Փրկարարները` Տիգրան Կոստանյան - Mediamax.am

exclusive
7281 դիտում

Փրկարարները` Տիգրան Կոստանյան

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարար վարչության կենտրոն բաժնի հրդեհաշիջման ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Տիգրան Կոստանյան

Տիգրան Կոստանյան
Տիգրան Կոստանյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կոստանյան
Տիգրան Կոստանյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կոստանյան
Տիգրան Կոստանյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կոստանյան
Տիգրան Կոստանյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կոստանյան
Տիգրան Կոստանյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարար վարչության կենտրոն բաժնի հրդեհաշիջման ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Տիգրան Կոստանյան

 

Ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին, Վայոց ձորի Մալիշկա գյուղում:

 

1992-1995թթ. անցել է զինվորական պատրաստություն:

 

1995-1998թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում` որպես դասակի հրամանատար:

 

2002-ից աշխատանքի է անցել ՀՀ  ԱԻՆ-ում` որպես պահակախմբի պետ:

 

Փրկարար ծառայության մայոր է:

 

Փրկարարի աշխատանքը նրան գրավել է մանկուց, բազմիցս աչքի է ընկել հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներում, մի շարք բարդ իրավիճակներում կարողացել ճիշտ կողմնորոշվել` փրկելով մարդկային կյանքեր:

 

Անշահախնդիր ու հաճելի գործի մասին

 

Տիգրան Կոստանյանին վաղ մանկությունից գերել է փրկարարի, հատկապես ` հրշեջի աշխատանքը: Սպայի կոչում ունեցող Տիգրանի համար քաղաքացիական աշխատանքը, որով որոշ ժամանակ զբաղվեց, այնքան էլ հարազատ չէր, որոշեց աշխատանքի անցնել համակարգում, մի քանի տեղ առաջարկեցին, բայց նա ընտրեց փրկարարի աշխատանքը:

 

«Յուրաքանչյուրին հաճելի է դժվար պահին օգնել իր դիմացինին: Սա անշահախնդիր ու հաճելի գործ է: Փրկարար լինելու կարեւոր նախապայմանը ներքին ցանկությունն է»:  

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Տիգրանը համակարգում աշխատանքի անցավ որպես պահակախմբի պետ, ինչն սկզբում այնքան էլ հեշտ չէր:

 

«Հրշեջ չեղած միանգամից պահակախումբ ղեկավարելու համար շատ աշխատեցի ինքս իմ վրա: Դա  2002-ն էր, այդ պաշտոնին մնացի 4-5 տարի, որից հետո ինձ առաջարկեցին խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Հաճելի է, երբ գնահատում են քո աշխատանքը»:

 

Երբ պարտավոր ես շարունակել քո գործը…

 

«Մեր աշխատանքը հաճելի, բայց նաեւ պարտավորեցնող է: Երբեք չգիտես` ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Անգամ աշխատանքային օրվա ավարտը հարաբերական ու թվացյալ հասկացություն է»:

 

Յուրաքանչյուր փրկարար պարտավոր է փրկել մարդու կյանքը, դա ոլորտի աշխատակցի ամենօրյա պարտականությունն է, ինչը, Տիգրանի կարծիքով, ստիպում է ավելի ու ավելի նվիրվել գործին:

 

«Շատ են եղել դեպքեր, երբ տանը հրդեհ է բռնվել, իսկ ներսում միայն երեխաներ են եղել, տանիքից կամ հարեւան բնակարանից պարաններով ներս ենք մտել` երեխաներին փրկելու համար...»:  

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Քանի՞ մարդկային կյանք է փրկել` Տիգրանը դժվարանում է ասել, այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիներից առանձնացնում է 8 կամ 9 թվերը, ապա համեստորեն ժպտում ու հավելում`«Հաճախ փողոցում մարդկանց եմ հանդիպում, ասում են` հիշու՞մ եք ինչպես մեզ փրկեցիք... Ես նրանց միշտ չէ, որ հիշում եմ, բայց նրանք հիշում են....»:

 

Զգուշությունը շատ կարեւոր է

 

Փրկարարն իր աշխատանքում կարեւոր է համարում զգուշությունը:

 

«Ժողովրդական խոսք կա` յոթը չափիր, մեկը կտրիր: Ամեն ինչ պետք է զգույշ արվի: Հիշում եմ, մի քանի տարի առաջ Կորյունի փողոցի բար-ակումբներից մեկում ծխապատ գոտի էր ստեղծվել, երբ հասանք կանչի վայր, դուռը փակ էր, ասացին, որ ներսում երիտասարդ կա, ով պահակություն է անում այնտեղ: Իմանալով,  որ ներսում մարդ կա`ավելի շահագրգռվեցինք արագ ելք գտնելու համար: Դռներն ապակուց էին, կարող էինք կոտրել եւ ներս մտնել, բայց պետք է հաշվի առնել, որ մարդու կյանքը փրկելու մեծ ցանկությամբ չպետք է վտանգեինք այն: Այնտեղ ծխապատ գոտի էր,  դուռը կոտրելով մենք  կապահովեինք թթվածնի մուտքը, ինչից  հրդեհ կարող էր բռնկվել եւ վնասել երիտասարդին: Հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը` անցանք գործողությունների ճիշտ հերթականությամբ կատարմանը, նախ հովացում արվեց, հետո կոտրեցինք դուռը, երբ ներս էինք մտնում, երիտասարդը խուճապահար դուրս փախավ, փողոցով գոռալով վազում էր: Մինչ այդ մենք 1-03 ծառայություն էինք կանչել, նրան համապատասխան օգնություն ցուցաբերեցին, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց»:

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Տիգրանը ներկա է եղել նաեւ «10-10» հրաձգարանում բռնկված հրդեհի մարմանը: Հիշում է, այստեղ եւս բարդ իրավիճակ էր, ձմեռ էր, հրշեջ տեխնիկան դեպքի վայր հասցնելն այնքան էլ հեշտ չէր, իսկ մինչ այդ հրաձգարանը, որը հիմնականում փայտից էր, այրվում էր, չգիտեին անգամ ներսում քանի մարդ կա: Ողջ գիշեր պայքարեցին հրդեհը մարելու եւ տարածքն անվտանգ դարձնելու համար:

 

Վախն առկա է, բայց…

 

«Շատերը կարծում են, թե մեզ համար մահն ու բարդ իրավիճակը սովորական են, մենք չենք վախենում, բայց դա անհնար է, եթե մարդու զգայարաններն աշխատում են, ուրեմն հնարավոր չէ վախի զգացում չունենալ: Բայց իմանալով գործողությունների ճիշտ հերթականությունը, դու ավելի վստահ ես լինում»:

 

Փորձառու փրկարարն ամեն մի մանրուքից կարող է հասկանալ` ի՞նչ եւ ինչպե՞ս է կատարվել: Տիգրանը հիշում է վերջերս տեղի ունեցած շենքի փլուզումը Խանջյան 20 հասցեում:

 

«Համակարգի տղաների հետ մեքենայով անցնում էինք Ռոսիա տոնավաճառի մոտով, երբ ուժեղ ձայն լսեցինք, մտածեցինք, թե մեքենային անվադող է, հետո տեսանք առաջացած փոշին եւ հասկացանք, որ ինչ-որ բան է փլուզվել: Երբ հասանք դեպքի վայր, երկու հոգի վայր էին ընկել, նրանց առաջին բուժօգնությունը ցուցաբերեցինք, շտապօգնություն կանչեցինք: Պետք էր ճշտել` փլատակներում քանի մարդ կա, աշխատողներից ճշտեցի հանդերձասենյակի տեղը, հաշվեցի` 9 մարդու համազգեստ կար, պարզվեց, որ նրանք 11-ն են, որոնցից մեկն իմ զրուցակիցն էր, մյուսը` խմբի ղեկավարը: Ամեն մի  մանրուքը օգնում է կողմնորոշվել ու պատկերացում կազմել դեպքի մասին»:

 

Ազատ ժամանակի ու նախասիրությունների մասին

 

Տիգրանը շատ է սիրում սպորտով զբաղվել: ԱԻՆ-ում կայացած սեղանի թենիսի  մրցումներին, որտեղ, ինչպես ինքն է նշում, կային շատ ուժեղ խաղացողներ, երկրորդ տեղն է զբաղեցրել: Շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Անգամ ամենածանր աշխատանքային օրվա ավարտին փորձում է ժամանակ գտնել` սպորտով զբաղվելու եւ լիցքաթափվելու համար:

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Աշխատանքի բերումով փրկարարն ընտանիքի հետ հաճախ չի կարողանում ժամանակ անցկացնել: Եղած ժամանակը փորձում է ռացիոնալ օգտագործել: Երկու որդիների հետ զրուցում ու հայրական, ընկերական խրատներ է տալիս: Ավագը պապիկի մասնագիտությունն է ընտրել. Տիգրանի հայրը խոհարար է, իսկ կրտսեր որդուն հետաքրքրում է հայրիկի գործը` ի՞նչ արեցին, ինչպե՞ս փրկեցին կամ հրդեհը մարեցին: Տիգրանը որդիների ցանկության դեպքում չի արգելի ընտրել փրկարարի մասնագիտությունը, բայց անկեղծ լինելով նշում է, որ  չի ուզի տղաները նման ցանկություն ունենան: 

 

Ապրել ամենքի հոգսով

 

«Շատ բաներ հոգեբանորեն են ազդում են մեր վրա. մարդու տունն է այրվում, նա ապրելու տեղ չունի, կորցրել է տարիների ստեղծածը... մեր գործի բնույթով մենք ապրում ենք ամեն մեկի ցավով ու հոգսով: Երբ այրվում էին ԱԱԾ պահեստները,  մենք գնացինք կանչի, ավտոտնակների տանիքն էր այրվել, ներքեւում 4 բենզատար կար, յուրաքանչյուրում 6 տոննա բենզին, վտանգը մեծ էր, այդ ժամանակ ես աշխատում էի փողակով, տանիքի վրա կանգնած  բենզատարին հովացում էի տալիս, որ այն սառը վիճակում մնա եւ չպայթի, չէի նկատել, որ ոտքիս տակ քար կա, ոտքս կպավ, ցած ընկա, ինձ հոսպիտալացրեցին: Ոտքս վիրավոր էր, բայց 6 ամիս այդ վիճակով աշխատանքի էի գնում, ասում էին` չի կարելի, մտածում էի` եթե կարողանում եմ քայլել, ուրեմն պետք է գնամ: Ամեն օր գնում էի բուժման, հետո գնում ծառայության»:

 

Տիգրանն իր ամեն մի օրը սկսում է այն մեծ ցանկությամբ, որ վտանգավոր դեպքեր չլինեն, եղած դեպքերն էլ միայն լավ ելք ունենան:

 

«Կարծում եմ, դա բոլոր փրկարարների ցանկությունն է»:

 

Տիգրան Կոստանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի (Մեդիամաքս):

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին