կատարելուց բացի, իր լուսանկարներում նա ներկայացրել է ինքնուրույն դիտանկյուն`ուղղված իրականության հատվածական ընկալմանը:

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

«Հյուծող շտապողականության մեջ շարժվելով եւ տագնապներում հոգեմաշ լինելով՝ մարդը չի տեսնում, չի զգում, չի ընկալում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի, ամեն պահի եւ ամեն րոպե կյանքը պարզում է նրան», - ասում էր Գասպար Գասպարյանը:

 

Լուսանկարչի աշխատանքները կարելի է տեսնել մշտական հավաքածուներում եւ նշանավոր միջազգային թանգարաններում, ինչպիսիք են Նյու Յորքի Ժամանակակից արվեստ թանգարանը, Լոնդոնի «Թեյթ մոդեռն» թանգարանը, Սան Պաուլուի Արվեստի թանգարանը եւ այլն։

 

***

 

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը` նվիրված հանճարեղ ծովանկարչի 200-ամյակին:

 

Ներկայացված են նկարչի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաեւ տարբեր արխիվներում պահվող վավերագրեր:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի մաս կազմող «Քաոս. Աշխարհի արարում» կտավը, որը համարվում է Այվազովսկու ամենատպավորիչ աշխատանքներից մեկը:

 

***

 

Հավանաբար, ձեր մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք թատրոն գնալու մշտական ցանկություն ունեն, սակայն ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգում են թատերական երեկո ունենալու հնարավորությունը: Այս ուիքենդին առաջարկում ենք վերջապես տրամադրվել՝ մանավանդ, որ ընտրությունը բավականին մեծ է:

 

Սեպտեմբերի 16-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրունում կներկայացվի «Խենթ ու խելառ տղաները» երկու գործողությամբ կատակերգությունը:

 

 

Ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործությունը թարգմանվել եւ բեմադրվել է Ժան Նշանյանի կողմից: Դերերում են՝ Գուժ Մանուկյանը, Նարիա Շահիրյանը, Գագիկ Մկրտչյանը եւ ուրիշներ:

 

Ներկայացման հիմքում ընկած է հայրերի եւ որդիների խնդիրը. Նյու-Յորքում բնակվող ամուսնական զույգի որդիները ցանկանում են ծնողներից հեռու կյանք ունենալ:

 

Սկիզբը՝ 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 1000-2500 դրամ:

 

***

 

Երեւանի Կամերային թատրոնում սեպտեմբերի 16-ին կայանալու է «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը` տարբերվող մեկնաբանությամբ: Ռեժիսոր Լուսինե Երնջակյանի բեմադրության մեջ կա առկա են նոր պարային լուծումներ, ռոքային հնչողություն: Ռեժիսորի խոսքերով, նրանք դարեր շարունակ բեմադրվող պիեսից ստեղծել են ժամանակակից եւ արդիական ներկայացում, որը կհետաքրքրի ոչ միայն երիտասարդներին,այլեւ՝ մեծահասակներին:

 

Սկիզբը՝ 19:00-ին 1, տոմսերի արժեքը՝ 1000-2500 դրամ:

 

***

 

Սեպտեմբերի 16-ին կարող եք դիտել նաեւ «Գոյ» թատրոնում կայանալիք Տոնինո Գուերայի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրած «Խոսիր ինձ հետ սիրո մասին» ներկայացումը: Բեմադրության հեղինակ Սամսոն Ստեփանյանի խոսքերով, վերնագրում ամեն ինչ ասված է. մարդիկ դադարել են  խոսել սիրո մասին եւ այլեւս չեն դարձնում այն կյանքի ամենագլխավոր երեւույթներից մեկը: «Ուզում եմ, որ հանդիսատեսը տանի իր հետ այն սերն ու ջերմությունը, որ հիմա պակասում են մեզ», - հարցազրույցներից մեկում ասել է Սամսոն Ստեփանյանը:

 

Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքն է 1500 եւ 2000 դրամ:

 

***

 

Տիկնիկային թատրոնում սեպտեմբերի 16-ին երկու ներկայացում կա՝ «Հենց էն Հուռին»՝բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված, կյանքին «թեթեւ նայող» հերոսուհու մասին եւ «Մատնաչափիկը»՝ ոչ պակաս հայտնի, սակայն ռոմանտիկ եւ նուրբ աղջնակի փորձությունների եւ արկածների մասին: «Մատնաչափիկի» մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները:

 

«Հենց էն Հուռին» ներկայացման սկիզբը ժամը 14:00-ին է, տոմսերի արժեքը՝ 600, 800, 1000, 1200 դրամ: «Մատնաչափիկի» սկիզբը՝ ժամը 16:00-ին եւ 18:00-ին, տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Սեպտեմբերի 17-ին Դրամատիկական թատրոնն առաջարկում է դիտել «№707» ներկայացումը՝ Հրաչյա Հարությունյանի բեմադրությամբ:

 

 

Այն կառուցված է Նիլ Սայմոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա։ Երեք դրամատիկ պատմությունները կատարվում են Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկի 707 համարում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում բնակվում են միմյանցից տարբեր, բայց միեւնույն ժամանակ նման զույգեր։ 

 

Սկիզբը` 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-2500 դրամ:

 

***

 

Տիկնիկայինում այդ օրը եւ երկու ներկայացում կա՝ «Կարմիր Գլխարկը» (սկիզբը՝ 14:00-ին) եւ «Ոսկե ճուտիկը» (սկիզբը՝ 16:00-ին, եւ 18:00-ին): «Կարմիր Գլխարկը» տարբերվում է հեքիաթի ավանդական տարբերակից, անսպասելի կերպով են ներկայացված նաեւ բոլոր հերոսները: Տոմսերի արժեքը` 600-1200 դրամ:

 

***

 

ԲՈՆՈՒՍ. Եթե երկմտում եք, ինչպես անցկացնել շաբաթ-կիրակին՝ գնալ քաղաքից դուրս, թե մշակութային օր ունենալ, կարող եք համադրել այդ ցանկությունները եւ այցելել Սեւանի գրողների ստեղծագործական տուն, որտեղ բացվել է «Դեժա-Վյու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցահանդեսը:

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

Այստեղ ներկայացված են ժամանակակից ճանաչված արվեստագետները՝ Ջերարդ Բըրնը, Իգոր Գրուբիչը, Յոզեֆ Դաբ Երնիգը, Մարկուրս Շերերը, ինչպես նաեւ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի, Լեւոն Չերքեզյանի եւ Գեւորգ Քոչարի

ճարտարապետական նախագծերը:

Լուսանկարը` ՍՏԱՆԴԱՐՏ տրիենալե

Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արեւշատյանի խոսքերով, կարեւոր է ինչպես նախագծի իրականացումը, այնպես էլ՝ վայրի ընտրությունը, քանի որ Սեւանի գրողների ստեղծագործական տունը ներառվել է Getty հիմնադրամի Keeping It Modern 2016-ի ծրագրում:

 

«Դեժա-Վյու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցահանդեսը շաբաթ եւ կիրակի օրերին կգործի ժամը 11:00-ից 17:00:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին