Երեւանում կատարվել է ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը - Mediamax.am

16763 դիտում

Երեւանում կատարվել է ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը


Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր կատարվել է արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը:

ՀՀ առողջապահության նախարարությունում նշել են, որ փոխպատվաստումը կատարել են Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար Նիկոլաուս Կրյոգերը եւ Արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմը:

 

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրել է, որ առաջին փոխպատվաստված անձը միելոմայով հիվանդ 50-ամյա արցախցի կին է, որի կյանքը երկարացնելու միակ հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր:

 

«Երեւանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ այլ երկրներից եւս հիվանդներ բուժելու»,- ասել է Սմբատ Դաղբաշյանը։

 

«Շնորհավորում եմ հայ գործընկերներիս արյան չարորակ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդն այս կլինիկայում ներդնելու համար։ Առաջին քայլն արված է։ Առաջիկայում կլինեն բարդություններ, դժվարություններ, բայց մենք կշարունակենք համագործակցությունը եւ հեռաբժշկության միջոցով կշարունակենք ողջ գործընթացի հսկողությունը»,- նշել է Նիկոլաուս Կրյոգերը։

 

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ:

 

Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների (սուր լեյկոզներ, լիմֆոմաներ, որոշ տեսակի սակավարյունություններ եւ այլն) բուժման ժամանակ:

 

Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Գործընթացը կարող է տեւել մինչեւ 1 ամիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին