Starmus IV. Սթիվեն Հոքինգը, լուսնագնացներն ու Բրայան Մեյը - Mediamax.am

8639 դիտում

Starmus IV. Սթիվեն Հոքինգը, լուսնագնացներն ու Բրայան Մեյը


Starmus III փառատոնի մասնակիցները
Starmus III փառատոնի մասնակիցները

Լուսանկարը` Starmus

Բրայան Մեյը Starmus-ում
Բրայան Մեյը Starmus-ում

Լուսանկարը` Derek Storm/Starmus

Բազ Օլդրինը Լուսնի վրա
Բազ Օլդրինը Լուսնի վրա

Լուսանկարը` Getty Images

Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը
Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը

Լուսանկարը` Starmus


Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում 2017թ. հունիսի 18-23-ը կանցկացվի հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հիմնադրած գիտական Starmus չորրորդ փառատոնը, որի կազմակերպիչն այս տարի Նորվեգիայի Գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանն է:

 

«Starmus 4-րդ փառատոնը կլինի գիտնականների, նկարիչների, երաժիշտների, գրողների, բիզնես առաջնորդների եւ այլ միջազգային աստղերի` մինչ այժմ կազմակերպվածներից ամենախոշոր հավաքը: Բոլոր այս մարդիկ կհավաքվեն տոնելու գիտությունը, դա կլինի զրույցների, համերգների, բանավեճերի, երեկույթների եւ ուսուցման հետաքրքրաշարժ փառատոն», - ասված է Starmus-ի կազմակերպիչների հայտարարության մեջ:

 

Գարիկ Իսրայելյանի` գիտության եւ արվեստի միաձուլման երազանքը

 

Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, փառատոնի նախաձեռնող Գարիկ Իսրայելյանը, ում վերջին 20 տարիների հետազոտությունները կենտրոնացած են Տիեզերքի քիմիական էվոլյուցիայի շուրջ, Nature ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն միշտ հետաքրքրել է գիտության եւ երաժշտության միաձուլումը:

 

«Ես նաեւ գիտեմ շատ երաժիշտների, որոնք հետաքրքրված են աստղագիտությամբ, եւ շատ աստղագետների` հետաքրքրված երաժշտությամբ: Հաճախ հանդիպում էի մարդկանց, որոնք քննարկում էին, թե ինչպես են միախառնվում նրանց աշխարհները, եւ զղջում էի, որ չեմ գրառել այդ խոսակցությունները: Այժմ ես այդ մարդկանց հավաքում եմ հանրային ֆորումի»,- ասել է նա:

 

Գարիկ Իսրայելյանը, խոսելով 2011թ.-ին հիմնված փառատոնի էվոլյուցիայի մասին, ասել է, որ այն սկզբում կազմված  էր 80% աստղագիտությունից եւ 20% տոկոս այլ գիտություններից, իսկ այժմ` 50% աստղագիտություն, 50%` ցանկացած այլ բան:

 

«Ես հասկացա, որ աստղագիտությամբ հետաքրքրված մարդիկ ցանկանում են այլ գիտությունների մասին եւս լսել: Այս փառատոնն, իսկապես, լավ հնարավորություն է գիտական հաղորդակցման տեսանկյունից, այնպես որ` գիտության որքան շատ ուղղություններ ներառենք, այնքան լավ: Այս տարի առաջին անգամ մենք ավելացրել ենք սոցիոլոգիա եւ տնտեսագիտություն»,- ասել է աստղաֆիզիկոսը:

 

Մյուս առանձնահատկությունն այն է, որ այս տարի փառատոնը կենտրոնացել է գիտությամբ զբաղվող կանանց վրա: Գարիկ Իսրայելյանի խոսքով, իրենք խրախուսում են, որ կանայք հետաքրքրվեն գիտությամբ: Այս տարի առաջին անգամ լինելու է մեծ քննարկում կրթության շուրջ` ոչ այնքան կրթության կարեւորության, որքան այն նոր հետազոտական ուղիների, որոնցով դասավանդում են զարգացող երկրներում: 

 

Խոսելով երաժշտական հատվածի մասին, Գարիկ Իսրայելյանն ասել է, որ կիթառահար Սթիվ Վայը եւ նորվեգական էլեկտրոնային երաժշտական դուետ Röyksopp-ն աստղագիտությանը համապատասխան երաժշտական մաս կներկայացնեն:

 

«Նրանք աստղային երեկույթ կկազմակերպեն, որի ժամանակ տիեզերական երաժշտություն կհնչի: Ֆանտաստիկ բան է լինելու»,- ասել է Գարիկ Իսրայելյանը:

 

Սթիվեն Հոքինգը, Լուսնի վրա քայլածներն ու տիեզերագետ երաժիշտը

 

Starmus փառատոնին կմասնակցեն Նոբելյան 10 մրցանակակիրներ: Նոր Starmus-ի խոսնակների թվում են ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը, առաջին անգամ Լուսնի վրա վայրէջք կատարած մարդկանցից` NASA-ի տիեզերագնացներ Բազ Օլդրինը, Չարլզ Դյուկը, Հարիսոն Շմիդտը, ամերիկացի կինոռեժիսոր, օսկարակիր Օլիվեր Սթոունը, Queen խմբի անդամ Բրայան Մեյն ու այլ հայտնիներ:

 

Գարիկ Իսրայելյանն ասել է, որ շատ ուրախ է պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի` որպես գլխավոր բանախոսի մասնակցության համար:

Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը

Լուսանկարը` Starmus

«Սթիվեն Հոքինգը սիրում է աստղագիտություն, երաժշտություն եւ երեկույթներ, այնպես որ, Starmus-ը ճիշտ նրա համար է: Նա հումորի մեծ զգացում ունի եւ շատ անկանխատեսելի է: Նրա համար մենք հատուկ բան ունենք` Հոքինգի մեդալի պարգեւատրման արարողությունը, որը նախաձեռնել էինք նախորդ տարի: Մեդալները կստանան այն երեք տաղանդավոր մարդիկ, ովքեր ներդրում ունեն գիտության մեջ` տարբեր հարթակներում` լրատվամիջոցներում, գրական ու երաժշտական ստեղծագործություններում եւ կերպարվեստում», - ասել է փառատոնի նախաձեռնողը:

 

«Starmus-ը աստղագետների, տիեզերագնացների, տիեզերագետների, ֆիզիկոսների, փիլիսոփաների, երաժիշտների, դերասանների եւ այլ ոլորտների մարդկանց շատ կարեւոր եւ յուրահատուկ փառատոն է: Այդ մարդկանց համախմբում է հետաքրքրությունը Տիեզերքի շուրջ. ինչպիսի՞ սկիզբ է ունեցել եւ ինչպիսի՞ն է այն հիմա, ինչպե՞ս կարող ենք հետազոտել եւ օգտագործել այն` իր բազմաթիվ ձեւերով»,- ասել է պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը, ում նվիրված էր «Հորիզոնից այն կողմ» նշանաբանը կրող նախորդ Starmus-ը: 

 

Չորրորդ Starmus-ում բացառիկություն են հաղորդելու լուսնագնացները: Լեգենդար Բազ Օլդրինը, Չարլզ Դյուկը եւ Հարիսոն Շմիդտն առաջին անգամ լսարանի առաջ միասին հանդես կգան «Դեպի Լուսին եւ դրա սահմաններից այն կողմ» մեկ ժամանոց քննարկմամբ: Լուսնի վրա քայլածները տասնամյակներ անց կբացահայտեն իրենց անհավանական վայրէջքը եւ կկիսվեն դեպի Մարս ապագա առաքելությունների շուրջ իրենց տեսակետներով:

Բազ Օլդրինը Լուսնի վրա Բազ Օլդրինը Լուսնի վրա

Լուսանկարը` Getty Images

«Դա անհավատալի մթնոլորտ կստեղծի, քանի որ բոլորը ցանկանում են իմանալ, թե ինչ է նշանակում քայլել Լուսնի վրա: Նրանք այն քիչ լուսնագնացներից են, որոնք ողջ են, եւ մենք չգիտենք, արդյոք, նորից կգնանք Լուսին»,- Nature-ին ասել է Գարիկ Իսրայելյանը:

 

Տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Չարլզ Դյուկը, ով մասնակցել է նաեւ նախորդ երկու կոնֆերանսներին, ասել է. «Ես երբեք չեմ մասնակցել համաժողովի ավելի անվանի բանախոսների խմբի հետ` սկսած Նոբելյան մրցանակակիրներից մինչեւ տիեզերական ճանապարհորդներ եւ առաջատար գիտնականներ: Ես անհամբեր սպասում եմ չորրորդ Starmus-ին մասնակցությանը, հատկապես Լուսնի վրա քայլած իմ գործընկերների հետ քննարկումներին»: 

Բրայան Մեյը Starmus-ում Բրայան Մեյը Starmus-ում

Լուսանկարը` Derek Storm/Starmus

Փառատոնի մասնակից, մասնագիտությամբ աստղագետ, բրիտանական լեգենդար Queen խմբի անդամ Բրայան Մեյն ասել է, որ Starmus-ում բազմաթիվ հրաշալի բաներ կան, բայց, նախ և առաջ, ցանկանում է շեշտել մասնակիցների միախմբումը:

 

«Կրթական ասպեկտը տարածվում է ողջ փառատոնի վրա, քանի որ հանրությունը կարող է ազատ մոտենալ համաշխարհային մասշտաբի բանախոսներին: Սա հնարավորություն է ժամանակ անցկացնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ոգեշնչում են համարվում կյանքի տարբեր ոլորտներում»,- ասել է Բրայան Մեյը:  

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին