Արմեն Նիազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

2126 դիտում

Արմեն Նիազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Արմեն Նիազյանը
Արմեն Նիազյանը

Բոլորը հերոսաբար պաշտպանվում էին, և թվում էր, թե ուր որ է թշնամին հաջողության կհասնի, երբ հանկարծ նրանց մոտ մի նռնակ պայթեց: Բոլորը դիրքավորվեցին, ու սկսվեց կատաղի հակագրոհ: Մերոնք հերթական անգամ ապացուցում էին թշնամուն հայի մարտական ոգու ուժը, խիզախությունն ու հերոսությունը:

 

Պատմությունը շա՜տ է ստիպել մեզ ապացուցելու մեր՝ ապրելու իրավունքը: Ստիպված ենք եղել կռիվ տալ, պայքարել, մեռնել, որպեսզի ապրենք… Այդպես էր Հայկի ու Բելի ժամանակներում, այդպես էր 451 թվականին, այդպես էր 92-ին, այդպես էր նաև այսօր… Թվում է, թե անցել են զենքի ու պատերազմի ժամանակաշրջանները, թե հարցերն արդեն կարելի է լուծել կլոր սեղանների շուրջ՝ գեղեցիկ փողկապներով, ոչ թե զինվորական փոշոտ համազգեստով, թվում է, թե գնդացիրներին պետք է փոխարինեին գրիչներն ու կնիքները, բայց, չէ՜, հայը 21-րդ դարում էլ շարունակում է պայքարել, կռիվ տալ, մեռնել, որ ապրի…

 

Պատերազմ չե՜նք ուզում, չե՜նք նախաձեռնում, չե՜նք հրահրում... Բայց գիտե՛նք դիմակայել, գիտե՛նք մեկանալ, գիտե՛նք մի բռունցք դառնալ, գիտե՛նք ձեռք ձեռքի տալ, գիտե՛նք արյան գնով կռիվ տալ... մեզ չե՛ն ստիպում, մեզ չե՛ն համոզում, մեզ չե՛ն խնդրում... չէ՜, մենք ինքնակամ ենք գնում՝ առանց նայելու տարիքին ու օրվա հոգսին, գնում ենք, որովհետև հողը մե՛րն է, հայրենիքը մե՛րն է, երկիրը մե՛րն է...

 

Աղմուկը դադարեց ու հասկացան, որ թշնամին ետ քաշվեց: Աղմուկի ու փոշու անհետանալու հետ միասին զգացին, որ Արամը չի շարժվում: Տղաները հանեցին գլխարկներն ու բոլորի աչքերին արցունքի կաթիլներ հայտնվեցին:

 

- Տղերք, ես տեսա թե ինչ կատարվեց,- դողդողալով խոսեց զինվորներից մեկը,- Նրանք շատ էին մոտեցել մեզ, ու ինչ-որ մեկը նռնակ գցեց մեր կողմը, Արամն էլ հասցրեց հետ շպրտել, ու նռնակը հենց իրենց գլխավերևում էլ պայթեց… Բայց խփեցին,- այլևս չկարողանալով շարունակել՝ մոտեցավ ու համբուրեց ընկերոջ գլուխը:

 

Զինվորներից մի քանիսն Արամի անկենդան մարմինը գրկած հեռացրին մարտի դաշտից…

 

Ո՞ւմ է պատկանում հայկական աշխարհը… այն հայինն է, հայ զինվորինը, որից ոչ ոք մինչ օրս չի կարողացել խլել, չէ՞ որ այս հողը թաթախված է հենց նրանց արյունով… ոչ թե մեկ տարի, տասը կամ քսան, այլ դարեր ու հազարամյակներ շարունակ: Հարձակվել են, բզկտել, ամեն մեկը փորձել է փախցնել իր կտորը, բայց հայ տեսակին վերացնել չեն կարողացել ու չեն էլ կարողանա:

 

Քահանան եկել էր՝ թաղման արարողությունն անելու, կարծես իր վերջին պարտքն էլ կատարելու գյուղի համար, որովհետև հենց այդ երեկո ինքն էլ պիտի մեկներ դիրքեր: Երբ հարցրել էին, թե «Տե՛ր Հայր, ո՞ւր ես գնում, աղոթքով էնտեղ բան չես անի», ձեռքերն ուղղել էր երկինք ու աղաղակել՝ «Ե՛վ աղոթելու, և՛ պատերազմելու…»:

 

Գյուղում բոլորը լուռ էին. անկենդան զինվորի գլխավերևում երևաց քահանան ու տարածվեց աղոթքը՝ «Հայր մեր, որ յերկինս ես…»:

 

Նույն պահին, երբ որդեկորույս մայրը սգում էր որդու մահը, այդ գյուղից հազարավոր կիլոմետրեր հեռու դարձյալ լացի ձայն լսվեց. մոր աչքերը փայլում էին ուրախությունից: Նա գրկեց նորածնին ու շշնջաց. «Տղա՜ս, Արա՜մս»:

 

- Այդ ի՞նչ անուն է,- հարցրեց ֆրանսիացի բժիշկը:

 

- Հայկակա՛ն, բժի՛շկ, հայկակա՛ն անուն է,- հպարտությամբ ասաց մայրն ու ավելի ամուր գրկեց որդուն:

 

2016 թ.: Դիրքերում արյուն թափվեց, դիրքերում զինվորները հերոսացան: Արամը գնաց, բայց հենց նույն պահին ծնվեցին նոր Արամներ՝ ոմանք հայրենիքում, ոմանք հայրենիքից հեռու, ոմանք հարուստ ընտանիքներում, ոմանք՝ աղքատ, բայց մի կարևոր բան կար, որ նրանց միաբանում էր՝ հայի ոգին:

 

Թշնամին որոշել էր մեկընդմիշտ լուծել հայոց հարցը: Ոմանք կարծում էին՝ նրանց ուզածը մի քանի կտոր հող է, բայց չէ՜, հակառակորդը հեռուն գնացող ծրագրեր ուներ, նա միայն Արցախը չէր ուզում, այլ Հայաստանը, ուզում էր վերացնել հայ տեսակին, սակայն չէր սպասում, որ իր դեմ կելնեն Արամներ ճիշտ այնպես, ինչպես դուրս էին եկել Վարդանանք, ինչպես դուրս էին եկել Մոնթեն ու իր ընկերները, ու այս անգամ թշնամին ձախողվել էր մեկընդմիշտ:

 

Սկսված կարճատև պատերազմն արթնացրել էր ժողովրդին: Ամենուր աղոթք էր բարձրանում առ Աստված, յուրաքանչյուր ոք կամ մեկնում էր դիրքեր, կամ մտածում էր՝ թե ինչ կարող է անել զինվորի ու բանակի համար: Զարմանալի էր, բայց այդ օրերին չկար Հայաստան, Սփյուռք կամ Ղարաբաղ… կար պարզապես ՀԱՅ ու ՀԱՅՐԵՆԻՔ…: Հայը վերջապես հասկացավ իր հաղթանակի ակունքը, հայը վերջապես ամուր բռնեց հաղթական ուղին ու այս անգամ ապրիլը ոչ թե սգալու, այլ հաղթանակ տոնելու ամիս դարձավ:

 

Զո՜ւր էին զենքերը՝ ուղղված հայի դեմ… մենք մեռնել չունենք,

 

Հային պաշտպանող, հային բարձրացնող մենք Աստված ունենք:

 

18 տարի էր անցել ու Հայոց աշխարհի երկնքում արև էր շողում: Զինվորները գնում էին ծառայության, թեև թշնամին լռել էր մեկընդմիշտ… Բոլորն էին հիշում նրա վերջին ոտնձգությունը՝ 2016 թ-ի ապրիլին:

 

- Որտեղի՞ց ես,- հարցրեց զինվորականը:

- Ֆրանսիայից եմ: Եկել եմ՝ պարտքս կատարելու,- խրոխտ պատասխանեց 18-ամյա երիտասարդը:

- Ապրե՜ս տղաս: Անունդ ի՞նչ է:

- Արա՛մ: Մայրս է դրել, որ որտեղ էլ լինեմ, չմոռանամ իմ հայ լինելը:

- Երանի թե քո ու քո մոր պես մտածող հայերը շատ լինեին:

- Շա՜տ են… Մորս երազանքն էր, որ վերադառնա հայրենիք, բայց չկարողացավ, չհասցրեց: Հիմա ես այստեղ եմ, ու այլևս չեմ գնալու: Մորս վերջին ցանկությունն էր՝ «Արա՛մ, խոստացիր, որ պիտի գնաս Հայաստան, խոստացիր, որ պիտի գնաս ու պապուդ տունը շենացնես, խոստացիր, որ իմ անունով մի ծիրանենի կտնկես ու բոլորին կպատմես գաղթական հայի պատմությունը, կպատմես, թե ոնց հայտնվեցինք Ֆրանսիայում, բայց երբեք էլ չապրեցինք այնտեղ, որովհետև սիրտներս մնացել էր հայրենիքում…»: Եկե՛լ է տունդարձի ժամանակը, գնդապետ,- ասաց Արամն ու խոնարհվեց 2016 թ-ի զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև… 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին