Լուսինե Թորոյան. «Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը» - Mediamax.am

5406 դիտում

Լուսինե Թորոյան. «Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը»


Լուսինե Թորոյանը
Լուսինե Թորոյանը

Վերափոխում-Հայաստան

 

21-րդ դարի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհն ասես հայտնվել է անհասկանալի ու անվերջանալի քաոսի առջև ու զգացողություն է, որ այլևս երբեք ոչինչ հնի պես չի լինելու, Հայ ժողովուրդը նույնպես շարունակում է իր պայքարի, իր գոյատևման ճանապարհը: Մի ճանապարհ, որն արդեն տևում է հազարամյակներ, մի ճանապարհ, որը հարուստ է հաղթանակի, հզորության, պարտության, երջանկության ու հիասթափության պահերով: Ու այսքան տարի այս ժողովուրդը կարողացել է պահպանել իր ազգային ոգին, իր ինքնությունը ու հասնել 21–րդ դար: Այսօր ունենք հետևյալ պատկերը՝

 

1. Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայեր: 20-րդ դարասկզբի մեծագույն հանցագործությունը ստիպեց մեր ժովորդին բնակություն հաստատել այնտեղ, որտեղ հնարավոր էր՝ ապրելով Հայկական երազանքի մշտական ձգտումով: Հայկական հարցը, hայոց լեզուն ու հավատքը, արդարության վերականգնումը շարունակեցին լինել այն հանգամանքը, ինչի շուրջ հայերը համախմբվում են ու պահպանում իրենց ինքնությունը՝ փորձելով հնարավորինս քիչ ձուլվել օտար մշակույթներին:

 

2. Միևնույն ժամանակ 25-ամյա Հայաստանի Հանրապետություն, որը չկողմնորոշված երիտասարդի նման կորցրել է իր ճանապարհը ու ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել այս մեծ աշխարհում:

 

Հայկական Սփյուռը շարունակաբար ծնողի նման օգնություն է ցուցաբերում 25-ամյա երիտասարդին, բայց որն էլ, չիմանալով, թե ինչ անել այդ օգնության հետ, այն վատնում է հենց այնպես՝ զվարճանքի, սեփական էգոն ու ցանկություննները բավարարելու համար: Այնինչ այդ օգնությունը կարող էր դառնալ հետագա զարգացման, վերածննդի ու մասնավորապես պատերազմից հետո նոր զարթոնքի խթան: Կարող էր ծառայել գիտական ու կրթական հզորագույն կենտրոններ ստեղծելու, հայկական բանակի ամրապնդման, զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու, ՏՏ ոլորտի զարգացման առաքելությանը, քանի որ երկիրը լի էր տաղանդաշատ ու հեռանկարային մասնագետներով ու երիտասարդներով: Բայց 25-ամյա երիտասարդի անտարբերությունը, անգործությունը ու սեփական ես-ի գերագնահատումը կոտրեցին ու ստիպեցին այդ տաղանդաշատ մեր հայրենակիցներին հեռանալ մայրենի հողից:

 

Ու ոչինչ այսօր չի փոխվել: Միայն սրվել է արդեն մոտ 20 տարի մշտապես տիրող մղձավանջը: Ու եթե չլիներ հայկական անկոտրում ոգին վերջին օրերի իրադարձություններում, կկրեինք պարտություն: Ու 25-ամյա երիտասարդը շարունակում է փնտրել արդարացում, մեկը մյուսի հետևից: Բայց ապարդյուն: Անգամ բարեկամ ընտրելու հարցում է կաղում:

 

Պատերազմը ստիպեց մարդկանց այլ կերպ նայել շատ հարցերի ու վերաբերմունք փոխել մի շարք երևույթների նկատմամբ: Պատերազմը «Զարդուցիչ» էր ու կոչ հայ ժողովրդին՝ արթնանալու ու արթուն, գիտակից վիճակով մի նոր այլ որակի ճանապարհ անցնելու:

 

Հայկական դիվանագիտության բացթողումներն ավելի տեսանելի դարձրեցին առկա խնդիրները թե՛ քաղաքական, թե՛ ռազմական (որոնցից կախված են մարդկայն կյանքեր), թե՛ տնտեսական ոլորտներում, մանավանդ երբ դրանք կարող են դիպչել յուրաքանչյուրիս:

 

Ու հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք գիտակցենք, որ պետք է անցնենք Վերափոխման ճանապարհ:

 

Չէ՞ որ խնդիրը նաև մեր մեջ է, հենց մեր թուլության ու տկարության: Ասում են՝ «Ամեն իշխանություն իր ժողովրդի ներքին վիճակի արտացոլումն է»: Ունենք այն, ինչին արժանի ենք, կորցրել ենք սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը, այն հանձնել ենք ուրիշներին, որ իրենք տնօրինեն: Ու շարունակում ենք վրդովվել, բողոքել, ստել, բայց ոչինչ չանել, որովհետև ապրում ենք վախի ու սեփական կարծրատիպերի գերության ներքո:

 

Ուրեմն՝ արթնանալու ժամանակն է:

 

Պետք է սկսենք ամեն մեկս հենց մեզանից: Վերափոխելով ինքներս մեզ՝ կփոխենք մի ամբողջ իրականություն:

 

Ու այդ փոփոխությունն արդեն մոտ է: Այն ոգին, որը համախմբում է այսօր բոլորիս՝ հայ ժողովրդի ոգին, միշտ եղել է մեզ հետ ու ուղորդել: Այն ժողովուրդը, որը խաղաղ ժամանակ չի կարողանում ապրել ներդաշնակ, դժվարության պահերին միավորվում է ու դառնում բռունցք, անկոտրում բռունց, որը պատրսատ է դիմակայելու ու հաղթելու:

 

Այդ ոգու վերապրումով մենք պետք է առաջ շարժվենք:

 

Եթե հիմա ամեն ինչ ճիշտ ընթանա, ապա մոտ 20-30 տարի հետո արդեն կարող ենք ունենալ այլ պատկեր ու այլ իրականություն: Մենք ենք այս երկրի տերը, մենք ենք կրում պատասխանատվություն ինչպես մեր այսօրվա, այնպես էլ վաղվա վիճակի համար: Մենք հայ ժողովուրդն ենք՝ այդքան լուսավոր, այդքան խելացի, երբեմն անհասկանալի, երբեմն ամեն ինչ փոքր-ինչ չափազանցնող, բայց մենք ենք ու միասին պետք է կերտենք մեր ապագան:

 

Գլխավոր, առաջնային խնդիրը միավորումն է: Մենք բոլորս հայ ենք ու չպետք է այսուհետ ինքներս մեզ տարանջատենք: Պետք է չվախենանք ու պահանջենք, որովհետև մենք ենք մեր Հայրենիքի տերը: Պետք է պահանջենք՝

 

- Սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն:

- Հիմնադրամի ստեղծում, որը թոշակներ կտրամադրի զոհված զինվորների ընտանիքներին:

- Հայաստանի զարգացման նոր ռազմավարության մշակում ու զարգացում, որը կմշակվի գաղափարը կրող մարդկանց կողմից՝ լի ազգային ոգով:

- Հայաստանի քաղաքականության վերանայում բոլոր ոլորտներում՝ դիվանագիտություն, տնտեսություն, մշակույթ, գյուղատըն-տեսություն, քաղաքաշինություն և այլն:

- Համազգային երիտասարդական հավաք, որին կմասնակցեն բազմաթիվ հայ երիտասարդներ ամբողջ աշխարհից ու կքննարկեն Հայաստանում առկա խնդիրները, զարգացման հեռանկարները, Հայոց լեզվի դերը, Եկեղեցու դերը, Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավոր ուղիները՝ այդպիսով հիմք ստեղծելով հետագա բազմաթիվ նախագծերի իրականացման ու երկխոսության հաստատման համար:

- Այստեղ կարող են լինել բազմաթիվ պահանջներ ու առաջարկներ, որոնք, համոզված եմ, անընդհատ հնչելու են, որովհետև այս պատերազմից հետո ամեն ինչ լինելու է այլ կերպ:

 

Տեղի ունեցավ որակային փոփոխություն: Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերս զգացինք, որ հայ ենք ու կարող ենք փոփոխություն դառնալ Հայաստան կոչված երազանքի համար՝ հավատալով Հայաստանի լուսավոր ապագային:

 

Այսօր դեպի Եռաբլուր շարժվող Լռության երթը՝ ի հիշատակ զոհված զինվորերի, մեկնարկեց աղոթքով, շարունակվեց հայկական հոգևոր երաժշտությամբ, ավարտվեց աղոթքով: Ու ժողովուրդը լուռ էր, լուսավոր: Ու բոլորը զգացին, թե ինչ է իրականում կատարվել, ու ինչ քայլի են գնացել մեր զոհված զինվորները՝ հանուն իրենց հայրենիքի, հանուն բոլորիս լինելիության:

 

Ու քանի դեռ աղոթքը հնչում է հայերեն, մենք եղել ենք, կանք ու կլինենք:

 

ԱՄԵՆ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին