Ալիեւ. «Միգուցե, Հայաստանին ինչ-որ բան են խոստացել» - Mediamax.am

2158 դիտում

Ալիեւ. «Միգուցե, Հայաստանին ինչ-որ բան են խոստացել»


Լուսանկարը` azertag.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանը խափանում է խաղաղ բանակցությունները եւ «ամեն կերպ փորձում է Ղարաբաղի թեման ներառել խաղաղության պայմանագրում»։

«Այն, որ նրանք արհամարհեցին արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում՝ վկայակոչելով ինչ-որ իրադարձություններ, առհասարակ անընդունելի է։ Իսկ ինչո՞ւ չանտեսեցին հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, չէ՞, որ դրանից առաջ էլ սահմանին իրադարձություններ եղան։ Չգիտես ինչու, հայկական կողմը գնաց Պրահա՝ Մակրոնի հետ հանդիպելու, իսկ Մոսկվա չգնաց»,- հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։

 

«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչեւ 2022 թվականի ավարտը մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ի՞նչին է սպասում Հայաստանը: Հավանաբար, ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների,  գուցե ինչ-որ մեկը նրանց ինչ-որ բան է խոստացել։ Սակայն տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը, ուժերի հարաբերակցությունը, աշխարհի արձագանքը երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին հուշում է, որ «խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է», - ասել է Ալիեւը։

 

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «դեռ որոշ ժամանակով կլինի սեղանին»։

 

«Հետո մենք ակտիվություն չենք դրսեւորելու։ Սահմանազատում չե՞ն ուզում: Ուրեմն, սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք ճիշտ ենք համարում։ Խաղաղության պայմանագիր չի՞ լինի՝ պետք էլ չէ: Մենք այսպես կարող ենք երկար ապրել։ Այնպես որ, կարծում եմ, նրանք ինձ կլսեն եւ ճիշտ եզրակացություն կանեն։ Այս տարին վերջին հնարավորությունը կլինի։ Հետո կլինի 2024 թվականը, իսկ 2025-ին ավարտվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Նրանք պետք է իրենց քթից մի փոքր հեռու տեսնեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին