Ըստ Ալիեւի, Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկները - Mediamax.am

3031 դիտում

Ըստ Ալիեւի, Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկները


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանն ընդունելի է համարում երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկները։

«Մենք որոշակի հաղորդագրություններ ենք ստանում հայ պաշտոնյաներից։ Վերջերս ինձ տրամադրած տեղեկությունների համաձայն, նրանք ընդունելի են համարում մեր առաջարկները։ Դա շատ լավ նորություն է, եւ ես հուսով եմ, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումը ավելի մեծ հստակություն կհաղորդի այս հարցին», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Ալիեւի այս խոսքերը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

Ալիեւն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Ալիեւը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։

 

«Նման մի քանի հանդիպումներ արդեն եղել է։ Մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ կնքենք խաղաղության պայմանագիր որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։

Ալիեւի խոսքով, Երեւանին առաջարկված խաղաղ կարգավորման 5 սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը։

 

«Այս բոլոր սկզբունքները կազմում են աշխարհի ցանկացած երկրի հարաբերությունների հիմքը՝ տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետեւ՝ սահմանների սահմանազատում։ Ես հավատում եմ, որ այս հիմքի վրա խաղաղություն կգա Կովկաս»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին