Սոցիալական ձեռներեցությունը՝ կարեւոր գործիք աղքատության դեմ պայքարում - Mediamax.am

exclusive
12975 դիտում

Սոցիալական ձեռներեցությունը՝ կարեւոր գործիք աղքատության դեմ պայքարում


Այբ դպրոցում
Այբ դպրոցում

Լուսանկարը` Այբ

Արտակ Մելքոնյանը
Արտակ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՍՄԱՐԹ կենտրոնի նախագիծը
ՍՄԱՐԹ կենտրոնի նախագիծը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ


Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), որոնցից, թերեւս, կարեւորագույնը աղքատության հաղթահարումն է: Վերջին շրջանում Հայաստանում սկսում են թափ հավաքել սոցիալական ձեռներեցության ծրագրերը եւ ՄԱԿ-ը մեծ ջանքեր է գործադրում դրանց ծավալն ու ընդգրկումը ընդլայնելու համար:

 

Սոցիալական ձեռներեցությունը եւ հանրօգուտ ներդրումները որպես տնտեսական զարգացման գործիք

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյան համոզմամբ, երկրի տնտեսական զարգացման համար բավարար չեն ավանդական բարեգործության դրսեւորումները: 

 

«Ակնհայտ է, որ դասական բարեգործության մեթոդները այլեւս հնացած են, բավարար չեն եւ նույնիսկ որոշ պարագաներում խոչնդուտում են երկրի տնտեսական զարգացմանը:  Երբ խոսքը գնում է տնտեսական զարգացման եւ աղքատության դեմ պայքարի մասին, սոցիալ ձեռներեցության մոտեցումներն ավելի արդյունավետ, շարունակական եւ կայուն են, քան ավանդական ձեւաչափերը»,- ասում է Արտակ Մելքոնյանը:

 

Նա հիշատակում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության եւ հանրօգուտ ներդրումների ոլորտի հաջողված նախագծերը՝ Թումո կենտրոնը, Տաթեւի ծրագիրը, UWC Dilijan քոլեջը, Teach For Armenia ծրագիրը, Impact Hub Yerevan-ը եւ այլն: Արտակ Մելքոնյանի խոսքերով, չնայած բոլոր դժվարություններին`Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրությունը զարգացման լավ հիմքեր ունի:

 

«Սա մի նոր տնտեսական ձեւաչափ է, որը մենք պետք է քարոզենք եւ տարածենք: Սա մի նոր առաջադեմ ուղղություն է, որը որդեգրելով ձեռներեցության, նորարարության,  շուկաների ըդլայման սկղբունքները թիրախավորում է  հանրային կամ սոցիալական օգտի ծավալումը: Այսօր մեր երկրում սոցիալ ձեռներեցությամբ զբաղվում են առանձին մարդիկ, մինչդեռ պետք է այնպես անել, որ այն կրի զանգվածային բնույթ։ Այս առւոմով մեր ջանքերը ուղված են նպաստավոր եկոմամակարգ ստեղծելու սոցիալական ձեռներեցության եւ հանրօգուտ ներդրումների խթանման համար»,- շեշտում է նա:

 

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2017թ. գարնանը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որտեղ քննարկվելու ենք սոցիալական ձեռներեցությանը եւ հանրօգուն ներդրումներին միջազգային կառույցների կողմից աջակցման հարցերը:

 

Համաժողովին կմասնակցեն հանրօգուն ներդրումների ասպարեզում առաջատար երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, դոնորներ:

Արտակ Մելքոնյանը Արտակ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք կփորձենք հասկանալ այն ձեւաչափերը, որոնք կարելի է այս ոլորտում կիրառել, եւ երկրորդը՝ մենք կփորձենք Հայաստանը դիրքավորել որպես սոցիալական ձեռնարկությունների լաբորատորիա: Հայաստանում նման ծրագրերը  ավելի տեսանելի են իսկ  ազդեցությունը տնտեսության վրա ավելի շուշափելի քան խոշոր երկրներում»,- նշել է Արտակ Մելքոնյանը:

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ ստեղծվել է նաեւ Կոլբա նորարարական լաբորատորիան, որի «Նորարար առաջընթաց» ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականի փետրվարին:

 

Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման եւ զարգացման ծրագրերի իրականացման գործում:

 

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում եւ կառավարման նորարարություն:

 

Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել բաց մրցույթների շարք, որոնք երկրի համար առաջնային խնդիրների լուծումների մշակումը կպատվիրակեն քաղաքացուն՝ այդ խնդիրների անմիջական օգտատիրոջը: Յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել լուծումներ, որոնցից լավագույնները կանցնեն ինկուբացիոն շրջան եւ նախնական աջակցություն կստանան ՄԱԶԾ եւ Եվրամիության կողմից:

 

«Հայաստանի ապագան սերտ կապված է երկրի նորարարության ներուժի հետ: ԵՄ-ն աջակցում եւ խրախուսում է նորարարությունը Հայաստանում համագործակցության տարբեր ծրագրերի միջոցով՝ տնտեսական զարգացման, կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Հայաստանի վարչական համակարգի բարեփոխումներում նորարարությունը ապահովելու համար կարեւոր է խրախուսել քաղաքացիների ակտիվությունը եւ քաջալերել քաղաքականության մշակման ընթացքում նոր մտքերի ներառումը»,- ասում է Հայաստանում Եվրամիությամ Պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

 

Սոցիալական ձեռներեցության կարեւորության մասին խոսում են նաեւ Հայաստանում խոշոր ծրագրեր իրականացնող բարեգործական հիմնադրամների ղեկավարները:

 

«Մենք հավատում ենք, որ մշակույթը, կրթությունն ու սոցիալական ձեռներեցության զարգացումը այն տարրերն են, որոնք կօգնեն Հայաստանին անցում կատարել գոյատեւման մոդելից դեպի բարգավաճում», - ասում է IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Լոռու մարզի Դեբեդ համայնքում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման համար «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ներդրել է ավելի քան 3 մլն դոլար:

ՍՄԱՐԹ կենտրոնի նախագիծը ՍՄԱՐԹ կենտրոնի նախագիծը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում:

 

Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամից տեղեկացրել են, որ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի գործիքներ ու գերժամանակակից միջավայր տրամադրել՝ համայնքներին խրախուսելով գործի դնել իրենց ողջ ներուժը:

 

«ՍՄԱՐԹ կենտրոնները դառնալու են գիտելիքի փոխանակման էպիկենտրոններ՝ խթանելու համար Հայաստանում խոստումնալից, սակայն դեռ աջակցության կարիք ունեցող համայնքների զարգացումը: ՍՄԱՐԹ կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին եւ տնտեսագիտությանն առնչվող նախագծեր», - նշել են հիմնադրամում՝ ընդգծելով, որ նպատակ ունեն կկրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի տարբեր մարզերում:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին