Հայաստան կայցելի առաջին էկզոմոլորակը բացահայտած պրոֆեսորը - Mediamax.am

exclusive
55587 դիտում

Հայաստան կայցելի առաջին էկզոմոլորակը բացահայտած պրոֆեսորը


Միշել Մայորը
Միշել Մայորը

Լուսանկարը` eso.org


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 29-31-ին Հայաստան կայցելելի առաջին արտարեգակնային մոլորակը հայտնաբերած աշխարհահռչակ պրոֆեսոր Միշել Մայորը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ մայիսի 31-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա նրա հանրային դասախոսությունը, որին կհաջորդի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արտարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովը։

 

«Աշխատաժողովի գաղափարն այս ժամանակակից ուղղությունների հետազոտություններին մեծ նշանակություն տալն ու Հայաստանում դրանց զարգացմանը նպաստելն է: Սա աստղագետների եւ կենսաբանների համար հետագա համագործակցության հնարավորություն է»,- ասել է Արեգ Միքայելյանը:

 

Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորն առաջին էկզոմոլորակը բացահայտել է 1995թ.-ին, որից հետո հաջորդ 22 տարիներին հազարավոր այդպիսի մոլորակներ են բացահայտվել եւ բնութագրվել: Ներկայում կան ավելի քան 3600 հայտնի էկզոմոլորակներ, որոնցից շատերի չափսերն ու զանգվածները շատ չեն տարբերվում Երկիր մոլորակից, ինչը գիտնականներին հույս է տալիս, որ մարդկությունը երկվորյակ մոլորակ հայտնաբերելու շեմին է:

 

2010 թվականին Միշել Մայորը՝ Գարիկ Իսրայելյանի եւ Նունու Սանտոշի հետ միասին արժանացել էր Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին, որը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին եւ համարվում է աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն միջազգային մրցանակներից մեկը:

 

Հիշեցնենք, որ էկզոմոլորակներ հայտնաբերվել էին նաեւ 2017թ.-ի փետրվարին. NASA-ի Spitzer աստղադիտակը որսացել էր Արեգակի 8%-ի ծավալով եւ գերսառը թզուկ աստղի շուրջ պտտվող երկրանման 7 էկզոմոլորակ:

 

«Երկրորդ Երկիր մոլորակի հայտնաբերումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»,- հայտարարել էր NASA-ի գիտական առաքելությունների տնօրինության տեղակալ Թոմաս Ցուրբյուխենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին