Լավրովը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Թեհրանը կհաղթահարեն լարվածությունը - Mediamax.am

1004 դիտում

Լավրովը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Թեհրանը կհաղթահարեն լարվածությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր ասել է, որ Թեհրանը ենթադրում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է լուծվել «3+3» ձեւաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրի եւ տարածաշրջանի երեք ամենամոտ հարեւանների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) մասնակցությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

«Իհարկե, մենք պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաեւ գոյություն ունեցող մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, լուծենք հարցերը այս տարածաշրջանում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

 

Իրանի արտգործնախարարը նաեւ ընդգծել է «կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար համատեղ շարժվելու կարեւորությունը դեպի կայուն խաղաղություն եւ ներառական անվտանգություն»: Նա կարեւորել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

 

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն եւ կայունություն: Արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում եւ այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է դիվանագետը։

 

Իր հերթին Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է եւ հնարավորինս շուտ կհաղթահարվի:

 

Նրա խոսքով՝ այդ դժվարությունների վերացումը կօգնի զարգացնել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում կարեւոր նախագծերի իրականացման համատեքստում»։

 

«Մենք պատրաստ ենք օգնել մեր ընկերներին առկա խնդիրների լուծման հարցում»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին