Թուրքիան «խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը» - Mediamax.am

2029 դիտում

Թուրքիան «խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան «խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը»:

Ինչպես հայտնել է «Անադոլու» գործակալությունը, այս մասին այսօր Բուդապեշտում  ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ Հունգարիայի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձերին, դա վերաբերում է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

 

«Զինվորականների կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալումն անընդունելի է: Մենք խստորեն դատապարտում ենք ոչ միայն հեղաշրջման փորձը, այլեւ ընտրված կառավարության հրաժարականի պահանջները»,- ասել է Չավուշօղլուն:

 

Նա նշել է, որ այսօր Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության պայմաններ են ստեղծվել, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործվի:

 

«Հեղաշրջումների փորձերը վնասակար են երկրների կայունության համար: Այդ պատճառով մենք դեմ ենք իրադարձությունների նման զարգացմանը: Անկարան չի ունեցել որեւէ շփում հայկական կողմի հետ: Մենք իմացել եւ հետևում ենք իրադարձություններին լրատվամիջոցներից: Թուրքիան հավատարիմ է նման հարցերի շուրջ իր սկզբունքային դիրքորոշմանը. մենք դեմ ենք իշխանության զավթման ցանկացած ձեւին»,- ասել է Չավուշօղլուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին