Փաշինյանն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը Լաչինի միջանցքի մասին - Mediamax.am

4117 դիտում

Փաշինյանն արձագանքել է Ալիեւի հայտարարությանը Լաչինի միջանցքի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանն այն մասին, որ «Լաչինի եւ Զանգեզուրի միջանցքների աշխատանքի պայմանները պետք է համարժեք լինեն»։

«Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ որեւէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

Այսօր Բրյուսելում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

 

Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է գործի Լաչինի միջանցքի պես, եւ եթե Երևանը պնդի Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր տեղադրելու վրա, ապա Բաքուն կպնդի նույն պայմանները Լաչինի միջանցքի համար»։

 

«Զանգեզուրի միջանցքի բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այսպիսով, դա պարտավորություն է Հայաստանի համար»,- ասել է Ալիևը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին