Դավիթ Յանի երեք «մոգական բյուրեղները» - Mediamax.am

15251 դիտում

Դավիթ Յանի երեք «մոգական բյուրեղները»


Դավիթ Յանը
Դավիթ Յանը

Լուսանկարը` Hightech.fm


«Хайтек» ռուսական պարբերականը հարցազրույց է հրապարակել ABBYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանի հետ, որից առանձնացրել ենք որոշ հատվածներ:

 

«Միայն սեփականը» ակտուալ չէ

 

Հիմա ընդունված չէ մշակել «միայն սեփականը»: Ընդունված է վերցնել ունեցածի լավագույնը եւ լրամշակել այն: Վերցնել տեխնոլոգիաները open source կամ լիցենզիայի տարբերակով, ստեղծել էլ ավելի ուժեղ տեխնոլոգիաներ եւ կրկին անգամ դրանք հասանելի դարձնել կամ լիցենզավորել: Այս կերպ կարելի է առաջ շարժվել, անընդհատ արագացնելով զարգացումը: 

 

Ոսկե միջինը

 

Ֆեյսբուքի շուրջ վերջին սկանդալը որոշակի առումով ուռճացվել է լրագրողների կողմից: Սակայն իրականում ամեն ինչ ավելի «վատ է». մարդկանց մասին անհավանական քանակով տեղեկատվություն ունի ոչ միայն Ֆեյսբուքը, այլեւ Google-ը եւ Apple-ը:  Նրանք կիսվում են այդ տվյալներով իշխանությունների հետ, եւ մարդիկ համաձայն են դրան:

 

Իմ կարծիքով, հասարակությունը պետք է գտնի ոսկե միջինը անվտանգության եւ հարմարավետության միջեւ: Տեղեկատվության հասանելիությունը եւ պոտենցիալ արտահոսքը հարմարավետության դիմաց վճարվող գինն է: Խելացի օրացույցը քեզ հուշում է, թե երբ պետք է կարեւոր բանակցությունների գնաս, սակայն դրա համար անհրաժեշտ է հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվել նրա հետ:

 

Արհեստական բանականությունը «կենտրոնական ուղեղ» չի դառնա 

 

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են եւ առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ արհեստական բանականության նոր մոդելներն ի հայտ են գալիս հին մոդելների մասնակցությամբ: 

 

Մեկ նեյրոնային ցանցը ծնում է մեկ այլ, ավելի կատարելագործված ցանց: Եվ մենք չենք կարող բացառել այն իրավիճակները, երբ, փորձելով լուծել որեւէ կարեւոր խնդիր, արհեստական բանականությունը, մարդու դեմ թշնամաբար տրամադրված էվոլյուցիոն ճյուղեր կծնի: Այսպես տեղի է ունենում բնական միջավայրում. փորձելով ստեղծել մանրէների օգտակար տեսակներ, մարդիկ երբեմն ստեղծում են պաթոգեն մանրէներ: Օրինակ՝ աղբանոցներում պլաստիկ ուտելու համար ստեղծված մանրէն սկսում է ուտել ինքնաթիռի դետալների պլաստիկը: 

 

Ամեն դեպքում պետք չէ ակնկալել, որ արհեստական բանականությունը կդառնա «կենտրոնական ուղեղ». որոշումները կայացնելու են մարդիկ: Հենց մարդիկ պետք է լինեն ցանկացած կազմակերպության «հավաքական բանականությունը»: 

 

Մտքի արժեքը

 

Մարդը կարող է շատ հանճարեղ գաղափարներ հորինել՝ դրանք գալիս են գրեթե ամեն շաբաթ: Սակայն հարցը այդ գաղափարի արժեքի մեջ է: Նախկինում ես ասում էի, որ ստարտափի հաջողության մեջ գաղափարի ներդրումը կազմում է 5%: Այժմ, մի քանի տարի ապրելով Սիլիկոնյան հովտում, հակված եմ համաձայնվել այստեղի բիզնես-հրեշտակների եւ փորձառու ներդրողների հետ, որոնք կարծում են, որ գաղափարն ինքնին 5%-ից քիչ նշանակություն ունի կամ ընդհանրապես նշանակություն չունի: Կարեւորն այդ գաղափարի իրագործումն է, իսկ իրագործումը կապված է թիմի հետ;

Երեք «մոգական բյուրեղները»

 

Գաղափարի իրագործման համար անհրաժեշտ են երեք «մոգական բյուրեղներ»: 

 

Առաջինը ՝ մրցակցային առավելությունն է պրոդուկտը ստեղծելու ունակության մեջ (տեխնոլոգիան տնօրինելը): Երկրորդը՝ մրցակցային առավելությունն է պոտենցիալ սպառողին պրոդուկտը հասցնելու մեջ (ալիքը տնօրինելը): Երրորդը՝ մրցակցային առավելություն օգտատիրոջ ցավը հասկանալու մեջ: Նկատեք. այս դեպքում գաղափարը որպես այդպիսին ընդհանրապես բացակայում է: 

 

Պատրաստել է Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին