Կարապետ Անդրանիկյանը երեք դասախոսություն կկարդա Երեւանում - Mediamax.am

1221 դիտում

Կարապետ Անդրանիկյանը երեք դասախոսություն կկարդա Երեւանում


Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը դասընթաց կվարի Հայաստանում։

Կարապետ Անդրանիկյանը «Կենսատեխնոլոգիա եւ շրջանաձեւ կենսաէկոնոմիկա» թեմայով երեք դասախոսություն կկարդա՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 

Դասախոսությունները կկայանան այս տարվա նոյեմբերի 4-ին, 5-ին եւ 12-ին, Երեւանի ժամանակով՝ 13:00-15:00-ն, FAST-ում եւ Zoom հարթակում։ Դասընթացն ամբողջությամբ անվճար է, լեզուն՝ անգլերեն։ Մասնակցության համար մինչեւ նոյեմբերի 1-ը հարկավոր է գրանցվել այս հղումով։

 

Կարապետ Անդրանիկյանը Եվրոպայում ամենաարժեքավոր՝ Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից շնորհվող Գերմանական բնապահպանական մրցանակի դափնեկիր է: Նա աննախադեպ հաջողությունների է հասել շրջակա միջավայրի համար անվնաս ապրանքների, հատկապես՝ վերականգնվող ռեսուրսներից ստացվող նոր նյութերի եւ վառելիքի մշակման գործում։

 

2017թ․-ին՝ Մեդիամաքսին տված հարցազրույցում, Կարապետ Անդրանիկյանը ասել էր, որ «Հայաստանի գիտության զարգացումը կախված է այն բանից, թե ինչպես կկարողանանք ընդունել ապագայի մարտահրավերները»:

«Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել մենք, որը Հայաստանի համար կլինի բացառիկ: Մենք այս ոլորտում աշխատող շատ մարդիկ ունենք, բայց միայն բացառիկությունը կօգնի Հայաստանին առաջընթաց ապահովել: Շատ կարեւոր է այն, որ մենք այստեղ աշխատող շատ թվով խելացի երիտասարդներ ունենք, ինչպես նաեւ բազմաթիվ բուհեր: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այդ ներուժը կամ օգտվել դրանից: Մենք պետք է կենտրոնանանք տարբեր ասպեկտների վրա, եւ քանի որ Հայաստանը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման մեծ երկիր չէ, ուստի պետք է մեր ռեսուրսներն արդյունավետ օգտագործենք: Այդ ասպեկտները որոշելու համար մեզ հարկավոր է համագործակցել Հայաստանից դուրս գտնվող մարդկանց հետ: Ապագայի մեր մարտահրավերն է կապեր հաստատել եւ բացառիկ լինել միասին: Մենք շատ ինտելեկտ ունենք, բայց միայն ինտելեկտը բավարար չէ, մեզ նաեւ էմոցիաներ ենք հարկավոր: Ինտելեկտի եւ էմոցիաների համատեղումը կարող է լինել Հայաստանի գաղտնիքը»,- ասել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին