Գյուղ-քաղաք խզման կրճատումը աղքատության դեմ պայքարում - Mediamax.am

exclusive
6761 դիտում

Գյուղ-քաղաք խզման կրճատումը աղքատության դեմ պայքարում


Լուսանկարը` Tom Allen

Լուսանկարը` Raffi Youredjian

Լուսանկարը` Tom Allen


Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), որոնցից, թերեւս, կարեւորագույնը աղքատության հաղթահարումն է: ՄԱԿ-ի կառույցները օգնում են Հայաստանին պայքարել աղքատության հետ միանգամից մի քանի ուղղություններով: Վերջին տարիներին կյանքի են կոչվել մի քանի ծրագրեր, որոնց արդյունքները աստիճանաբար տեսանելի են դառնում:

 

Թիրախավորված քաղաքականություն՝ կրճատելու մանկական աղքատությունը

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից անցկացված «Մանկական աղքատությունը Հայաստանում. Ազգային բազմակի եւ համընկնող խոցելիության/ կարիքավորության» վերլուծության արդյունքներով, Հայաստանում երեք երեխայից մեկը թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր: Այս երեխաներն ամենախոցելին են եւ առաջնահերթ ուշադրության կարիք ունեն  սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխաների մեծ մասը զրկված է կոմունալ ծառայություններից (ոչ բավարար ջրամատակարարում եւ ջեռուցում), բնակարանային պայմաններից եւ ժամանցային հնարավորություններից: Գյուղաբնակ երեխաների 82 %-ը կարիքավոր է, մինչդեռ կարիքավոր է քաղաքաբնակների միայն 53%-ը: Գյուղ-քաղաք այս կտրուկ խզումը նյութական-կոմունալ վատ պայմանների եւ տեղեկատվության հասանելիության մեջ է:

 

«Հավատալով, որ բոլոր երեխաները ունեն հավասար իրավունքներ՝ մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է օգնության առաջնահերթ շեշտը դնել առավել քիչ հնարավորություններ ունեցող, աղքատության մեջ ապրող երեխաների կարիքների վրա, օգնել, որպեսզի վերջիններս կարողանան իրացնել իրենց ներուժը եւ դուրս գան աղքատությունից: Այդ պատճառով մեր ուշադրության կենտրոնում են գտնվում բնակչության աղքատ եւ սոցիալական մարգինալ հատվածի երեխաները, ովքեր, ապրելով աղքատ ընտանիքում, ավելի քիչ հնարավորություններ ունեն»,- ասել է ՄԱԿ-ի մակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում համոզված են, որ մանկական աղքատության կրճատմանն ուղղված քաղաքականությունները պետք է նպաստեն տնային տնտեսությունների հզորացմանը՝ ինչպես փոխանցումների, այնպես էլ աշխատաշուկայի միջոցով: 

 

Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի հիմնել «ծառայությունների շարունակականություն»` մի համակարգ, որտեղ զանազան ծառայություններ մատուցողները գործում են համակարգված կերպով` լուծելու երեխաների առջեւ կանգնած խնդիրները եւ երեխաներին տրամադրելու սոցիալական պաշտպանության համալիր ծառայություններ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը ձեռք բերելու երեխաների եւ նրանց ընտանիքների իրավիճակի վերաբերյալ հուսալի եւ տարբերակված տվյալներ;

 

Սոցիալական քաղաքականությունների եւ բյուջեների մշակման ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնահատում է, թե սոցիալական պաշտպանությունը եւ սոցիալական ծախսերն ինչպես են օգնում երեխաների աղքատության հաղթահարմանը:

Լուսանկարը` Raffi Youredjian

«Մենք գիտենք, որ Հայաստանում երեխաների շուրջ 1/3-ն ապրում է աղքատության մեջ: Աղքատությունը մեծապես ազդում է երեխաների կյանքի որակի վրա՝ զրկելով նրանց շատ  հնարավորություններից: Աղքատությունն ազդում է երեխաների սնուցման, առողջության, զարգացման վրա: Համոզված ենք, որ թիրախավորված քաղաքականությունների միջոցով կարող ենք միջամտել՝ կրճատելու աղքատությունը երեխաների շրջանում»,- նշում է Տանյա Ռադոչայը:

 

Այս նպատակներին հասնելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը համագործակցում է ՀՀ կառավարության հետ մի քանի ուղղություններով: 

 

-  օգնում է Հայաստանին կառուցել սոցիալական աջակցության արդյունավետ համակարգ՝ ինտեգրված սոցիալական ծառայություններով: Այս համակարգը նախատեսում է  սոցիալական աշխատողի հաստիքի ներդրումը: Վերջինս գնահատում է ընտանիքի սոցիալական վիճակը, վերջինիս արդյունավետ սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով;

 

- համագործակցում է առողջապահության ոլորտի մասնագետների հետ՝ ընտանիքներին տրամադրելով երեխաների առողջ սնուցման եւ զարգացման վերաբերյալ գիտելիքներ եւ հմտություններ;

 

- օգնում է ընդլայնել հեռավոր գյուղական բնակավայրերում ապրող երեխաների վաղ ուսուցման հնարավորությունները:

 

«Սովորաբար հեռու գյուղական համայնքներում մանկապարտեզներ չկան, եւ երեխաները զրկված են լինում վաղ տարիքում սովորելու հնարավորությունից: Հետագայում, միանգամից դպրոց հաճախելով, նրանք կրթության հարցում բախվում են խնդիրների, որոնք հնարավոր էր լուծել միայն վաղ հասակում»,- ասում է Տանյա Ռադոչայը:

 

Սյունիքի 8 գյուղական համայնքների 3-6 տարեկան երեխաների շրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն արդեն իրականացնել է վաղ ուսուցման ծրագրեր:

 

Աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով

 

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/ՅՈՒՆԻԴՕ) զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներում իր ջանքերն ուղղում է կայուն արդյունաբերական զարգացմանը եւ մասնավոր հատվածի օժանդակությամբ այդ երկրներում աղքատության կրճատմանը: ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005 թ. մայիսին` նպատակ ունենալով  օժանդակելու մասնավոր հատվածին եւ իրականացնելու երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ ծրագրեր:

 

ՄԱԱԶԿ -ն Հայաստանում իրականացնում է տեխնիկական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են ՓՄՁ-երի զարգացմանը, ներդրումների եւ արտահանման խթանմանը, արտադրության եւ առեւտրի ոլորտում գործարար կապերի եւ նորարարական բիզնեսների ստեղծմանն ու զարգացմանը, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների փոխանցմանը, վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացմանը, վտանգավոր թափոնների կառավարմանն  ու օզոնային շերտի պահպանմանը:

 

Հայաստանում աղքատության կրճատմանը ՄԱԱԶԿ-ն փորձում է նպաստել արտադրական գործունեության միջոցով: 

 

ՄԱԱԶԿ-ն ներկայում իրականացնում է Հայաստանում տեխնիկական աջակցության 9 ծրագիր` $ 7 638 000 արժողությամբ: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել եւ 7 ծրագրեր՝ $ 6 700 000 արժողությամբ

 

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ֆոնդ» ծրագիրը իրականացվել է Ճապոնիայի կառավարության կողմից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին տրված ծրագրի շրջանակներում, որը միտված էր ստեղծել ապրուստի կայուն եկամուտ սոցիալապես անապահով խմբերի, այն է՝ փախստականների եւ տեղահանված ընտանիքների համար ՀՀ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի Գեղամասար, Փամբակ եւ Քասախ համայնքներում` տրամադրելով ուսուցում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու եւ բիզնես ծրագրեր կազմելու ուղղությամբ:

 

Ծրագրի երկրորդ հիմնական բաղադրիչը ՓՄՁ-ներին աջակցող շրջանառու հիմնադրամի հիմնումն է եւ սկսնակ ՓՄՁ-ներին բիզնես-վարկերի տրամադրումն է  գործող շուկայականից ավելի շահավետ պայմաններով: Վերջին երկու տարվա ընթացքում վարկերը տրամադրվել են մեղվաբուծության, ձկնաբուծության, հացի եւ հացաբուլկեղենի, կաթնամթերքի, զովացուցիչ ըմպելիքների, կահույքի եւ դուռ/լուսամուտի արտադրությունների, ատամնաբուժական եւ դեղատնային ծառայություններ, հյուրատնային բիզնես, մանրածախ առեւտուր, հանրային սննդի մատուցման, ավտոմեքենաների սպասարկման ոլորտներում բիզնես սկսելու նպատակով:

 

Ծրագրի մեկնարկից` 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2015թ. դեկտեմբերը ներառյալ ծրագրի շրջանակներում տեղաբաշխվել է մոտ 285 միլիոն ՀՀ դրամ եւ ֆինանսավորվել է 113 ծրագիր, մինչեւ 90% վարկերի վերադարձելիությամբ եւ 30% շահառուների կրկնակիությամբ:

Լուսանկարը` Tom Allen

ՄԱԿ-ի «Ապրուստի կայուն եկամուտ սոցիալապես անապահով խմբերի՝ փախստականների, տեղահանված եւ բնիկ ընտանիքների համար» համատեղ ծրագրի շրջանակներում ՄԱԱԶԿ-ն իրականացրել է մի շարք համայնքների զարգացման ծրագրեր Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում:

 

2013թ-ի մարտից Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնվել է «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի իրականացումը, որի նպատակն է աջակցել 18-35 տարեկան երիտասարդներին հիմնելու սեփական գործ կամ ընդլայնելու գործող բիզնեսները` այդպիսով խթանելով տեղական մասնավոր ոլորտի կայուն զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի ապացուցելու, որ երիտասարդները վարկունակ են եւ ընդունակ վարկերն ուղղելու եկամտաբեր բիզնեսների զարգացմանը:

 

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Հայաստանի երիտասարդների ձեռներեցության աջակցման շրջանառու ֆոնդ, որի միջոցով երիտասարդներին տրամադրվում են մատչելի վարկեր: Ծրագրի իրականացման փորձնական փուլի համար ընտրվել էին Լոռու եւ Շիրակի մարզերը, այնուհետեւ ընդլայնվել նաեւ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

 

Ծրագրի սկզբից մինչեւ 2016թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում փաստացի վարկավորվել է 76 շահառու, վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 475,000 եվրո: Մինչ այժմ ստեղծվել է ավելի քան 80 նոր աշխատատեղ:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին