Քարքարոտ էկզոմոլորակների կազմը եւ հայազգի գիտնականների «թռիչքը» - Mediamax.am

exclusive
1784 դիտում

Քարքարոտ էկզոմոլորակների կազմը եւ հայազգի գիտնականների «թռիչքը»


Լուսանկարը` https://www.innovationnewsnetwork.com/


Նոր ձեւավորված աստղերն իրենց շուրջ նախամոլորակային սկավառակներ ունեն, որոնց նյութի մի մասը խտանում է եւ վերածվում մոլորակ ձեւավորող կտորների, իսկ մյուս մասն ընկնում է աստղի մեջ։ Դրանց ընդհանուր ծագման պատճառով՝ հետազոտողները ենթադրել են, որ այդ կտորների եւ փոքր զանգված ունեցող քարքարոտ մոլորակների կազմը պետք է նման լինի դրանք «ծնող» աստղերի կազմին:

Science ամսագրում տպագրված հոդվածի համաձայն՝ աստղագետների միջազգային խումբը՝ հայազգի գիտնական Վարդան Ադիբեկյանի ղեկավարությամբ (Աստղաֆիզիկայի եւ տիեզերական գիտության ինստիտուտը` (IA) Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի (IAC) հետ համատեղ), առաջին անգամ հաստատել է քարքարոտ էկզոմոլորակների եւ դրանք «ծնող» աստղերի կազմության միջեւ կորելյացիան։  

 

«Քարքարոտ մոլորակների կազմը սերտորեն կապված է նրանց աստղերի կազմի հետ, ինչը կարող է օգնել մեզ բացահայտել մոլորակներ, որոնք կարող են նման լինել մեր մոլորակներին»,- ասել է Վարդան Ադիբեկյանը։

 

Նա նաեւ հայտնել է, որ այդ մոլորակներում երկաթի պարունակությունը ավելի բարձր է, քան կանխատեսվում էր ելնելով դրանք ձեւավորող նախամոլորակային սկավառակների բաղադրությունից, ինչը պայմանավորված է մոլորակների ձեւավորման գործընթացի առանձահատկություններով եւ սկավառակների քիմիական բաղադրությամբ։

 

 

IAC-ի հետազոտող եւ հոդվածի համահեղինակ Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այս արդյունքը 2000 թվականին հնարավոր չէր պատկերացնել։

 

«Այդ ժամանակ մենք փորձում էինք գտնել որոշակի արեգակնային տիպի աստղերի քիմիական բաղադրության միջեւ կորելյացիան եւ նրանց շուրջը պտտվող մոլորակների առկայությունը (կամ նրանց ուղեծրային բնութագրերը): Մեզ դա կարող էր գիտաֆանտաստիկ թվալ։ Երկիր մոլորակին նման մոլորակներ դեռեւս հայտնի չէին, եւ մենք կենտրոնացած էինք միայն այն մոլորակների վրա, որ կարող էինք գտնել։ Իսկ այսօր մենք հետազոտում ենք էկզոմոլորակների քիմիական կազմությունն ու մթնոլորտը։ Սա մեծ թռիչք է»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։  

 

 

Կապը հաստատելու համար գիտնականների թիմն ընտրել է 21 քարքարոտ մոլորակ, որոնք նկարագրվել էին հնարավորինս ճշգրիտ՝ օգտագործելով դրանց զանգվածի եւ շառավիղի չափումները՝ որոշելու դրանց խտությունն ու երկաթի պարունակությունը։ Նրանք նաեւ օգտագործել են համաշխարհային խոշոր աստղադիտարանների նոր սերնդի բարձրորակ սպեկտոգրաֆների ընձեռած հնարավորությունները։

 

«Աստղերի եւ նրանց մոլորակների կազմի միջեւ կապը հասկանալը մեր կենտրոնի հետազոտության հիմնական ասպեկտն է եղել ավելի քան մեկ տասնամյակ: Օգտագործելով բարձր հնարավորություններով սպեկտոգրաֆներ, ինչպիսիք են HARPS-ը եւ ESPRESSO-ն Եվրոպական հարավային աստղադիտարանում (ESO), մեր թիմը մի քանի տարի հավաքել է էկզոմոլորակների աստղերի սպեկտրները եւ հետազոտել դրանք»,- ասել է IA-ի հետազոտող եւ հոդվածի համահեղինակ Նունու Սանթոսը։

 

Հետազոտությունն իրականացվել է «Տիեզերքում միջուկային սինթեզի գործընթացների դիտողական թեստեր» ծրագրի շրջանակներում, որը սկսվել է 2000 թվականին՝ IAC հետազոտող Գարիկ Իսրայելյանի, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի եւ IA հետազոտող Նունու Սանթոսի կողմից։

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին