«Համեղ» եւ «կրակոտ» ֆիզիկան՝ ԵՊՀ բակում - Mediamax.am

1905 դիտում

«Համեղ» եւ «կրակոտ» ֆիզիկան՝ ԵՊՀ բակում



Մենդելեեւի Պարբերական աղյուսակի 150-ամյակն ու Երեւանի պետական համալսարանի 100-ամյակն Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետը տոնել են ինտերակտիվ գիտափորձերով։ Սեպտեմբերի 25-ին՝ 5 ժամ շարունակ, համալսարանի բակում երիտասարդ գիտնականներն ու հրավիրված հյուրերը հանրամատչելի գիտափորձերով աշակերտներին են ներկայացրել ֆիզիկան՝ իր ողջ գրավչությամբ։

 

Մեդիամաքսը շրջել է համալսարանի բակում տեղադրված «լաբորատորիաներով» եւ զրուցել գիտնականների հետ։ 

 

Միջուկային ֆիզիկայի փորձարարական բաժինը ներկայացնող տաղավարի այցելուներին հատկապես հետաքրքրում է, թե ցուցադրված սարքավորումներով ինչպես կարելի է նոր հայտնագործություններ կատարել։ Գիտնականները բացատրում են մանրամասն ու նշում, որ հենց այդ նույն սարքերով են վերջերս Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում (CERN) գիտափորձ անցկացրել ու գրանցել մասնիկ, որը շատ առանձնահատկություններով նման է Հիգսի բոզոնին:

 

«Մեր տաղավար միայն առաջին ժամի ընթացքում մոտ 60 երեխա է այցելել։ Շատ խելացի հարցեր են տալիս, լավ տիրապետում են առարկային։ Կարծում ենք, որ նման ցուցադրական գիտափորձերը կխթանեն Հայաստանում հիմնարար ֆիզիկայի զարգացումը»,- ասել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արշակ Ասատուրյանը։

 

«Համեղ գիտության» տաղավարում Ռոզա Ավետիսյանն իր գործընկերների հետ փորձել է երեխաների ուշադրությունը գրավել դեպի ցածր էներգիաների միջուկային ֆիզիկան՝ որպես «գործիք» օգտագործելով նրանց ամենասիրելի բաներից մեկը՝ պաղպաղակը։

 

«Ներկայացնում ենք գիտությունը՝ կիրառության մեջ։ Փորձում ենք համեղ ձեւով աշակերտներին ներկայացնել ֆիզիկան. ազոտով եւ կաթնամթերքով պաղպաղակ ենք պատրաստում։ Երբ աշակերտները տեսնում են գիտության գեղեցիկ կողմը, ավելի հեշտությամբ են ընտրում գիտական ճանապարհը։  Միգուցե, տարիներ անց, նման միջոցառումների օգնությամբ՝ ֆիզիկայի եւ քիմիայի ուղղությամբ գնացող մեծ թվով դպրոցականներ ունենանք»,- ասել է Ռոզան։

 

Գիտափորձերին, բացի Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի գիտնականներից, մասնակցել են նաեւ այնպիսի կազմակերպությունների մասնագետներ, որոնք միջոցառումներին երեխաների համար տարբեր զվարճալի գիտափորձեր եւ շոուներ են անում։ Նրանց սեղանները ամենագունեղն են եղել՝ քիմիական փորձեր են ցուցադրել։

 

«Հուսով ենք, որ այս գիտափորձերը երեխաների մոտ քիմիայով կամ ֆիզիկայով զբաղվելու հետաքրքրություն եւ ցանկություն կառաջացնեն»,- ասել է քիմիկոս Ռոբերտ Հակոբյանը։

 

Ուրանի, հեղուկ բյուրեղների հիման վրա փորձեր, ինչպես նաեւ նանոբյուրեղներ պարունակող նյութից պատրաստված զրահաթիթեղի ցուցադրություն... հարուստ բովանդակությամբ բոլոր տաղավարների մոտ էլ աշակերտների մեծ բազմություն է եղել։

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ Լյովա Գրիգորյանը ներկայացրել է նանոբյուրեղներից պատրաստված զրահաթիթեղը՝ ասելով, որ այն կարող է օգտագործվել պաշտպանական համակարգում. 10 մետր հեռավորությունից արձակված գնդակը չի կարողանա անցնել զրահաթեթեղով ու թափանցել մարդու մարմին։ Դրանով նաեւ կարելի է լավ պաշտպանիչ շերտ պատրաստել մեքենաների համար։

 

«Դպրոցականները որքան շատ փորձեր տեսնեն, այնքան ավելի լավ, «մատների վրա» կպատկերացնեն ֆիզիկան։ Շատերն այն համարում են շատ բարդ գիտություն, վախենում են, մինչդեռ ֆիզիկան շատ գեղեցիկ գիտություն է, եւ փորձերի միջոցով հեշտությամբ կարելի է հասկանալ»,- ասել է Լյովա Գրիգորյանը։

 

Տեքստը եւ լուսանկարները` Մարի Թարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին