Փաշինյանը եւ Օվերչուկը քննարկել են կոմունիկացիաների բացման հարցերը - Mediamax.am

5213 դիտում

Փաշինյանը եւ Օվերչուկը քննարկել են կոմունիկացիաների բացման հարցերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում իրականացված աշխատանքը:

«Գիտեք, թե մեզ համար որքան կարեւոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ եւ դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասել է՝ որպեսզի լինեն կոնկրետ եւ արդյունավետ լուծումներ, պետք է լուծել բոլոր իրավական, ընթացակարգային հարցերը։

 

Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին եւ ասել, որ առավելագույն ջանքեր են գործադրում Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հետ՝ կոմունիկացիաների բացման հետ կապված հարցերը լուծելու համար:

 

«Մենք լիարժեքորեն եւ ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա եւ լրացուցիչ ազդակ ստանա, եւ դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին