Գիտություն-բիզնես-հիմնադրամ կամուրջը կառուցելու ուղիները - Mediamax.am

exclusive
32826 դիտում

Գիտություն-բիզնես-հիմնադրամ կամուրջը կառուցելու ուղիները


Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

Արսեն Առաքելյանը
Արսեն Առաքելյանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

էդուարդ Կարապետյանը
էդուարդ Կարապետյանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի


Գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 8-ին քննարկել են մասնավոր հատվածի եւ գիտակրթական հիմնադրամների դերը գիտության զարգացման գործում, նրանց` գիտության մեջ ներգրավելու ուղիները, երիտասարդ գիտնականների արտահոսքի պատճառները եւ առաջարկվող լուծումները:

 

Քննարկմանը Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիան (ASDA), Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Հայ օգնության ֆոնդի Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF) ներկայացրել են իրենց գործունեությունը, իսկ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նրանց դերին գիտության եւ կրթության զարգացման գործում, ներկայացրել առաջարկներ առավել արդյունավետ համագործակցության համար:

 

ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասել է, որ այսօր գիտության ոլորտում կան մի շարք խնդիրներ՝ ուղեղների արտահոսք, միջին տարիքի գիտնականների պակաս, ռեսուրսների սակավություն, գիտության ոլորտի առեւտրայնացում, կառավարում եւ այլն, որոնց լուծման համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես տեղական ու արտասահմանյան հիմնադրամների եւ կազմակերպությունների միջոցները, այնպես էլ սփյուռքի գիտնականների ներուժը:

 

Մեդիամաքսը գիտության եւ հիմնադրամների ներկայացուցիչների հետ փորձել է պարզել այն ուղիները, որոնցով գիտությունը կարող է հետաքրքրել բիզնես կազմակերպություններին, տարբեր հիմնադրամներին եւ խթանել նրանց կողմից ներդրումների աճը:

Արսեն Առաքելյանը Արսեն Առաքելյանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

***

 

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ հիմնադրամների դրամաշնորհները գիտնականներին մեծ աջակցություն են եւ մոտիվացիա, որոնք տալիս են որակյալ գիտական աշխատանքներ անելու հնարավորություններ: Բայց այն գումարները, որոնք տրամադրվում են, կարող են միայն ինչ-որ նախաձեռնության սկիզբ հանդիսանալ:

 

«Ի տարբերություն արտասահմանի, Հայաստանում այդ հիմնադրամների անհրաժեշտ զարգացվածությունը դեռ չկա: Արտասահմանում նման հիմնադրամները ձեւավորվում են այն բիզնես կազմակերպությունների կողմից, որոնք հետաքրքրված են գիտության զարգացմամբ՝ որպես տեխնոլոգիաների աղբյուր: Հայաստանում քիչ թե շատ նման աշխատանք Գիտության պետական կոմիտեն է կատարում, որը պարբերաբար տարբեր մրցույթներ է հայտարարում, բայց դրանք պետբյուջեի գումարներն են»,- ասել է նա:

 

Արսեն Առաքելյանը կարծում է, որ բիզնես կազմակերպություններին եւ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներին հետաքրքրելու համար Հայաստանում առաջին հերթին պետք է ձերբազատվել գործարարների մոտ առկա այն կարծրատիպից, թե գիտությունը ոչինչ չի կարողանում անել, ունակ չէ կարեւոր եւ պետքական տեխնոլոգիա արտարդրել: Մյուս կողմից էլ գիտնականները պետք է ազատվեն այն մտքից, որ իրենց հետազոտությունները ոչ մեկին պետք չեն եւ գործարարները միայն առեւտրով են հետաքրքրված:

 

«Այս երկու կողմերը պետք է գտնեն համագործակցելու համար անհրաժեշտ ճիշտ լեզուն»,- ասել է նա:

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

***

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը քննարկման ժամանակ պատմել է FAST-ի կրթաթոշակային ծրագրի մասին եւ ասել, որ հիմնադրամը միշտ բաց է համագործակցության համար:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Արմեն Օրուջյանը կարծիք է հայտնել, որ մասնավոր հատվածը իսկապես մրցունակ լինելու համար իր ծրագրերի եւ շուկա հանվող ապրանքների հիմքում պետք է օգտագործի գիտությունն ու գիտական բացահայտումները: Ըստ նրա, կարեւոր է խորը ուսումնասիրել Հայաստանում գիտական համայնքը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգտվել նրանց հնարավորություններից:

 

«Մեր մարտահրավերներից մեկն է այս մտածելակերպը սերմանել ինչպես Հայաստանում նոր ստեղծվող, այնպես էլ կայացած ընկերություններում, որպեսզի նրանք դառնան ավելի մրցունակ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Հիմնականում մենք պետք է գիտնականներին եւ ձեռներեցներին մեկտեղենք հենց ամենասկզբից, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես կարող են միասին աշխատել՝ ստեղծելով խորը գիտական հիմք ունեցող ապրանքներ»,- ասել է Արմեն Օրուջյանը:

էդուարդ Կարապետյանը էդուարդ Կարապետյանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

***

 

Հայ օգնության ֆոնդի գիտական եւ կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը նկատել է, որ  Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամն (ANSEF) արդեն 17 տարի՝ ամենամյա դրամաշնորհներ է հատկացնում գիտնականներին: Հիմնադրամներին եւ գործարար հատվածին հետաքրքրելու համար, ըստ նրա, գիտությունը պետք է նաեւ ընդառաջ քայլի նրանց:

 

«Երկու ճանապարհ կա: Կա հիմնարար գիտություն, որով չզբաղվելն անիմաստ է: Մյուս մասը պետք է նպատակաուղղված լինի տնտեսության զարգացմանը, կոնկրետ հատվածի հետ աշխատանքներին: Այս երկու ուղղությունները պետք է համաչափ գնան, բայց գիտությունը, այո, պետք է շահագրգռի հատուկ հատվածին, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտին: Մենք ծանոթ ենք, բավական հետաքրքիր հետազոտություններ կան արված, որոնց արդյունքը կարելի է օգտագործել: Մյուս կողմից՝ գործարարները պատրաստ չեն գիտության առաջարկներն ընդունելուն: Մենք ժամանակին փորձեցինք կիրառական արդյունքներ ունեցող գիտնականներին եւ գործարարներին մեկտեղել, բայց հետաքրքրությունը մեծ չէր: Հիմա ժամանակները փոխվել են, գուցե ինչ-որ բան տեղից շարժվի: Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է տարվեն»,- ասել է նա:

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի

***

 

Գիտության պետական կոմիտեն գիտության մեջ մասնավոր հատվածի ներդրումները խթանելու իր բանաձեւն է մշակել: Կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը Մեդիամաքսին ասել է, որ արդեն երրորդ անգամն է՝ կազմակերպում են ինովացիոն ծրագրերի մրցույթ, որում մասնավոր հատվածին առաջարկում են մասնակցել որոշակի չափաբաժնով, ինչի դիմաց նրանք հնարավորություն են ստանում օգտագործել հաջողված գիտական արդյունքները:

 

«Առաջին մրցույթում 17 ծրագիր ֆինանսավորեցինք, գումարների 15%-ը տրամադրել էր մասնավոր հատվածը, 85%-ը՝ մենք: Երկրորդ անգամ նրանց ներդրումների չափը մեծացավ եւ ֆինանսավորված 14 ծրագրերում կազմեց գումարի 25%-ը: Երրորդ մրցույթում արդեն ֆինանսավորված 12 ծրագրում մասնավորի ներդրումը 35%-ն էր: Մասնավորին պետք է շահագրգռես եւ համոզիչ փաստարկներ բերես, այլ ճանապարհ չկա: Պետք է մասնավորը համոզված լինի, որ իր ներդրած գումարները կնպաստեն բիզնեսի զարգացմանը»,- ասել է Սամվել Հարությունյանը:  

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին