ՄԻՊ փաստահավաք խումբը հաստատել է Ադրբեջանի առաջխաղացումը Ներքին Հանդում - Mediamax.am

2036 դիտում

ՄԻՊ փաստահավաք խումբը հաստատել է Ադրբեջանի առաջխաղացումը Ներքին Հանդում


Լուսանկարը` www.sarc.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փաստահավաք աշխատանքային խումբը հաստատել է Ադրբեջանի առաջխաղացումը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր առաջխաղացման փաստը:

 

«Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։

 

Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։

 

Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկար խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են եղել ստեղծված իրավիճակի հետ կապված», - ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին