Մաքուր էներգետիկա` արեւի երկրի լիարժեք չկիրառվող պաշարները - Mediamax.am

exclusive
5616 դիտում

Մաքուր էներգետիկա` արեւի երկրի լիարժեք չկիրառվող պաշարները


Լուսանկարը` Anders Hansen


Վերականգնվող էներգետիկան Հայաստանում, տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ, «վագրային թռիչքով» է զարգանում, կարծում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

 

Մեդիամաքսի հետ զրույցում նա նկատել է, որ Հայաստանում այժմ մշակույթի, մտածելակերպի փոփոխման հարց կա, որը ժամանակի խնդիր է, իսկ ոլորտի զարգացման համար նպաստավոր դաշտն արդեն առկա է:

 

Չպետք է լինի նորարարություն զուտ նորարարության համար

 

«Կարծում եմ, ռազմավարական քաղաքականությունը շատ ճիշտ եւ նպատակային է վարվում: Տարածման համար պետք է հաջողված օրինակներ լինեն: Մարդ պետք է տեսնի օգտակարությունը, որպեսզի անցնի դրան: Կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, բայց այստեղ ներդրումներ են անհրաժեշտ` ոչ միայն ֆինանսական, այլեւ գիտելիքների, փորձի առումով»,- ասել է նա:

 

Ինովացիոն տեխնոլոգիաների առումով, Անահիտ Սիմոնյանի բնորոշմամբ, մեծ ներուժ կա երիտասարդների շրջանում.

 

«Այս ծրագրի իրականացման ընթացքում մենք համագործակցել ենք ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ, միանշանակ ինովացիոն արահետն ու տնտեսությունում ինովացիաների իրական կիրառումն են մեզ տանելու դեպի զարգացում: Բայց պետք է շեշտեմ, որ չպետք է լինի ինովացիա զուտ ինովացիայի համար, այլ դա պետք է բերվի կիրառական դաշտ: Այժմ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ներուժը կարողանանք պահպանել Հայաստանում եւ նպաստ բերենք երկրի տնտեսությանը»:

 

Անահիտ Սիմոնյանը նկատում է, որ տարեկան 305 արեւային օր ունեցող երկրի բնական պաշարները չի կարելի չօգտագործել:

 

«Ցավոք, այս պահին մենք չենք օգտագործում այդ ողջ ներուժը, որ տվել են մեզ մեր բնակլիմայական պայմանները: Վերջապես պիտի ազատվե՞նք ՀԷԿ-երից եւ գազից կախվածությունից: Հասկանալի է, որ ամբողջությամբ ազատվել չենք կարող, բայց վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը պետք է հնարավորինս ավելացնենք»,- նշում է նա:

 

Անդրադառնալով տաքացուցիչների, վերականգվող էներգիայի տեխնոլոգիաների արտադրությանը, Անահիտ Սիմոնյանը նկատել է, որ դա արդեն իրականացվում է, եւ բավական հաջող:

 

«Այն ընկերությունները, որոնք սկզբնական շրջանում ունեցել են արտասահմանյան գործընկերներ կամ որոշ տեխնոլոգիաներ բերել են դրսից, կարողացել են արտադրության սկիզբ դնել: Շատ կարեւոր է, որ այդ տեխնոլոգիաների արտադրությունները օգտագործման, արտահանման հնարավորություն ունենան: Պահանջարկը միանշանակ կա, օրենսդրական դաշը եւ ներուժը` եւս: Տեղական սպառողի մոտեցումն էլ պետք է փոխվի՝ ավելի լավ է մի փոքր ավելի վճարել, բայց զարկ տալ տեղական արտադրանքին»,- շեշտել է նա:

 

Տեղական ծրագրերից մինչեւ տարածաշրջանային cleantech հարթակ

 

Վերականգնվող էներգետիկան ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի հիմնական երեք ուղղություններից մեկն է:

 

Անահիտ Սիմոնյանը պատմել է, որ տարիներ առաջ պիլոտային ծրագիր են իրականացրել Գեղարքունիքի մարզում: Փամբակ գյուղում տնային տնտեսությունների համար երկու փոքր կենսագազի կայաններ են տեղադրվել, որոնք աշխատում են մինչ օրս:

 

«Գեղամասարում եւս տեղադրել ենք միջին չափի կայան: Շինարարությունը ավարտեցինք, բայց, ցավոք, երկրորդ փուլը` շահագործումը, չեղավ, հիմա փորձում ենք ֆինանսավորում գտնել դրա համար: Սա կարեւոր նախագիծ է, փորձում ենք առաջին անգամ ներդնել մոդել, որով կենսագազի կայանը կաշխատեցվի համայնքային զարգացման հիմնադրամի կամ համայնքի, ոչ թե մեկ-երկու սեփականատիրոջ կողմից: Դա հետագայում կարող է օգտագործվել արտադրական միջոցների համար: Տեխնիկական եւ կազմակերպչական դժվարություններ միշտ լինում են մարզերի հեռավոր գյուղերում, մարդիկ ավելի շատ պահի թելադրանքով են առաջնորդվում, հեռանկարը մի քիչ դժվար են պատկերացնում եւ դա հասկանալի է: Իսկ այս ծրագրերը մի քիչ ավելի հեռանկարային էին, բայց սկզբունքորեն մենք գոհ ենք համայնքների հետ աշխատանքից»,- ասել է Անահիտ Սիմոնյանը:

 

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը ծրագիր է իրականացրել նաեւ մաքուր արտադրություններին ուղղված, որի նպատակն է, որ արտադրությունները լինեն զրո թափոններով: Մոտավորապես 20 ձեռնարկություններում այս երկու տարվա ընթացքում արվել են մաքուր արտարդրությունների, ռեսուրսների խնայողության գնահատումներ, խորհրդատվություն է տրամադրվել:

 

«Փոքր բիզնեսի հետեւից ենք գնում, քանի որ կարծում ենք, որ մեծը իր ճանապարհը կհարթի: Այժմ միջոցներ ենք փնտրում արտադրություններում էներգախնայողական ծրագրի իրականացման համար, որը շատ կարեւոր է մեզ համար: Երկու տարի առաջ Մաքուր տեխնոլոգիաների ծրագիր ենք իրականացրել ՓՄՁ-ների համար: Սա աքսելերացիոն ծրագիր էր, որը նպատակ ուներ ի հայտ բերել ծրագրային բիզնես գաղափարներ եւ դրանք դարձնել բիզնես ծրագիր, տալ ֆինանսավորման հնարավորություն: Երկու տարվա աքսելարացիոն ծրագրի արդյունքում ընդունվել է մոտ 64 բիզնես-հայտ, դասընթացներ անցնելուց հետո մասնակցել են ազգային մրցույթների: Ազգային հաղթողները մեկնել են Սիլիկոնյան հովիտ` կապեր եւ ֆինանսավորում գտնելու»,- պատմել է նա:

 

Անահիտ Սիմոնյանը կարեւորել է փոքր բիզնեսներին նոր գործընկերներ գտնելու հարցում աջակցությունը: Նա նաեւ հայտնել է, որ Մաքուր տեխնոլոգիաների ծրագրերից ծնվել է Տարածաշրջանային cleantech հարթակ ձեւավորելու գաղափարը, որով շատ հետաքրքրված են Ղազախստանն ու Ղրղըզստանը:

 

«Կարեւոր է, որ մենք կարողանանք շարժիչը Հայաստանում ունենալ»,- եզրափակել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին