ՌԴ փոխվարչապետ. «Արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում - Mediamax.am

3911 դիտում

ՌԴ փոխվարչապետ. «Արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում


Լուսանկարը` rg.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներում «արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում:

«Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի կարող աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող իրադարձություններից մեկուսացված։ Սահմանին իրավիճակի յուրաքանչյուր սրացում դանդաղեցնում է բանակցային գործընթացը:

 

Եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով երկու տարուց էլ քիչ ժամանակում բավականին շատ աշխատանք է կատարվել: Սակայն ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջեւ սահմանը հատելու իրավական ռեժիմը։ Բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, այն է՝ «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն, դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական: Չկա «արտատարածքային միջանցք», որը որեւէ կերպ կխախտի կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, դա չկա եւ չի կարող լինել»,- ասել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

 

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային եւ անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ, Իրանից Հայաստան մուտք գործելիս։

 

«Նաեւ անձնագրային հսկողությունը կլինի Հայաստանից Ադրբեջան մուտքի մոտ։ Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ճանապարհների օգտագործման համար վճարելու, ինչպես նաեւ մեկ երկրի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգության ապահովման հարցերը մեկ այլ երկրի տարածքով»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին