Աբդուլ Համիդը արգելել էր «ազատություն» բառը, Էրդողանը՝ 128 թիվը - Mediamax.am

1560 դիտում

Աբդուլ Համիդը արգելել էր «ազատություն» բառը, Էրդողանը՝ 128 թիվը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Թուրք լրագրող Բյուլենթ Մումայը գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալլգեմայնե Ցայթունգում» (FAZ) հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Թուրքիայում բառերի արգելքների ավանդույթին, մասնավորապես, էրդողանի՝ մի եռանիշ թվի դեմ ներկա կատաղի պայքարին:

 

Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հարցրու 128-ի մասին

 

Երկիրը, որում մենք ապրում ենք, իր պատմության ընթացքում շատ տարօրինակ արգելքներ է տեսել: Էրդողանի կողմից այդքան շատ գնահատվող սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, օրինակ, արգելել էր «արդարություն» եւ «ազատություն» բառերը: Աբդուլ Համիդը, որը Օսմանյան պատմության մեջ ամենամեծ տարածքային կորուստները կրեց, նաեւ չէր թույլատրում, որ թերթերում «քիթ» բառը գործածվի: Դրանով նա փորձում էր խոչընդոտել, որ իր քննադատները, որոնք սուլթանի անունը ուղիղ տալ չէին կարող, իր մեծ քթի պատճառով այդ բառի օգնությամբ իրեն ուղղված բառախաղ անեն:

 

Աբդուլ Համիդից 100 տարի անց՝ 1982թ. զինվորականությունը Թուրքիայում արգելեց կապույտ գույնը: Առիթը զինվորական խունտայի կողմից ժողովրդի քվեարկությանը դրված Սահմանադրությունն էր: Քվեաթերթիկի սպիտակ հատվածում «այո» քվեարկողներն իրենց կնիքը պիտի դնեին, կապույտ հատվածում՝ «ոչ» քվեարկողները: Զինվորականները անգամ արգելեցին ԶԼՄ-ներին շարվածքում գործածել կապույտ գույնը: Նմանատիպ տարօրինակ արգելքներ կային նաեւ 90-ականերին: Փարթամ բեղերով մի խոհարարի կերպարով աղամանները արգելվեցին, քանի որ խոհարարը ...նման էր Աբդուլլա Օջալանին: Դե իսկ 21-րդ դարի ամենաէկզոտիկ արգելքը սահմանվեց Էրդողանի օրոք: Արգելվեց եռանիշ մի թիվ:

Լուսանկարը` Reuters

Պարզաբանում, թե ինչու այդ թիվն արգելվեց: Ինչքան ավտորիտար է Էրդողանը դրսեւորվում, այնքան գահավիժում է թուրքական տնտեսությունը: Մեր դրամապանակները տուժում են նույնքան շատ, որքան մեր ժողովրդավարությունը: Մի ժամանակ Թուրքիան իր երիտասարդ բնակչությամբ շողացող աստղ էր Եվրոպայում, այսօր բնակչությանը պատել է հուսահատությունը: Գործազրկությունը շուտով կհասնի 30%-ի: Հասարակության 88%-ը կարծում է, որ մենք տնտեսական ճգնաժամի մեջ ենք: Երբ Էրդողանի AKP-ն 2002-ին իշխանության եկավ, բնակչության 10% կազմող հարուստ խավին չպատկանող քաղաքացիները վաստակում էին ազգային եկամտի 32%-ը: Այսօր նրանք ստիպված են բավարարվել 18%-ով: Դրա հետեւանքները տեսանելի են փողոցում: Երբ գյուղատնտեսները կարտոֆիլի ու սոխի մնացորդները կարիքավորներին են բաժանում՝ մարդիկ բաժին ստանալու համար կոխկրտում են միմյանց:

 

Փողը բանտերի ու «լյուքս» մեքենաների համար

 

Այն, որ մենք համավարակից հատկապես շատ ենք տուժում՝ նույնպես տնտեսական դժվարություններով է բացատրվում: Արդյունաբերական երկրները «լոքդաունի» են անցնում: Նրանց քաղաքացիները ֆինանսական կորուստների համար փոխհատուցում են ստանում: Թուրքիան չի կարողանում իր քաղաքացիներին նեցուկ լինել եւ միայն ելքի արգելքներ է սահմանում:

Լուսանկարը` Reuters

Այսպիսով, մենք տխուր ռեկորդներ ենք սահմանում. աշխարհի չեմպիոն ենք օրական նոր վարակակիրների թվի բարձրացման առումով: Օրական ունենք մոտ 60 000 նոր վարակակիր ու 300 մահ: Բայց դա չի խանգարել, որ տեղեկատվության նախարարությունը հենց հիմա «Թուրքիայի արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ» վերնագրով բրոշյուր հրատարակի:

Լուսանկարը` Reuters

Իսկ ինչի՞ համար է Էրդողանը հիմա ամենաշատ գումարը ծախսում: Նոր բանտերի՛ համար: Ընդամենը երեք ամսվա ընթացքում 57 մլն եվրո է հատկացվել 6 նոր բանտի կառուցման համար: Բայց դա էլ է քիչ թվում: Մեր կառավարությունը նախատեսում է եւս 39 բանտի կառուցում: Բայց դա դեռ ամենը չէ: Մի քանի շաբաթ առաջ նախագահական պալատը լյուքս դասի 3 մերսեդես է ձեռք բերել: Հարկերը ներառյալ՝ դրանցից յուրաքանչյուրը թուրք ժողովրդին 1,8 մլն եվրո է արժեցել:

 

«Որտե՞ղ է 128 մլրդ դոլարը»

 

Քանի որ մենք գերմանական տնտեսությանն այդքան ուժգին աջակցում ենք, մեզ, բնականաբար, թույլ ենք տալիս գործազրկության մեր խնդրի համար ձեզ մոտ լուծումներ փնտրել: Դուք պիտի որ ըմբռնում ցուցաբերեք դրա համար: Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարող AKP կուսակցության անդամ ղեկավար ունեցող  նվազագույնը վեց համայնքներում գործազուրկները տարբեր պատրվակներով, իբր թե կատարելագործման դասընթացների, մշակութային այցերի, կամ կրոնական ծառայությունների մասնակցելու համար, տարբեր եվրոպական երկրներ են ուղարկում: Ամենից առաջ՝ Գերմանիա: Ընդ որում՝ հատուկ անձնագրերով, որոնք մուտքի այցագիր չեն պահանջում, եւ որոնք թուրքական պետությունը միայն պաշտոնական մանդատ ունեցողներին է տրամադրում: Գերմանիա մեկնածներից գրեթե ոչ մեկը հետ չի վերադարձել:

Լուսանկարը` Reuters

Երբ այս սկանդալը պայթեց, այդ համայնքներից մեկի ղեկավարն այսպես բացատրեց, թե ինչու է նա համաձայնել դա անել. «Մարդիկ գործազուրկ են: Մենք էլ մտածեցինք՝ կգնան այստեղից եւ այնտեղ աշխատանք կունենան: Ես դա ողջամիտ եմ համարում: Գնում են մարդիկ, որոնք այստեղ մնալով՝ պետությանը բեռ կդառնային»:

 

Վերադառնանք Էրդողանի արգելած եռանիշ թվին: Էրդողանը կռիվ է տալիս 128 թվի դեմ, քանի որ հենց այս թվի մասին խոսվում է, հարցեր են առաջանում պետության տնտեսական քաղաքականության մասին: Եվ դա ոչ միայն ընդդիմության ընտրազանգվածի մոտ, այլեւ այն նահանգներում, որտեղ կառավարող AKP-ն ուժեղ դիրքերում է: «Google»-ի փնտրումների վիճակագրությունը վկայում է, թե ինչքան հաճախ է տրվում «Ո՞ւր մնաց 128 մլրդ դոլար» հարցը: Մինչդեռ խնդիրը շատ պարզ է:

 

Մի քանի ամիս առաջ պաշտոնանկ արված էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի (նա էրդողանի փեսան է) հովանու ներքո կենտրոնական բանկի արտարժութային պահուստները «գոլորշիացել» են: Դա քողարկելու համար մի քանի պետությունների հետ, այդ թվում՝ Քաթարի, երկկողմ համաձայնագրեր են կնքվել եւ վարկեր ներգրավելով՝ տպավորություն է ստեղծվել, թե պահուստներն անփոփոխ են: Ընդդիմության համառ հետաքննության արդյունքում պարզվեց, որ 128 մլրդ դոլարը գաղտնի վաճառվել է եւ ի լրումն դրան՝ 60 մլրդ դոլար նոր պարտք է վերցվել: Որ կենտրոնական բանկը իր պահուստներն օգտագործում է արժույթը պահպանելու համար, նորմալ է, բայց նորմալ չէ, երբ դա գաղտնի է պահվում եւ չի տեղեկացվում, թե ում են պահուստները վաճառվել:

 

Այս թեմայով մի մեծ արշավ սկսվեց՝ պարզելու «գոլորշիացած» փողի գտնվելու վայրը: «Ո՞ւր մնաց 128 մլրդ դոլարը» հարցը ընդդիմադիր CHP կուսակցությունը դարձրեց կարգախոս եւ ամենուր ցուցանակի տեսքով ներկայացրեց: Այս արշավը Էրդողանին սաստիկ զայրացրեց: Սկզբում նա այս հարցը չտեսնելու տվեց: Հետո տարբեր կերպ փորձեց պատասխան տալ: Փետրվարին այդ պատասխաններից մեկն այն էր, թե պահուստների մեծ մասը համավարակի դեմ պայքարի համար է ծախսվել: Դրանից երկու շաբաթ հետո, սակայն, առանց 128 թիվը նշելու, նա հայտարարեց. «Անընդհատ հարցնում են, թե որտեղ է այդ փողը: Ամբողջ փողը ազգի գանձանակում  է եւ կենտրոնական բանկում»: AKP փոխնախագահ Նուրեթին Չանիկլին էլ հավելեց. «128 մլրդ դոլարի մի մասը ժողովրդի մոտ է՝ տներում»:

Լուսանկարը` Reuters

Հասարակությունը, սակայն, չբավարարվեց դրանով: Երբ ընդդիմությունը շարունակեց հարցնել, Էրդողանը ոստիկանությունն ու դատական համակարգը ներգրավեց:  «Որտե՞ղ է 128 մլրդ դոլարը» մակագրութամբ ցուցանակներն ու պաստառներն արգելվեցին, քանի որ դրանք նախագահին ուղղված վիրավորանք համարվեցին: Ով նման ցուցանակ էր կախում, դրանով նաեւ իր վզից «կախում» էր ոստիկանական մի հետաքննություն: Հատուկ նշանակության ջոկատները օպերացիաներ էին անցկացնում, գիշերով կռունկներով շենքերի վրայից հեռացվում էին պաստառները: Երբ 128 թիվն արգելվեց, ընդդիմությունը սկսեց պաստառներ ու ցուցանակներ կախել արդեն «Իսկ որտե՞ղ է 256-ի կեսը» մակագրությամբ: Դրանք եւս պատռվեցին ու հեռացվեցին: Այս պատճառով ութ ընդդիմադիր CHP պատգամավորների հիմա սպառնում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելը:

 

Քանի՞ տեղ կունենա ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ CHP-ն պառլամենտում, եթե 136 հոգուց բաղկացած իր խմբակցության այս ութ պատգամավորներն իսկապես զրկվեն անձեռնմխելիությունից: Ճի՛շտ 128...

 

Գերմաներենից թարգմանեց Իրինա Ղուլինյան-Գերցը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին