Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, շարունակում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:
ԱԻՆ Փրկարար ջոկատի առաջին խմբի հրամանատար Սերգեյ Բիձյան
1998 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի փրկարար բաժինը:
1996-1997 թ. փորձաշրջան է անցել 003 ծառայությունում:
2001 թ.-ից աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայության երրորդ խմբի հրամանատար:
2002 – 2003 թթ. եղել է ԱԻՆ Փրկարար ուսումնական կենտրոնի սպա:
2003թ.-ից մինչեւ օրս ԱԻՆ Փրկարար ջոկատի առաջին խմբի հրամանատարն է:
1991 թ. մինչեւ 2003 թ.-ը զբաղվել է թիավարությամբ, սպորտի վարպետ է:
2000 թ.-ից զբաղվում է լեռնագնացությամբ: 2011 թ.-ից Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փրկարարական գործողությունների ղեկավարն է:
2003 թ.-ից դասախոսում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Արժանացել է «Պատվավոր աշխատակցի», «Անվեհեր փրկարարի» շքանշաններին:
Փրկարար դառնալու ճանապարհին
Երկար տարիներ զբաղվել եմ թիավարությամբ: 1994 թ.-ին, երբ պատրաստվում էի ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ինձ խորհուրդ տվեցին դիմել ինստիտուտի նոր բացված փրկարար բաժին, քանի որ թիավարության առանձին ֆակուլտետ բուհում չկար: Ուսանելու տարիներին զուգահեռ փորձաշրջանի անցա նորաստեղծ 003 փրկարար ծառայությունում: Սկսեցի արձագանքել քաղաքացիների կանչերին: Օրինակ՝ տանը մեծահասակ կին էր միայնակ մնացել եւ նրան պետք էր օգնել բացել դուռը եւ շատ նման դեպքեր:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Որոշ ժամանակ անց սկսեցի խմբի կազմում մասնակցել արդեն լուրջ կանչերին: Ամենահետաքրքիր ու տպավորիչ առաջադրանքս եղել է տարիներ առաջ, երբ Հատիս լեռան գագաթից արշավախումբ իջեցրինք: Արշավախումբը կազմված էր դեռահասներից` լեռ բարձրանալիս չէին նկատել եղանակի կտրուկ փոփոխությունը: Մի քանի ժամում ձյունը եւ մառախլապատ եղանակը փակել էին արշավախմբի ճանապարհը: Նրանք առավոտից մինչ երեկո ստիպված են եղել անցկացնել բարձունքում: Արշավախմբին օգնության հասնելու կանչը ստացանք 9.30-ի սահմաններում եւ միայն 00:15-ին մեզ հաջողվեց իջեցնել մարդկանց բարձունքից: Բարեբախտաբար, վիրավորներ եւ անհայտ կորածներ չկային՝ խմբից ոչ ոք չէր առանձնացել: Արշավականների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ գտանք նրանց եւ ասացինք, որ փրկարար ենք:
Հայ փրկարարների բացառիկության մասին
Երբ ձեւավորվում էր փրկարար ծառայությունը, մեր երկրի ամենադժվար տարիներն էին` կար անհրաժեշտ տեխնիկայի, գործիքների պակաս: Պատասխանատվության զգացումը մեծ էր՝ մենք փրկարարն ենք, եւ պիտի փրկենք մարդկանց ՝ անկախ նրանից, թե աշխատանքի ընթացքում ինչի պակաս ենք զգում: Ուստի, հայ փրկարարներն ավելի նախաձեռնող են, քան այլ երկրների փրկարարները: Մեր նախաձեռնողականությունը լավ դրսեւորվեց մի անգամ Ֆինլանդիայում, երբ ուսումնական վարժանքի էինք մասնակցում:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Ըստ վարժանքի սցենարի, պետք է փրկեինք 30 մետր խորության վրա գտնվող տուժածներին: Մեր ձեռքի տակ ունեինք ընդամենը բժշկական վիրակապեր եւ ուրիշ ոչինչ: Հենց տարածքում փայտ գտանք, տուժածի մարմինը տեղավորեցինք փայտե հարթակի վրա: Մյուս թիմերն ապշել էին, թե ինչպես կարողացանք դուրս գալ ընդունված կանոններից եւ հաջող իրականացնել մեր առջեւ դրված խնդիրը: Նմանատիպ դեպքեր մեր աշխատանքում շատ են եղել:
Ա-320 օդանավի աղետը
2006 թ. մասնակցել եմ Երևան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 օդանավի աղետի զոհերի մարմինների հայտնաբերման աշխատանքներին: Իմ մասնագիտական կարիերայի ընթացքում դա ամենասարսափելի, ամենածանր դեպքն է եղել: Երկար տարիներ զբաղվելով թիավարությամբ՝ լավ գիտեի ջրում աշխատելու բարդությունը, սակայն այդ օրը ծովում աշխատելը սովորականից բարդ էր: Բացի հոգեբանական ճնշումից, մեզ խանգարում էր ընկած ինքնաթիռի դիզվառելիքի հոտը, որը տարածվել էր ինքնաթիռի անկման վայրում: Երկու օր աշխատեցինք ջրում: Սարսափելի դրվագների ենք ականատես եղել, որոնք երբեւէ չեմ մոռանա:
Ինչպիսին պետք է լինի փրկարարը
Փրկարարը պետք է լինի համարձակ, ընկերասեր, ազնիվ եւ պարկեշտ մարդ: Ցանկացած մասնագիտության պետք է մոտենալ ոչ թե որպես վարձատրվող աշխատանքի, այլ ՝ սիրելի գործի: Նկատում եմ, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են մեզ վստահել, դա էլ, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ տեսել են մեր աշխատանքը: Երբ մոտենում ես տուժածին՝ ասելով, որ «փրկարար ես» եւ կօգնես նրան, տուժածն արդեն վստահում է քեզ եւ ամեն ինչ անում իր փրկությանը հասնելու համար:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Տարիների ընթացքում ինքս իմ մեջ փոփոխություններ եմ զգացել՝ չափազանց «խղճով» եմ դարձել, բայց նաեւ սառնասիրտ: Սառնասրտությունն էլ եթե չլինի, չես կարող աշխատել, հնարավոր է ձախողես առաջադրանքդ:
Վախի մասին
Ցանկացած մարդ ունի վախ եւ վախը հաղթահարելու կարողություն: Պարզապես պետք է հոգեբանորեն քեզ տրամադրես, որ կարող ես դուրս գալ ցանկացած իրավիճակից: Պետք է գիտակցել, որ քո փրկությունը քո ձեռքերում է: Վտանգի մեջ լինելով՝ ընդամենը վայրկյաններ ունես մտածելու համար եւ պետք է այդ թանկագին վայրկյաններն օգտագործես ճիշտ կողմնորոշվելու, այլ ոչ թե խուճապի մատնվելու համար:
«Փրկարարները» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այստեղ:
Սերգեյ Բիձյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի (Մեդիամաքս):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: