Ալիեւը «բեկումնային» է որակել Հայաստանի կողմից Բաքվի 5 սկզբունքների ընդունումը - Mediamax.am

3874 դիտում

Ալիեւը «բեկումնային» է որակել Հայաստանի կողմից Բաքվի 5 սկզբունքների ընդունումը


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է բանակցություններ սկսենք խաղաղ պայմանագրի շուրջ։ Իմ կարծիքով, պաշտոնական մեկնարկային կետը եղել է ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այդ ժամանակվանից մենք աշխատում էինք, աշխատում էր արտաքին գործերի նախարարությունը, իմ վարչակազմը կապի մեջ էր ձեր թիմի հետ, եւ, ինչպես եւ պայմանավորվել էինք, մենք պատրաստ ենք մեկնարկին»։

 

Ալիեւը «բեկումնային կետ» է անվանել Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի առաջադրված հինգ սկզբունքների ընդունումը։

 

«Սա իսկապես բեկումնային կետ է գործընթացում: Երկու կողմերի պաշտոնական հայտարարություններից հետո մենք պետք է բանակցային սեղանի շուրջ ապացուցենք մեր մտադրությունների լրջությունը»,- ասել է նա։ Ալիեւն ընդգծել է, որ Բաքուն հույս է դնում Եվրամիության, մասնավորապես, ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերի վրա, ով, նրա խոսքերով, «արդեն խորապես ներգրավված է գործընթացում»։

 

Ալիեւն ընդգծել է, որ հայկական կողմի հետ պարզաբանում պահանջող հարցերից է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցության հարցը՝ Հայաստանի տարածքով, ներառյալ երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները։ Նա ասել է, որ հաջորդ տարի Ադրբեջանը կավարտի դեպի Հայաստանի հետ սահման երկաթուղու շինարարությունը։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դեռեւս չի սկսել երկաթուղու իր հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, ինչը, նրա կարծիքով, կարող է ձգձգել գործընթացը։

 

Բացի այդ, նրա խոսքով, Բաքուն նախատեսում է մինչեւ 2023 թվականի վերջ ավարտել դեպի Հայաստանի հետ սահման տանող ավտոմայրուղու շինարարությունը։ Ալիեւն ասել է, որ Բաքուն Երեւանից սպասում է Հայաստանի տարածքում այս ճանապարհի աշխարհագրական կոորդինատներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին