Սերժ Սարգսյանը պատասխանել է «Իլհամ կեղծարարին» - Mediamax.am

2015 դիտում

Սերժ Սարգսյանը պատասխանել է «Իլհամ կեղծարարին»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ղեկավարը 2 շաբաթ ժամանակ էր խնդրել տարածքները վերադարձնելու համար:

«Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու  փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը  դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել եւ իբրեւ ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները:

 

Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետեւողականորեն կրկնել այնքան, մինչեւ դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:

 

Եթե Սերժ Սարգսյանը երբեւէ որեւէ բան խոստացել է Իլհամ Ալիեւին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի  եւ Արցախի միջեւ անխափան եւ հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:

Դիվանագիտական ճակատում եւ պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիեւի ներկայիս ոգեւորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգեւորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.

 

Սերժ Սարգսյանը, ըստ Ալիեւի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, եւ Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միեւնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետեւում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

 

Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ», - ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին