Աղքատության հաղթահարման «դեղատոմսերը» - Mediamax.am

exclusive
6792 դիտում

Աղքատության հաղթահարման «դեղատոմսերը»


Լուսանկարը` Marco Fieber

Լուսանկարը` UNDP

Լուսանկարը` UNDP


Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), որոնցից, թերեւս, կարեւորագույնը աղքատության հաղթահարումն է: Չնայած Հայաստանի անկախությունից անցել է 25 տարի, աղքատությունը շարունակում է մեծագույն խնդիր մնալ՝ պաշտոնական տվյալներով, աղքատ է համարվում Հայաստանի քաղաքացիների 1/3-ը:

 

Երեք երեխաների մայր Ալվարդ Դավոյանը ընտանիքը սոցիալական ծանր վիճակից դուրս բերելու համար եւս չորս կանանց հետ որոշել է սեփական փոքրիկ բիզնեսը սկսել: Լոռվա մարզի Վարդաբլուր գյուղում կանայք հիմնել են «Առողջ սնունդ» գյուղատնտեսական կոոպերատիվը, որը զբաղվելու է բրոկոլիի աճեցմամբ:

 

«Բարեկարգ ջերմոց ունենալու եւ բարձրակարգ մշակաբույսեր աճեցնելու հարմար տարբերակների փնտրտուքի մեջ էի: Համացանցի եւ ծանոթներիս միջոցով տեղեկացա ՄԱԿ-ի կողմից իրականացվողԵվրամիության ENPARD ծրագրի մասին եւ նախորդ տարի դիմեցի: Աշնանը համապատասխան դասընթացների մասնակցեցի: Որպես աջակցություն 3 մլն դրամի սահմաններում մեզ ջերմոց, մշակման պարագաներ և բրոկոլիի սերմեր տրամադրեցին։ Այժմ սպասում ենք եղանակային պայմանների բարելավմանը, որպեսզի սկսենք սածիլների տեղափոխումը ջերմոցից՝ դաշտ»,- Մեդիամաքսին պատմել է նա:

 

Բիզնեսից ակնկալիքները մեծ են, քանի որ, ինչպես նշում է Ալվարդ Դավոյանը, բրոկոլին տարեկան մի քանի անգամ է բերք տալիս.

 

«Եթե եղանակը եւ որոշակի հանգամանքներ չխանգարեն, ապա հնարավոր կլինի զգալի արդյունքների հասնել եւ ավելի մեծ եկամուտ ստանալ, քան այս տարածաշրջանում մշակվող կարտոֆիլից կամ հացահատկից: Մտավախություն ունենք, որ իրացման հարցում ենք դժվարություն ունենալու, բայց հույս կա, որ համապատասխան կառույցներ կլինեն, որոնք կօգնեն, կուղղորդեն»:

 

Մինչ այս կոոպերատիվը հիմնելը 40-ամյա Ալվարդ Դավոյանը ջերմոցային տնտեսությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվել է, ինչն արել է աշխատանքին զուգահեռ: Ալվարդն ընտանիքում միակ գումար վաստակողն է: Սկեսուրը թոշակառու է, ամուսինը` գործազուրկ մանկավարժ, իսկ երեք երեխաներից երկուսը` ուսանող: Կնոջ աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի միայն դրանով ընտանիքը կարողանա լիարժեք ապրել, եւ բիզնեսը կարող է նրանց բարեկեցիկ ապրելու հնարավորությունը դառնալ:

 

«Հուսով եմ, որ սա նաեւ օրինակ կծառայի համայնքի մյուս կանանց համար, ովքեր աշխատանք չունեն»,- ասում է Ալվարդ Դավոյանը, ով համայնքային սոցիալական աշխատող է վեց գյուղերում եւ իր աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել: Նա նշում է, որ տարբեր կառույցների գործունեությունն ու համայնքներում գյուղատնտեսության զարգացմանն աջակցությունը շատ կարեւոր է:

 

Կանխել աղքատության մշակույթի ձեւավորումը. աջակցություն ՀԿ-ներից

 

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Ընտանիք եւ համայնք» բարեգործական-հասարակական կազմակերպությունը սոցիալապես անապահով ընտանիքների` ծանր վիճակից դուրս գալուն աջակցողներից մեկն է:

 

Կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, ով երկու երեխաների խնամատար ծնող է եղել, ընտանիքներին աջակցության ծրագիրը սկսել է իրականացնել 2002թ.-ից: 

 

Մեծամոր համայնքում ցերեկային կենտրոն հիմնելու հրավեր ստացել են Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանից, ով առաջնորդարանի տարածքում շենք ու հովանավորություն է տրամադրել: Այս տարի արդեն նմանատիպ կենտրոն են բացել Իջեւանում` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ:

 

«Աղքատությունը միայն նյութականը չէ։ Ցավոք, երբ այն շատ երկար է տեւում, ինչպես Հայաստանում է, իր հետ ձեւավորում է աղքատության մշակույթ։ Աղքատությունը ոչ միայն առողջական, կրթական խնդիրների վրա է ազդում, այլեւ այս ընտանիքների համար անհաղթահարելի մի բան է դառնում։ Մարդիկ սկսում են մտածել, որ ոչինչ չի փոխվի, եւ քայլեր չեն ձեռնարկում այդ վիճակը հաղթահարելու համար»,- ասում է նա:

 

Քնարիկ Գարանֆիլյանն այն համոզմունքին է, որ նախ համայնքը պետք է ձեռք մեկնի ընտանիքներին։ Ըստ նրա` խնդիրը պետք է լուծվի սոցիալական աշխատողների ակտիվ գործունեությամբ, ոչ թե սոսկ նպաստներ բաժանելով:

 

«Պիտի փորձենք թե պատճառների, թե հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատել։ Ավելի քիչ ծախսատար է կանխարգելումը, քան այն, որ սպասենք ընտանիքը հասնի որոշակի վիճակի, նոր մտածենք՝ ինչպես հաղթահարել դա։ Կանխարգելումը կարող է լինել ցերեկային կենտրոնների տեսքով, ինչպիսին մենք եւ մեր շատ գործընկերներ ստեղծել ենք։ Երեխաները դպրոցից հետո գալիս են կենտրոն, ունենք հոգեբան, սոցիալական աշխատողներ, ովքեր զբաղվում են երեխաների հետ»:

 

Կենտրոնում երեխաներին ու նրանց ծնողներին տարբեր հմտություններ են սովորեցնում: Ունեն երգչախումբ, տիկնիկային թատերախումբ, նկարչության խմբակ եւ այլն: Օրինակ, շյուղագործական խմբակներում ծնողները ոչ միայն իրենց երեխաների համար են հագուստ գործում, այլեւ պատվերներ են ստանում։ Ինչպես պատմում է կազմակերպության ղեկավարը, հաճախ շատերը լրացուցիչ հագուստ են գործում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների երեխաների համար:

 

«Սա լավ մշակույթ է ստեղծում. լինելով կարիքի մեջ, նրանք փորձում են օգնել կարիքի մեջ գտնվող այլ մարդկանց: Ոչ միայն իրենց դժվարությունն են հաղթահարում, այլեւ սկսում են ձեռք մեկնել մյուսին»:

Լուսանկարը` UNDP

Կազմակերպությունը մեծ փորձ ունի վարքային խնդիրներով եւ ոստիկանությունում հաշվառված երեխաների հետ: Խմբակների մասնակցելով, հոգեբանի եւ սոցիալական աշխատողի աջակցությամբ` այս երեխաները նույնպես ինտեգրվել են համայնքին, այժմ էլ ամուսնացել են եւ լավ ընտանիքներ ունեն:

 

Քնարիկ Գարանֆիլյանը շատ է կարեւորում նաեւ եկեղեցու դերը. «Սա մեծագույն ռեսուրս է, քահանան շփվում է ընտանիքների հետ, տեսնում է նրանց վիճակը, ինչ-որ կերպ պետք է փորձի օգնել նրանց: Եկեղեցու դերը մեծ է նաեւ արժեհամակարգային եւ բարոյահոգեբանական խնդիրները լուծելու հարցում»:

 

Ինչ վերաբերում է նյութական աջակցությանը, կազմակերպությունը, սովորաբար, խուսափում է զուտ գումարներ տրամադրելուց եւ փորձում է երկարաժամկետ ֆինանսական ապահովվածության հնարավորություններ ստեղծել:

 

«Իհարկե, կան դեպքեր, որ պարզապես չենք կարող դրամական կամ սննդային աջակցություն չցուցաբերել: Այդ օգնությունն էլ պետք է արժանապատիվ լինի եւ իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Մեր տված հմտությունների, հնարավորությունների միջոցով մարդն ինքն է ստեղծում իր գումարը: Սա է աղքատության հաղթահարման ճանապարհը, անշուշտ երկար է տեւելու»,- ասում է նա:

 

Ինտեգրված սոցիալական համակարգը` «անհատական դեղատոմս» յուրաքանչյուրին

 

2010թ.-ից Հայաստանում մեկնարկել է ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման ծրագիրը, որն այժմ անցումային փուլում է եւ ամբողջական իրականացումը երկար ժամանակ է պահանջում: Այսօրվա վարչարարությունից (նպաստներ, օգնություն բաժանել) անցում է կատարվում կոնկրետ ընտանիքի, քաղաքացու կարիքների գնահատման, դեպի համապատասխան օգնություն տրամադրող կառույցներ ու քաղաքացիներ ուղղորդման եւ արդյունքի վերահսկման:

 

Համակարգին անցման առաջին փուլը ենթադրում է շենքների կառուցում, համատեղ միասնական ընդունարանի ստեղծում:

 

Այս համակարգն ունի երեք հիմնական փուլ` մեկ միասնական ընդունարան (վարչարարությունն ու ստեղծագործ աշխատանքը բաժանող գործառույթ), սոցիալական դեպքի վարում (դեպք վարողն ընտանիքի շուրջ հավաքում է պետական, հասարակական, մասնավոր ցանցերն ու սկսում է խնդիրների լուծում), ըստ համայնքների կարիքների քարտեզագրում (համայնքներն իրենք պետք է հավաքագրեն խնդիրները, որից հետո կկազմվեն սոցիալական պլաններ):

 

Վանաձորի համայնքային սոցիալական աջակցության տարածքային բաժինը, որ հայտնի է որպես «Փարոս» բաժանող կառույց, մինչ տարածաշրջանում համակարգի ներդրման մեկնարկը, արդեն փորձնական ծրագրեր է իրականացրել:

 

Ինչպես նշում է բաժնի պետի տեղակալ Արմեն Ավետյանը, կարողացել են միանգամից անցնել երկրորդ փուլին. մինչ անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարզպետարանի, քաղաքապետարանի, միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրերի արդյունքում փորձնական ներդրել են սոցիալական դեպքի վարման համակարգը:

 

Արմեն Ավետյանի բնորոշմամբ` այս համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատի աղքատությունը հաղթահարելու առանձին «դեղատոմս» պետք է տրվի:

Լուսանկարը` UNDP

«Կան խնդիրներ, որոնք հատուկ են ամբողջ հանրապետությանը, կան` կոնկրետ համայնքին: Անհատապես մոտենալով` պետք է փորձենք ըստ համայնքների խմբավորել խնդիրները, տեղական սոցիալական պլաններ մշակելով` ուղղորդել հարցերի լուծմանը»,- ասում է նա:

 

Փորձնական ծրագրով մոտ 2000 ընտանիքի հետ աշխատանք տարվել է, սակայն, ինչպես նկատում է Արմեն Ավետյանը, դեպքի վարումը պետք է ամբողջ ծավալով արվի, հիմնական, եւ ոչ թե փորձնական աշխատանք լինի:

 

 «Բոլոր խնդիրները դիտարկելիս` մենք յուրաքանչյուրի կարիքի գնահատում ենք անում, անհատական լուծումներ առաջարկում: Իսկ, օրինակ, նպաստի համակարգում, կոնկրետ գումար է տրամադրում պետությունը եւ ասում` ինչպես ուզում ես քո հարցերը լուծիր: Բավարարում է, թե ոչ, արդեն այլ խնդիր է: Մեծամասամբ երեւում է, որ դա արդյունավետ տարբերակ չէ, յուրաքանչյուրին անհատական, ըստ իր կարիքի աջակցության հատկացումը կարող է լուծել խնդիրները»:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին