Հայաստանում կանայք դեռեւս քիչ են ներգրավված որոշումների կայացմանը - Mediamax.am

exclusive
6705 դիտում

Հայաստանում կանայք դեռեւս քիչ են ներգրավված որոշումների կայացմանը


Լուսանկարը` IREX


Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ընթանում էին ինստիտուցիոնալ, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ` ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) կենսագործմանը: Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ):

 

Հայաստանի կողմից Հազարամյակի զարգացման նպատակների իրագործումն ամփոփվել է «Առաջընթացի ազգային զեկույց. Հայաստան 2015թ.» փաստաթղթում, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:

 

Մեդիամաքսը «Առաջընթացի ազգային զեկույց. Հայաստան 2015թ.»-ից առանձնացրել է գենդերային հավասարության խթանման եւ կանանց մասնակցության ընդլայնմանը նվիրված բաժինը:

 

Գենդերային հավասարության խթանման եւ կանանց մասնակցության ընդլայնման գծով, ըստ զեկույցի, Հայաստանն իր առջեւ դրված թիրախներին չի հասել: Թեեւ տղամարդիկ եւ կանայք ունեն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ (ընդ որում բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկված կանանց թիվն ավելի բարձր է), կանայք դժվարությունների են բախվում բարձր վարձատրվող աշխատատեղեր գտնելու հարցում, հատկապես` ոչ գյուղատնտեսական ոլորտում: 2013թ. կանանց զբաղվածության մակարդակը կազմել է 46%, իսկ տղամարդկանցը՝ 62%:

 

Ինչպես վկայում են տվյալները, Հայաստանում կանայք շատ ավելի քիչ են ներգրավված որոշումների կայացում ենթադրող պաշտոններում` երկրի տնտեսական, գործարար եւ քաղաքական կյանքում: Թեեւ կին խորհրդարանականների թիվը եռապատկվել է, 2015թ․ դրությամբ այն դեռեւս գտնվում է շատ ցածր մակարդակի վրա (11%), ընդ որում կանանց ընդգրկվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում սահմանափակ է, իսկ քաղաքային համայնքների եւ տարածաշրջանային կառավարման մարմիններում կանանց ընդգրկվածությունը որպես համայնքի ղեկավար գործնականում բացակայում է:

 

Հայաստանի համար ընտրված թիրախն է եղել մինչեւ 2015թ. քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության բարձրացումը:

 

ՀՀ կառավարությունը 2004-2010 եւ 2011-2015թթ. իրականացրել է գենդերային հավասարության խթանմանն ուղղված Ազգային միջոցառումների ծրագրեր, 2010թ. ընդունել է Գենդերային քաղաքականության հայեցակարգը, իսկ 2013թ.՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը:

 

Այնուամենայնիվ, կանայք ի վիճակի չեն իրացնել օրենքով երաշխավորված իրավունքները, քանի որ աշխատատեղերը եւ հատկապես քաղաքական եւ ղեկավար պաշտոնները դեռեւս սահմանափակ են կանանց համար, ինչը մեծացնում է գործազրկության եւ աղքատության վտանգը:

 

«Գենդերային բարոմետր» հետազոտության շրջանակներում հարցվածների գրեթե երկու երրորդը համաձայն է, որ հայաստանյան հասարակությունում տղամարդկանց եւ կանանց միջեւ առկա է անհավասարություն, ընդ որում նման պնդման հետ համամիտ չէ հարցվածների միայն 8%-ը: Բացի այդ, հարցվածների մեծամասնությունը համարում է, որ կանանց իրավունքները խախտվում են բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, քաղաքականությունում, աշխատավայրում եւ այլուր: Կանայք ավելի հաճախ են զբաղվում այնպիսի աշխատանքով, որը քիչ է համապատասխանում նրանց մասնագիտական որակավորումներին եւ գիտելիքներին: Տղամարդկանց համեմատ կանայք նաեւ պակաս բավարարված են իրենց աշխատավարձով եւ մասնագիտական զարգացման հնարավորություններով: Գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնությունը տեղի է ունենում հասարակությունում կանանց ցածր դերակատարման, ինչպես նաեւ նրանց տնտեսական կախվածության պատճառով:

 

Նորածինների սեռերի միջեւ անհավասարակշռության մակարդակին նվիրված ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջերս իրականացված հետազոտության տվյալները վկայում են, որ անկախությունից ի վեր Հայաստանում աճել է նորածինների սեռերի անհավասարությունը, որն, ըստ վիճակագրական տվյալների, 2011թ.-ին կազմում էր 100 աղջկա հաշվով 114 տղայի ծնունդ:

 

«Հայաստանում գենդերային անհավասարության հիմնական պատճառներն արմատացած են մշակույթում եւ պայմանավորված են կանանց եւ տղամարդկանց ավանդականորեն վերագրվող դերերի ընկալմամբ եւ ընդունմամբ ընտանիքում, աշխատավայրում, ազգականների նեղ համայնքում կամ հանրության լայն շրջանակներում»,- ասված է զեկույցում:

 

Վերջին տասնամյակում արձանագրվել է պետական եւ մասնավոր հատվածում կանանց զբաղեցրած բարձր վարձատրվող ղեկավար պաշտոնների մասնաբաժնի աճ, սակայն դրանց թիվը դեռեւս շատ փոքր է: Գենդերային հավասարության ուղղությամբ սահմանված թիրախի գծով Հայաստանը հետ է մնում իր ցուցանիշների կատարումից: Ամենաթույլ արդյունքները գրանցվել են հենց այս նպատակի ուղղությամբ:

 

Կանանց մասնակցությունն աճել է Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ կառավարության աշխատակազմում, ինչպեu նաեւ խորհրդարանում, սակայն մասնակցությունը շատ ցածր է տարածքային կառավարման մարմինների եւ համայնքների ղեկավարների մակարդակով: Հայաստանի տնտեսության ոլորտում, գործարար աշխարհում, ինչպեu նաեւ քաղաքական կյանքում կանայք զրկված են որոշումների կայացման հետ կապված պաշտոններում ներգրավված լինելու լայն հնարավորությունից:

 

Կանանց տնտեսական ակտիվության ցուցանիշը տղամարդկանց համեմատ ավելի ցածր է եւ կազմում է 55%՝ 72%-ի համեմատ, ընդ որում այս գործակիցը վերջին տասնամյակում մնացել է գրեթե անփոփոխ: Գնալով աճում է տղաների համեմատ այն աղջիկների թիվը, ովքեր չեն սովորում եւ ոչ էլ աշխատանք ունեն:

 

Միաժամանակ, հարկ է նշել, որ կանանց մասնակցությունը պետության ֆինանսավորմամբ իրականացվող աշխատաշուկայի ակտիվ ծրագրերում երկու անգամ ավելի է բարձր է տղամարդկանց մասնակցությունից:

 

Մասնագետները կարծում են, որ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններն ավելի մեծ հավանականություն ունեն հայտնվելու աղքատության մեջ, քան տղամարդկանց կողմից ղեկավարվողները:

 

Զեկույցի համաձայն՝ 2000թ. ի վեր արձանագրվել է աշխատավարձերի անհավասարության զգալի նվազեցում: 2013թ․ դրությամբ կանայք, ընդհանուր առմամբ, վաստակում էին շուրջ 34%-ով ավելի քիչ, քան տղամարդիկ: Աշխատավարձերի տարբերությունն ամենափոքրն է արվեստի, ժամանցի, հանգստի, հանրային սննդի, հյուրանոցային եւ գյուղատնտեսական հատվածներում: Տարբերությունն արտադրության, ֆինանսների եւ ապահովագրության ոլորտներում կազմել է 40%, հանրային կառավարման, պաշտպանության եւ առողջապահության ոլորտներում՝ 30%:

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախկին եւ շարունակական փորձը ցույց է տվել, որ կանայք ղեկավարելու ավելի շատ ունակություններ եւ ցանկություններ ունեն` հաշվի առնելով նրանց գիտելիքների մակարդակն ու որոշումներ կայացնելու հարցում հետաքրքրվածությունը, ինչն ազդում է նրանց եւ հասարակության կյանքի վրա:

 

Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված եւ ՀՀ տարածքային կառավարման եւ  զարգացման նախարարության հետ համագործակցությամբ 2012-2015թթ. իրականացված «Կանայք տեղական ժողովրդավարություն»-ում (WILD) ծրագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանի 10 մարզերում աշխատանքներ է տարել տեղական մակարդակում կանանց հզորացման ուղղությամբ: Այժմ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակում է այդ աշխատանքը Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության գործակալության աջակցությամբ: 

 

Մասնավորապես աջակցել է տեղական ինքնակառավարման մեջ կանանց մասնակցության հնարավորությունների մեծացմանը, կանանց` լայնամասշտաբ մասնակցությունն ապահովելու` տեղական ինքնակառավարման մարմինների պոտենցիալի բարձրացմանը, գենդերային հավասարության եւ տեղական ինքնակառավարման հարցերի վերաբերյալ հանրությանն իրազեկելուն:

 

2016-2020թթ․ Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության ծրագրի հիմնական առաջնահերթություններից մեկը գենդերային հավասարությունն է, այն է՝  «Մինչև 2020թ․ Հայաստանն արձանագրել է ավելի մեծ առաջընթաց գենդերային անհավասարության նվազեցման առումով, և կանայք ավելի լայն հնարավորություններ ունեն, ու քիչ հավանական է, որ ենթարկվեն ընտանեկան բռնության»:

 

Այս հարցում Հայաստանին աջակցելու համար ՄԱԿ-ը հավակնոտ նպատակ է որդեգրել` մինչեւ 2020թ.-ը ապահովել որոշումների կայացման հետ կապված՝ կանանց զբաղեցրած պաշտոնների տոկոսի աջը ազգային և տեղական մակարդակներում, մասնավորապես օրենսդիր մարմիններում՝ 14%, դատական մարմիններում 30%, գործադիր մարմիններում 18%, համայնքային ղեկավարների մասով՝ 3% և խորհրդի անդամների մասով՝ 15% աճ։

 

Մարտահրավերներ եւ հեռանկարներ

 

ՀԶՆ-ների ցուցանիշներում արտացոլված չեն մի շարք գենդերային հավասարության հետ կապված այլ մարտահրավերներ, որոնք սակայն շատ կարեւոր են եւ պահանջում են առանձնակի ուշադրություն։ Դրանց թվում են՝ նորածինների շրջանում սեռերի մեծ անհամամասնությունը, գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնությունը:

 

Մասնագետները նշում են, որ գենդերային հավասարությունը պետք է պահպանվի Հայաստանի հիմնական առաջնահերթությունների շարքում: Այս առաջնահերթությունն ուղղակիորեն կապված է այս խնդրին վերաբերող Կայուն զարգացման նպատակի հետ՝ այն է՝ «Հասնել գենդերային հավասարության եւ իրավազորել բոլոր կանանց ու աղջիկներին»:

 

Այստեղ ուշադրություն պահանջող հիմնական ոլորտներից են՝ կանանց եւ տղամարդկանց համար հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովումը, լայն հանրության, այդ թվում՝ երիտասարդության շրջանում իրազեկվածությունը գենդերային եւ գենդերային հավասարության գաղափարների վերաբերյալ, կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում, հանրային եւ մասնավոր ոլորտներում գենդերային բռնության, ինչպես նաեւ կանանց եւ աղջիկների դեմ ուղղված խտրականության նվազեցումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին