Արտեմ Օհանովը Երեւանում կներկայացնի Մենդելեեւի աղյուսակի բարելավված տարբերակը - Mediamax.am

1742 դիտում

Արտեմ Օհանովը Երեւանում կներկայացնի Մենդելեեւի աղյուսակի բարելավված տարբերակը


Լուսանկարը` Sk.ru


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ելույթ կունենա անվանի գիտնական, Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը:

Նա կներկայացնի «Նոր նյութերի կանխատեսում՝ արհեստական բանականությունից դեպի մենդելեեւյան թվերի հայեցակարգ» թեմայով զեկուցում, հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից:

 

Արտեմ Օհանովը կներկայացնի Մենդելեեւի պարբերական աղյուսակի նոր բարելավված տարբերակը, այսպես կոչված մենդելեեւյան թվերը, որն արդեն հրապարակվել է առաջատար գիտական ամսագրերում։ Դա հեղափոխական փորձ է՝ Մենդելեեւի պարբերական երկչափ աղյուսակը վերափոխել այնպես, որ հարակից տարրերը հնարավորինս նման լինեն միմյանց: Այսպիսի վերափոխման արդյունքում ավելի հարմար է կանխատեսել տարրերի եւ դրանց միացությունների կարծրությունը, կայունությունը, մագնիսացումը եւ այլ հատկությունները:

 

Արտեմ Օհանովը հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի եւ բյուրեղային կառուցվածքների կանխատեսման մեթոդների ստեղծման, ինչպես նաեւ բարձր ճնշումների քիմիայի եւ մոլորակի ընդերքի նյութի ուսումնասիրություններով:

 

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին