Ալիեւ. «Աշխարհն այլեւս երբեք նախկինը չի լինի - Mediamax.am

2629 դիտում

Ալիեւ. «Աշխարհն այլեւս երբեք նախկինը չի լինի


Լուսանկարը` twimg.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծապես կփոխի իրավիճակը աշխարհում։

«Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի գլոբալ նոր իրավիճակը։ Պարզ է միայն, որ աշխարհը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչեւ 2022թ. փետրվարը։

 

Աշխարհը փոխվել է, եւ ապագան կախված է հետեւյալ գործոններից՝ ինչքա՞ն կտեւի պատերազմն Ուկրաինայում, ինչպե՞ս այն կավարտվի, ինչպիսի՞ն կլինի ուժերի հարաբերակցությունը աշխարհում եւ տարածաշրջանում»,- ասել է Ալիեւը՝ Իտալիայում պատասխանելով միջազգային կոնֆերանսի մասնակիցները հարցերին.

 

Ըստ Ինտերֆաքսի, Ալիեւն ընդգծել է, որ Բաքվին հետաքրքրում են նոր գլոբալ կարգի հետեւանքները Հարավային Կովկասի համար, տարածաշրջանի հիմնական երկրների դիրքորոշումները՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու ծրագրերի համատեքստում։

 

«Մենք դիտարկում ենք իրավիճակը։ Իհարկե, մենք գործելու ենք մեր ռազմավարությանը համապատասխան, բայց նաեւ չենք կարող անտեսել այն փաստը, որ աշխարհը փոխվում է», - ասել է Ալիեւը:

 

Նա ընդգծել է, որ «Ադրբեջանը երբեք չի հարմարվել իր խոշոր հարեւանների քաղաքականությանը»։

 

«Մենք միշտ ունեցել ենք մեր քաղաքականությունը, որը ձեւավորվել է միջազգային իրավունքի, արդարության, միջազգային կազմակերպությունների որոշումների ու փաստաթղթերի, ինչպես նաեւ իմաստության սկզբունքների հիման վրա։ Դրա համար էլ մենք հաջողել ենք»,- ասել է Ալիեւը։

 

«Անկախ լինելու համար մենք ներդրումներ արեցինք տնտեսության մեջ։ Ադրբեջանը կայսրության, Խորհրդային Միության մաս էր։ Ավելի քան 30 տարի մեր ժողովուրդը անկախ է, եւ մենք ցանկանում ենք միշտ անկախ ապրել։ Դա անելու համար մենք պետք է ուժեղ լինենք եւ լավ ընկերներ ունենանք»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին